Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնաճնշումներն ազդել են մտածողության վրա․ հասարակության 30-40%-ի մոտ զգացվում է զգուշություն՝ մի բան չասեն, հետո խնդիր առաջանա». Խորհրդային տարիներից մինչև մեր օրեր

Մարտ 18,2026 23:20 Share

«Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը ժամանակագրության, փաստաթղթերի և անհատական պատմությունների միջոցով ներկայացնում է, թե ինչպես են խորհրդայնացումը և պետական տեռորը ԽՍՀՄ-ում կապված ազգային հարցի հետ, ինչպես մարդիկ դիմադրություն են ցուցաբերել խորհրդային քաղաքական նարատիվներին և ինչպես են այս իրադարձությունները հիշատակվում այսօր անկախ Հայաստանում։

Ցուցահանդեսը մարտի 13-ից ներկայացված է «ՀայԱրտ» կենտրոնում և բաց կլինի մինչև ապրիլի 1-ը։

Այն բացվել է Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաևա» կենտրոնի և «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ անցկացվող «Fear-Less-Hope․ շրջանակելով ժամանակը» հայ-գերմանական արվեստի փառատոնի շրջանակներում։ Փառատոնի օրակարգը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր և գիտական համաժողով։

«Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» ցուցադրության շրջանակում ներկայացված են նաև արխիվային նյութեր, անձնական փաստաթղթեր, և այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու վիդեոների և արտեֆակտների ցուցադրությանը։

«ՀայԱրտ» կենտրոնի նախագծերի համակարգող Մարգարիտա Սիրունյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց՝ բացի պատմական ակնարկներից և տեքստերից, ցուցահանդեսում ներկայացված են նաև իրական տարբեր իրեր․ «Անձամբ ինձ համար մեծ բացահայտում էր, օրինակ, տեսնել Գուրգեն Մահարու կոշիկները կամ Կամսարի ակնոցները։

Այս ցուցահանդեսը հետաքրքիր է ոչ միայն միջազգային այցելուների, այլև Հայաստանում ապրող հայերի համար, քանի որ մենք՝ ինքներս հաճախ բավարար չափով տեղեկացված չենք այս ժամանակաշրջանի մասին։ «Մեղադրանքը՝ հայ» ցուցադրության համադրող արվեստագետ, հետազոտող Աննա Մարգոլիսը կատարել է շատ խոր հետազոտություն՝ աշխատելով նաև մարդկանց հետ, որոնք անձամբ ենթարկվել են խորհրդային բռնաճնշումների»։

Սրահի տարբեր անկյուններ տարբեր պատմություններ ունեն։ Ցուցադրության ամենաուշագրավ հատվածներից է 1915-ից մինչև 2026-ը հայերի հանդեպ եղած բռնաճնշումների տարեթվերի պատը։ Ներկայացված է, թե որ թվականին ինչ է տեղի ունեցել և ինչպես։

Բռնաճնշումները արտացոլվում են նաև անձնական իրերում։ Ներկայացված են Գուրգեն Մահարու երկարաճիտ կոշիկները, որոնք նա կրել է Սիբիրում։ Իսկ փոքրիկ լաթե տիկնիկ-ասեղամանը, որը լցված էր բանտարկյալ կանանց մազերով, ճամբարում կարել և պահպանել է Սերիկ (Սիրուհի) Դավթյանը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանի հիմնադիրը։ Նա Հայաստանից միակ կին բռնադատվածն է, որին դատապարտել են այսպես կոչված ստալինյան ցուցակներով։

Սեղանին նաև մի ակնոց կար, որը, որքան էլ զարմանալի թվա, պատկանում էր Լեռ Կամսարին. մեծագույն երգիծաբանից մնացած քիչ իրերից է։

Ճամփորդական պահարանը, որը պատկանել է Փարիզի բնակիչ Ա. Թադավորյանին, ցուցադրության մի մասն էր կազմում։ Պահարանի դարակների վրա հարցեր էին գրված, և այցելուներից յուրաքանչյուրը կարող էր գրի առնել իր մտորումներն ու դնել համապատասխան դարակի մեջ։ Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդայնացումը՝ որպես զավթում, բռնակցում կամ փրկություն բնորոշումներին, կամ արդյոք կարիք կա՞ բռնաճնշումների թանգարան ստեղծելու, ՊԱԿ-ի արխիվների ամբողջական գաղտնազերծման և այլն։

Aravot.am-ը այս առիթով զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում նման ցուցահանդեսների դերը պատմական հիշողության պահպանման տեսանկյունից։

-Ընդհանուր առմամբ կարևոր է, բայց պետք է ասել՝ ցուցահանդեսները շատ բաների վրա չեն ազդում։ Մեր թանգարանային մշակույթը ավելի շատ գիտելիքի պահպանման վրա է հիմնված, ոչ թե տարածման։ Ցուցահանդեսները հաճախ մնում են նեղ շրջանակների համար։ Դա մի միջոց է, որ հետազոտական միտքը համախմբվի, և մամուլը որոշ տեղեկություն փոխանցի։ Աշխարհում այսօր թանգարանները ավելի ինտերակտիվ են։ Օրինակ՝ կարելի է ներկայացնել ոչ միայն առարկաներ, այլև տոներ, մշակույթ, մասնակցային ձևաչափերով։ Այդ դեպքում թանգարանները ավելի մեծ դեր կունենան հասարակության կյանքում։ Այս պահին ցուցահանդեսները ավելի շատ վավերացնում են որոշակի նեղ հետաքրքրություններ, և լայն հասարակությունը հաճախ մնում է դրանցից դուրս։

-Ինչպե՞ս կարելի է ձևավորել կոլեկտիվ գիտելիք, երբ հասարակության մի մասը տեղյակ չէ այս պատմական իրադարձություններից։

Կոլեկտիվ գիտելիքի ձևավորման հիմնական պատասխանատուն դպրոցն է։ Դասագիրքը, ուսուցիչը և կրթական համակարգը փոխանցում են այն հիմնական գիտելիքը, որը պետք է ունենա հասարակությունը։ Բայց այստեղ կա խնդիր․ կրթական համակարգը նաև քաղաքական ազդեցության տակ է։ Յուրաքանչյուր պետություն որոշում է, թե ինչ գիտելիք պետք է փոխանցի իր հասարակությանը։ Նախկինում՝ հատկապես փակ հասարակություններում, տեղեկատվությունը հիմնականում պետությունն էր ձևավորում։ Այսօր, երբ տեղեկատվության աղբյուրները շատ են և հաճախ իրար հակասում են, առաջանում է մի տեսակ քաոս։ Այս պայմաններում միասնական, շարունակական գիտելիքի ձևավորումը ավելի բարդ է դառնում։

-Ինչո՞ւ է կարևոր այսօր վերանայել խորհրդային շրջանի իրադարձությունները։

Այս թեման վաղուց է ուսումնասիրվում։ Արդեն մի քանի ցուցահանդեսներ են կազմակերպվել, գրքեր են գրվել, արխիվային նյութեր են շրջանառության մեջ դրվել։ Սակայն խնդիրն այն է, որ մենք դեռ բավարար չափով չենք գրում և չենք ներկայացնում այդ թեմաները։ Մինչդեռ այլ երկրներ ակտիվորեն ձևավորում են իրենց պատմական ներկայացումները։ Օրինակ՝ միջազգային մակարդակում շրջանառվում են տարբեր թեզեր, որոնց հակազդելու համար անհրաժեշտ է պատրաստվածություն, գիտելիք և երկարաժամկետ աշխատանք։

-Արդյո՞ք խորհրդային տարիներին ձևավորված մոտեցումները դեռ ազդեցություն ունե՞ն մեր հասարակության մտածողության վրա։

Խորհրդային միությունում ձևավորված մոտեցումները բազմապրոֆիլ են։ Քանի որ ցուցահանդեսը կապված էր Հայաստանում եղած բռնաճնշումների հետ, պետք է ասել, որ այդ բռնաճնշումները դեռ ազդեցություն ունեն մեր հասարակության մտածողության վրա։ Ես շատ վստահ չեմ, որ ամբողջական պատասխան կտամ, բայց խնդիրն այն է, որ մեր հասարակությունը այդ բռնաճնշումների մասին շատ քիչ բան գիտի։ Ընդհանուր ֆրազներով գիտի, որ եղել է «37 թիվը», գիտի, որ մարդկանց տարել են, ոմանք մինչև հիմա մտածում են՝ երևի մի բան եղել է, որ տարել են։ Իրականում դա միայն 37 թիվը չէ։

Դա 20-ականներից մինչև 50-60-ական թվականներ տարբեր ձևերով, տարբեր չափերով և տարբեր բնույթ ունեցող երևույթներ էին, որոնք մարդու կամքը պետք է ճնշեին։ «Պարտիայի որոշումը» համարվում էր ամենաճիշտը, և բոլորը պետք է ընդունեին դա։ Այսօր էլ մեր հասարակությունը, գուցե չիմանալով ամբողջը, բայց ունի այն ընկալումը, որ հարցերը լուծողը իշխանությունն է, իսկ ժողովրդավարություն, իրավունքի պետություն և նման հասկացությունները հաճախ ընկալվում են որպես ֆրազներ, որոնք կյանքի հետ կապ չունեն։ Միևնույն ժամանակ նոր սերունդ է ձևավորվում, որը փորձում է իր պատկերացումները ներկայացնել։

-Արդյոք այդ բռնաճնշումները ազդե՞լ են հայկական ինքնության ձևավորման վրա։

Այո՛, բռնաճնշումները ազդել են մտածողության վրա։ Մինչև այսօր հասարակության մեջ կարելի է ասել մի 30-40% կա, որի հետ զրուցելիս զգացվում է զգուշություն, որ մի բան չասեն, հետո խնդիր առաջանա։ Սա կայուն երևույթ է, որը կապված է տրավմատիկ հիշողության հետ։ Դա սերնդեսերունդ փոխանցվում է և դառնում վարքի նորմ․ օրինակ՝ ընտանիքներում կարելի է տեսնել, որ երիտասարդները մեծերին ասում են՝ «չխոսես, պետք չէ»։ Այդ ամենը ազդում է նաև ինքնության վրա։ Մեր հասարակությունում շատ անհատականացված են երևույթները, կան ընտանեկան, տոհմային, էթնիկական ինքնության խնդիրներ, որոնք հաճախ բախվում են միմյանց։ Դրա արդյունքում ընդհանուր քաղաքացիական ինքնությունը ամբողջական ձևով չի ձևավորվում։ Սա նաև երևում է քաղաքական դաշտում՝ բազմաթիվ կուսակցություններ, որոնք հաճախ նույն բանի շուրջ են ձևավորվում, բայց հստակ ծրագրեր չունեն։

Արևիկ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031