Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասներորդից հետո վիրահատությունները այլեւս չենք հաշվել». Արտավազդ Սահակյանի բուժառու Հասմիկ Թադեւոսյան

Մարտ 18,2026 16:51 Share

«Արտավազդ Սահակյանն ինձ սկսեց վիրահատել իմ չափահաս դառնալուց հետո, երբ արդեն 18 տարեկան էի։ Դիմածնոտային շատ մեծ ու լուրջ խնդիր էր։ Նախ, բժշկական սխալ։ Նա ուրիշի սխալն էր ուղղում, ինչն արդեն չափազանց բարդ էր»,- Aravot.am-ին պատմեց «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության կլինիկայի նախկին ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի նախկին վարիչ  Արտավազդ Սահակյանի բազմաթիվ բուժառուներից մեկը, գեղեցկատես Հասմիկ Թադեւոսյանը Թեքեյան կենտրոնում կազմակերպված մեծարման հուշ-երեկոյի ժամանակ։

«Առաջին վիրահատությունը տեւեց 9,5 ժամ։ 3-րդ կամ 4-րդ օրը նոր կարողացա գիտակցության գալ, ինչ-որ բաներ հասկանալ։ Կարող եմ ասել՝ մոտ 15 տարի վիրահատվել ենք։ Քանի վիրահատություն է արել բժիշկը, ասել չեմ կարող։ 10-րդից հետո որոշեցինք այլեւս չհաշվել։ Արդեն իմաստ չկար։ Չորրորդ վիրահատությունից հետո Արտավազդ Բագրատիչը որոշեց վիրահատություններն անել տեղային անզգայնացումով, որովհետեւ այդքան նարկոզ արդեն չէր կարելի, հակացուցված էր։

Առաջին անգամ տեղային անզգայնացմամբ վիրահատվելը հոգեբանորեն շատ դժվար էր։ Ամեն ինչ զգում ես, ցավ էլ ես զգում։ Բայց եւ վստահում ես։ Մի օր, մի պահ չի եղել, որ երկուսս էլ կամ կասկածենք, կամ հաշտվենք։ Ինչ հնարավոր էր, արվում էր։ Հիշում եմ, մի անգամ տեղային անզգայնացման տակ Արտավազդ Բագրատիչը, որ պետք է շերտ-շերտ շրթունքս հավաքեր, ինձ ասաց. «Դու ինձ պիտի օգնես։ Քեզանից է կախված՝ շերտերը կկպնե՞ն, թե չէ։ Նայեցի նրա դեմքին։ Այնքան վստահություն կար, որ ես ամեն բան արեցի։ Բայց արդեն ոչ այնքան իմ համար, այլ որպեսզի նրա ջանքերն արդարացնեմ, որ արդյունք ստացվի։ Ու եղավ։

Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, բայց հիշում եմ վիրահատության սեղանի վրա իր հետ մեր պայքարելու պահերը, երբ ինքը վիրահատում էր, իսկ ես… Իրար օգնում էինք, երբ բժիշկ-հիվանդ կոնտակտն անմիջականորեն կա, երբ ես իր շնչառությունն եմ զգում, իսկ ինքն իմ ցավն է զգում։ Ինչքան սրսկում, ցավազրկում էր, միեւնույն է, ցավը կար։ Դա տեղայինի առանձնահատկությունն է։ Եվ ես ոչ թե տվյալ պահին իմ համար էի լռում, այլ որպեսզի ինքը թեթեւ վիրահատի։

Սրանք շատ խորը զգացումներ են, որը կապում է։ Ես, երիտասարդ աղջիկ՝ երազանքներով, ապրումներով երեւի իմ ծնողներին այդքան չէի վստահի, բայց բժիշկ Սահակյանին վստահում էի։ Արտավազդ Սահակյանը արեց հնարավոր ամեն բան։

Մի բան էլ հիշեցի։ Առաջին անգամ, որ գնացինք նրա մոտ, 1998 թվականն էր։ Մայրս ասաց, որ ֆինանսապես երեւի չենք ձգի։ Ու գիտե՞ք ինչ պատասխանեց Արտավազդ Բագրատիչը։ Ասաց. «Տիկին, կարեւորը երեխայի առողջությունն է»։ Ու մի օր զգացնել չի տվել, որ բոլոր վիրահատությունները, ամեն ինչ անում էր անվճար։

Նա շատ բարդ իրավիճակներում էլ է հայտնվել, երբ իրեն նեղում էին։ Հոգեպես, կարծես, պատրաստ չպետք է լիներ, բայց վիրահատում էր, որպեսզի պրոցեսը հետ չընկնի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031