Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլով համակարգում ներառվել է շուրջ 1,6 մլն քաղաքացի

Մարտ 18,2026 17:20 Share

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նա նշել է, որ 2025 թվականին ընդունվել է Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից, եւ առաջին փուլով համակարգում ներառվել է շուրջ 1,6 մլն քաղաքացի: Նրանք են՝ մինչեւ 18 տարեկանները, 65 եւ ավելի տարիքի անձինք, 200.001 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացող, հաշմանդամության կարգ ունեցող եւ անապահովության համակարգում ներառված քաղաքացիները:

Նշվել է, որ 2025 թվականին առաջին անգամ իրականացվել է մասնագիտական անհատական լիցենզավորման գործընթացը, եւ այս տարի շարունակվելու է գործող մասնագետների լիցենզավորումը:

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշել է, որ հիվանդությունների դեմ ուղղված կարեւորագույն միջոցառումների իրականացման արդյունքում նվազել է սիրտ-անոթային, քաղցկեղով ու դիաբետով հիվանդությունների մահացության թիվը: Մոր եւ մանկան առողջության ոլորտում 2025 թվականին եղել է մայրական մահացության մեկ դեպք:

Նախարարն անդրադարձել է նաեւ կարեւոր մի քանի սքրինինգային ծրագրերի եւ տեղեկացրել, որ դրանց մեկնարկից հետո գրանցվել են բավականին լավ արդյունքներ: Նա տեղեկացրել է, որ 2026 թվականի արդիականացման ծրագրի շրջանակում պետությունը հավելյալ մամոգրաֆիկ սարքավորումներ է գնել: Նշվել է, որ տարվա ընթացքում նախատեսվում է նաեւ մարզային ընդլայնում:

2025 թվականին նաեւ դեղերի հասանելիությունն է ընդլայնվել: Շարունակվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքները: «Առողջ ապրելակերպի խթանումն ավելի ու ավելի մեծ տեղ է գրավելու մեր օրակարգում: Այս մասով միջոցառումներն ուղղված են եղել թե՛ երեխաների, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների վարքագծային փոփոխությանը: Հաջորդիվ էլ առողջ ապրելակերպի խթանումը եւ վարքագծի ամենացանկալի ձեւը մեզ համար ռազմավարական ուղղություն է լինելու»,- ասել է նախարարը:

Լրջագույն ձեռքբերումներ են եղել նաեւ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում: Մինչեւ 1 տարեկան երեխաների պատվաստումներում ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95,1 տոկոս, մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ընդգրկվածությունը՝ 48 տոկոս, ներդրվել է ջրծաղկի նոր պատվաստանյութը, որը եւս ունեցել է մեծ ընդգրկվածություն:

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում սպասարկվել է 7722 շահառու, ծնվել է 561 երեխա: Նախարարը տեղեկացրել է, որ քննարկվում է այս ծրագրի ընդլայնման հարցը. վերանայվելու է տարիքային շեմը: Կառավարության որոշման նախագիծը, ըստ նախարարի, շրջանառության փուլում է:

2025 թվականին բարեփոխվել է նաեւ շտապ բուժօգնության ծառայությունը: Բարելավվել է ծառայության հասանելիությունը, մարզերում ավելացվել է մասնագետներով հագեցած շտապ օգնության բրիգադների թիվը, բարելավվել է նաեւ կանչերի սպասարկման միջին ժամանակը:

Նախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031