Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանսը կատարելուց հետո՝ առաջարկեցին Միլետա Ղազանչյանին մասնակցել երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին՝ Բելգիայում

Մարտ 18,2026 17:42 Share

Հաճախ կոմպոզիտորների, հատկապես երիտասարդ, ստեղծագործությունները մնում են թղթի վրա։ Մինչդեռ ժամանակակից երիտասարդին ստեղծագործական մեկնարկի համար անհրաժեշտ են մի շարք գործոններ, պարտադիր պայմաններ, այդ թվում՝ հեղինակավոր կարծիքներ, որոնց վերջերս արժանացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրիատի կոմպոզիցիայի բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Միլետա Ղազանչյանը։

Նա մասնակցեց Երիտասարդ կոմպոզիտորների XII մրցույթին, նվիրված Ալֆրեդ Շնիտկեի և Սվյատոսլավ Ռիխտերի հիշատակին։ Մրցույթն անցկացվում էր «Արվեստի ձմեռային միջազգային XIX փառատոնի» շրջանակում, որի գեղարվեստական տնօրենն էր մաեստրո Յուրի Բաշմետը։

Միլետան ներկայացավ իր Վեց դաշնամուրային մանրանվագներով և Լարային քառյակով։ Միջազգային ժյուրին դրանք ուսումնասիրելուց հետո, առաջարկեց երիտասարդ կոմպոզիտորին ուղարկել ևս մի քանի ստեղծագործություն։ Իսկ պատասխանը՝ ուսանողուհու ստեղծագործական մեկնարկի բարձր գնահատական էր։ Կազմակերպիչները առաջարկեցին հանել մրցույթից հայտը և մասնակցել Միջազգային Ակադեմիայի ստեղծագործական աշխատանքներին։ Նշենք, որ վերջին շրջանում նման հաջողություն չենք մտաբերում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով Aravot.am-ը զրուցեց արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Ավետիսյանի հետ:

Խնդրում ենք, նախ ներկայացնել այդ Ակադեմիան:

-Առաջին հերթին նշենք, որ Ակադեմիա հրավիրվում են լավագույնները։ Ընտրված յոթ երիտասարդները մեկ շաբաթվա ընթացքում մասնակցում էին վարպետության դասերի, որը վարում էին մրցույթի միջազգային ժյուրիի անդամները։ Ժյուրիի կազմը Գերմանիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Չինաստանից և Հայաստանից հրավիրված մեծանուն կոմպոզիտորներ էին։ Իսկ ժյուրիի նախագահը կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին էր՝ ՌԴ ժողովրդական արտիստ, Կոմպոզիցիայի դեպարտամենտի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ։ Նրանք նախապես ուսումնասիրում էին երիտասարդների գործերը, կազմակերպում քննարկումներ։ Միլետայի կարծիքով, այս կրթական ընթացքի ամենահետաքրքիր բաժինը ստեղծագործական առաջադրանքն էր։

-Ի՞նչ առաջադրանքի մասին է խոսքը։

-Երիտասարդները պետք է 3 օրվա ընթացքում գրեին նոր ստեղծագործություն՝ ռոմանս կամ խմբերգ, ռուս պոետի խոսքերով։ Լավագույն նոր ստեղծագործությունները կատարվելու էին տեղում, քանի որ փառատոնի մասնակից համապատասխան կոլեկտիվները պատրաստ էին դա իրականացնել։

 -Ո՞ր կոլեկտիվները։

-Երաժշտական այդ կոլեկտիվները բազմաժանր էին՝ սիմֆոնիկ նվագախմբեր, երգչախմբեր… Ի դեպ, մասնակից երգչախմբերից մեկի ղեկավարը մեր կոնսերվատորիայի բարեկամ՝ Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Ռիժինսկին էր։ Նա ղեկավարում էր Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային երգչախումբը։ Փառատոնի համերգների ընթացքում հնչեցին Կոմիտասի և Վաչե Շարաֆյանի խմբերգերը։

-Վերադառնանք կոնսերվատորիայի ուսանողի մասնակցությանը։

-Երիտասարդ կոմպոզիտորները, հիմնականում, գրեցին ռոմանսի ժանրում, այդ թվում և մեր Միլետան։ Ռոմանսը կատարելուց հետո, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոդյուսեր Պատրիկ դե Կլերկը առաջարկեց Միլետային մասնակցել երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին՝ Բելգիայում։ Իսկ, նման հրավեր ստացան մասնակիցներից միայն երեքը։

Այս հաղթանակը նաև հոբելյանական նվեր էր Միլետայի մասնագիտության՝ կոմպոզիցիայի ղեկավար պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևին։

-Գիտենք, որ պրոֆեսորի ծննդյան 80-ամյակը կնշվի այս տարի:

-Այո, այս տարին արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ, կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի համար հոբելյանական է, որը փաստորեն սկսվեց նրա մասնագիտական դասարանի ներկայացուցչի մեծ հաջողությամբ։ Իսկ մեր կոմպոզիտորը ճանաչված և գնահատված է։ Մի բան էլ՝ Միխայիլ Կոկժաևն էր ներկայացնում Հայաստանը Երիտասարդ կոմպոզիտորների XII մրցույթի ժյուրիի կազմում։ Կոկժաևն այն կոմպոզիտորն է, որը խոսում է ժամանակակից երաժշտական լեզվով՝ հիմնված դասական ավանդույթների վրա: Նրան բնորոշ են ազգային երաժշտության հանդեպ ունեցած հավատարմությունը, տարբեր դարաշրջանների ոճական առանձնահատկությունների և նվագախմբային գրչի փայլուն տիրապետումը: Կոմպոզիտորը ստեղծում է բազմաչափ հնչող տիրույթներ՝ ժամանակի ընկալումն ամրագրելով և՛ ֆիզիկական, և՛ փիլիսոփայական տեսանկյուններից։ Կոկժաևի մասին դեռ հաճախ կխոսենք այս հոբելյանական տարվա ընթացքում և, ամենակարևորը, կլսենք նրա մեծակտավ ստեղծագործությունները։ Այս պահին փաստենք՝ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի ծննդյան 80-ամյա հոբելյանական տարվա ՝ պարծանքի արժանի հաջողությունը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031