Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դատիր, որ չդատվես, իշխանության պատվերը մի՛ կատարիր, ի՞նչ է արել Միքայել Սրբազանը»․ բացականչում էին ներկաները

Մարտ 18,2026 19:15 Share

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարության ժամանակ փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին բողոք ներկայացրեց առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Նա ասաց, որ դատական ակտով թույլ են տվել բազմաթիվ փաստական սխալներ, և որ այդ որոշումը ենթակա է բեկանման։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ սա բացառիկ բողոքներից է, որտեղ բազմաթիվ խախտումներ կան․ քրեական հետապնդման հիմքերի առկայության դեպքում դատարանը չի դադարեցրել քրեական հետապնդումը, խախտվել են արդար դատաքննության, պատշաճ ապացուցման սկզբունքները, անմեղության կանխավարկածը, դատարանը հաստատել է անորոշ մեղադրանքը։

«Դատարանը փոխել է մեղադրանքի փաստական հիմքը և ինքն է ձևավորել նոր մեղադրանք», — ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ մեղադրանքի կողմը բառ անգամ չի ասել այն մասին, որ մեղսագրվող արարքի կատարման վայրը նախաքննությամբ բացահայտված չէ, մինչդեռ դատարանը նշել է, որ վայրը բացահայտված չէ։

Այս միջոցով, ըստ փաստաբանի, նախագահող դատավորն ամեն ինչ արել է, որ գործը պահի իր վարույթում, դրա ապացույցը ենթադրյալ հանցանքի կատարման վայրի մասին տեղեկության չհստակեցումն է։ Այս դեպքում ենթադրյալ արարքը կատարվել էր Գյումրիում, հետևաբար այն պետք է քննվեր Գյումրու դատարանում։ Փաստաբանը կասկածի տակ դրեց դատավորի անաչառությունը։

Նա ասաց, որ Միքայել Սրբազանի խոսքերը հնչել են Գյումրիում, բայց և այնպես նշել են, թե արարքը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում։

«Սա ինչու եմ ասում․ առաջինը՝ հանցանքի կատարման վայրում դատարանում պետք է քննվի, և երկրորդը՝ եթե նախաքննության ընթացքում չի բացահայտվել, թե որտեղ է կատարվել արարքը, այդ ժամանակ նախաքննության կատարման վայրի դատարանում պետք է քննվի։ Պաշտպանական կողմը հստակ ապացույցներ ներկայացրեց, որ ենթադրյալ արարքը կատարվել է Գյումրիում, իսկ դատարանը, մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը, իր որոշմամբ պատճառաբանել է, որ նախաքննության ընթացքում մեղսագրվող արարքի կատարման վայրը չի բացահայտվել», — ասաց Երեմ Սարգսյանը։

Ըստ նրա՝ քննիչն ու դատախազը մեղադրական եզրակացության մեջ սխալմամբ կամ դիտավորյալ կարող էին ենթադրյալ արարքի կատարման իրենց նախընտրած վայրը նշել կամ ընդհանրապես չնշել, իսկ մի՞թե դատավորը տվյալ դեպքում պիտի ասեր, թե հանցանքի կատարման վայրը պարզ չէ։ Նա պնդեց, որ նման կերպ առաջնորդվող դատարանը չի կարող լինել անաչառ։

Երեմ Սարգսյանը նշեց, որ մեղադրողն ասում է՝ բացահայտված է, փաստաբանական խումբն ասում է՝ բացահայտված է ենթադրյալ արարքի կատարման վայրը, ապացույցները կան, դատարանն ասում է՝ չէ, բացահայտված չէ։ «Ինչո՞ւ է այդպես ասում, որ ամեն գնով պահի, ինքը քննի։ Մենք էլ ասում ենք՝ դուք կաշկանդված եք, ամեն ինչ անում եք, որ գործը մնա ձեր վարույթում», — ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ դատարանը փորձ անգամ չի արել պարզելու, թե որտեղ է կատարվել ենթադրյալ արարքը, մինչդեռ իրենք «ՉԱՊ» ՍՊԸ ընկերությունից, այն է՝ ԳԱԼԱ-ից, վերցրել են գրություն, որ «Իշխանությունը փոխելու երեք տարբերակ կա, երեքն էլ անհնար է․ միակ փրկությունը հասկանալ, որ հիվանդ ենք» վերնագրով տեսանյութը նկարահանվել է Գյումրիում։

Իսկ news.am գործակալությունից տրամադրված գրությամբ հայտնել են, որ Միքայել Սրբազանի հետ հարցազրույցը նկարահանվել է Գյումրիում՝ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում։

Ըստ Երեմ Սարգսյանի՝ մեղադրող կողմը ներկայացնում էր, թե սա հարցազրույց է եղել, մինչդեռ սա եղել է քննարկում։

Դատախազը ենթադրյալ արարքի կատարման վայրի հետ կապված առարկություն ներկայացրեց՝ ասելով, որ այստեղ կարևոր է ոչ թե խոսքի արտահայտման վայրը, այլ դրա ազդեցությունը, և որ Սրբազանի խոսքը կոնկրետ ուղղված է եղել ամբողջ ՀՀ բնակչությանը, ոչ թե երկրի մոլորակին, ինչպես ներկայացվում է, թե համացանցով տարածվելու դեպքում այն արդեն իսկ ուղղված է ողջ երկիր մոլորակին։

Դատախազը նաև նշեց, որ Միքայել Սրբազանը, եթե անգամ հարցազրույց չի տվել, միկրոֆոնը նրա դիմաց դրված էր, և նա գիտեր, որ իր խոսքը չորս պատերի մեջ չի մնալու։

Փաստաբան Արա Զոհրաբյանը ևս նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ապացուցման ենթակա են ժամանակը, տեղը և հանգամանքները։ «Եթե իրենց տրամադրությամբ այդ կոչերը կատարվել են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, հարց է առաջանում՝ այդ կատարողն ով է և երբ է կատարել», — ասաց Արա Զոհրաբյանը։

Նա նաև ասաց, որ Մկրտիչ Սրբազանի դեպքում թեև նախաքննությունն ընթացավ Երևանում, բայց գործը քննվել է Արագածոտնի դատարանում։

Երեմ Սարգսյանն էլ մեջբերեց մեղադրանքի այն հատվածը, որտեղ նշված է, թե Միքայել Սրբազանը ենթադրյալ արարքը կատարել է լրատվական միջոցները, հաղորդակցման միջոցներն օգտագործելով։ Նա հարցրեց՝ եթե հիմա դատական նիստի պահին Միքայել Սրբազանը գիտի, որ նկարահանում են նիստը, օգտագործո՞ւմ է լրատվական միջոցները։ «Այդ արարքի համար ոչ մի նշանակություն չունի՝ հրապարակվեց, չհրապարակվեց, քանի հոգի տեսան, չտեսան», — ասաց Երեմ Սարգսյանը։

Դատական նիստը հետաձգվեց։

Դատարանի դահլիճում հավաքվածները բացականչեցին․ «Միայն արդարացում Սրբազանին, պահանջում ենք արդարացում»։ Մասնակիցներից մեկն էլ հարցնում էր դատավորին՝ «Ի՞նչ է արել Միքայել Սրբազանը, որ դատում եք»։

Ներկաները պահանջում էին նաև դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակումը։

«Մի դատեք, որ չդատվեք, իշխանության պատվերն էլ չկատարեք», — բացականչեց մասնակիցներից մեկը։

Նրանք աղոթեցին՝ «Հայր մերը» հնչեցնելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031