Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաձիգի ու սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի լուսանկարներ են հայտնաբերվել Նարեկ Օհանյանի հեռախոսում

Մարտ 18,2026 17:24 Share

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, այսօր հետազոտվեց Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Նարեկ Օհանյանի բջջային հեռախոսում առկա տեղեկատվությունը:

Նարեկ Օհանյանը խնդրեց անձնական լուսանկարները դռնփակ նիստով հետազոտել, դատարանը բավարարեց խնդրանքը: Իսկ ոչ անձնական լուսանկարների շարքում կային ինքնաձիգի եւ Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մի քանի լուսանկարներ,  ընկերներով խմբակային լուսանկար, որտեղ կար գործով անցնող մյուս մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը:

Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն արձագանքեց՝ պարզաբանելով, որ բջջային հեռախոսում առկա տեղեկատվության հետազոտությունը ցույց տվեց, որ ոչ բաց, ոչ բջջային հավելվածներով Գեւորգ Հարությունյանի եւ Նարեկ Օհանյանի միջեւ կապ չի հաստատվել:

Անդրադառնալով ինքնաձիգի լուսանկարին՝ փաստաբանն ասաց, որ համապատասխան փուլում միջնորդել են, որ հետազոտվի այն հեռախոսը, որի հետազոտման պարագայում պարզ կդառնալ, որ նշված ինքնաձիգը Նարեկ Օհանյանի կողմից հեռախոս ներբեռնվել է փետրվարի 5-ին, այսինքն, երբ սպանության դեպքի հետ կապված Նարեկ Օհանյանը փորձել է ուսումնասիրել, թե սպանությունն ինչ հրազենով է կատարվել ու դա կապ չունի Կարեն Աբրահամյանի ու Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ:

Փաստաբանը վստահեցրեց, որ Վալոդյա Գրիգորյանի լուսանկարն էլ չի ներբեռնվել Նարեկ Օհանյանի կողմից հեռախոսի՝ իր տիրապետության տակ գտնվելու ընթացքում, այլ անձանց կողմից է կատարվել, երբ այդ հեռախոսը Օհանյանի տիրապետության ներքո չի եղել: Փաստաբանն ասաց՝ փորձաքննություն է միջնորդելու, որ նշանակվի այդ մասով: Փաստաբանը նաեւ շեշտեց, որ քննիչը բջջային հեռախոսի պարունակությունը հետազոտելիս ինքնաձիգն ու Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը կողքի կողքի է համադրել՝ տպավորություն ստեղծելով, որ դրանք իրար հետ կապ ունեն, մինչդեռ Նարեկի հեռախոսում այդպիսի լուսանկարների համադրություն չի եղել:

Հանրային մեղադրողը ճշգրտեց, որ Վալոդյա Գրիգորյանի լուսանկարը բբջային հեռախոս է ներբեռնվել դեպքից երկու օր առաջ:

Հիշեցնենք, որ գործով անցնում են՝ 20-ամյա Գևորգ Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վալոդյա Գրիգորյանը սպանվել էր 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանի իր նորակառույց տան մոտ սպանվել է: Նրա հետ միասին սպանվել էր նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031