«Քանի դեռ հայ ռազմագերիները պահվում են Բաքվում, խաղաղության բանակցություններն իրականում խաղաղության բանակցություններ չեն, դրանք ճնշման ներքո են։ Սրա մասին բարձրաձայնում է Շվեյցարիան, պետք է բարձրաձայնի նաև Հայաստանը»,- «Ազգի» հարցին՝ ի՞նչ գործիքակազմ կարող են օգտագործել Շվեյցարիան և Հայաստանը Իլհամ Ալիևին ստիպելու համար, որպեսզի նա ազատ արձակի հայ ռազմագերիներին և արդյոք հենց նրանց ազատ արձակումը չպե՞տք է լինի խաղաղության հաստատման նախապայմանը, Ժնևի մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ժուել Վելդկամպը։
Նա փաստեց՝ Ադրբեջանը պահում է 20 հայ ռազմագերիներին, որպեսզի ՀՀ-ից զիջումներ կորզի։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գառնիկ Գևորգյանը, քննադատելով Ադրբեջանին, որ դադարեցրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, նշեց․ «Ադրբեջանը վտարել է միջազգային հիմնարար հումանիտար առաքելությանը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հայ ռազմագերիներին թողնելով առանց միջազգային որևէ անկախ, մարդասիրական միջազգային վերահսկողության։ Կարևոր է, որ խաղաղությունը կառուցվի հենց միջազգային իրավունքի նորմերի սահմաններում։ Վտարելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Ադրբեջանը հակասում է դրան։
Ադրբեջանի՝ այս գործունեության նկատմամբ լռությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար և բարձրացնում նրա անպատժելիությունը։ Մի երկիր, որը Շվեյցարիայի հետ ոչ միայն ունի դիվանագիտական հարաբերություններ, այլև խորը ֆինանսական համագործակցություն, իրեն թույլ է տալիս արհամարհել և վտարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իր երկրից։ Սա շոկ է, Շվեյցարիայի քաղաքացիները սա չեն հանդուրժի։
Կարդացեք նաև
Կարծում եմ՝ կարևոր է ճնշում գործադրել, որ խաղաղությունը կառուցվի մարդու հիմնարար իրավունքների սահմանների ներքո, որի դեպքում կարող է լինել լիակատար և երկարատև խաղաղություն։ Չկա մեկը, որը խաղաղությանը դեմ լինի։ Հարցն այն է, որ հիմա, երբ օգտագործվում է խաղաղության բառապաշարը, դա Ադրբեջանի՝ հետագա անպատժելիությունը ծածկելու համար է։
Աշխարհի վրա չեք գտնի մի տեղ, որտեղ էթնիկ զտման հիմքի վրա խաղաղություն է հաստատվել։ Պետք է լուծում գտնել, բայց չի կարելի ձևացնել, թե խնդիր չկա։ Քանի դեռ չեն լուծվել մարդու հիմնարար իրավունքները, խաղաղություն չի կարող հաստատվել՝ ներառյալ ռազմագերիների ազատ արձակման հարցը, ներառյալ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը, որն այս պահին վտանգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Պետք չէ ուղղակի օգտագործել խաղաղության դիվանագիտական բառապաշարը, այլ պետք է կառուցել հիմնարար խաղաղություն՝ հիմնարար արժեքների վրա հիմնված, բայց այժմ մենք ականատես ենք, որ Ադրբեջանը շարունակաբար իրացնում է իր անպատժելիությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































