Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում աշխատանքներ են կատարվել ավելի քան 320 դպրոցում և 490 նախադպրոցական հաստատությունում

Մարտ 19,2026 18:07 Share

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ի հերթական նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, որի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հաշվետու տարում զեկույցի՝ մշակութային եւ կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչների հատվածները: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության մեծածավալ ծրագրին:

Նախորդ տարի ծրագրի շրջանակում աշխատանքներ են կատարվել ավելի քան 320 դպրոցում եւ 490 նախադպրոցական հաստատությունում: Տարեվերջին աշխատանքներն ավարտվել են ավելի քան 102 դպրոցում եւ շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում: Մինչեւ 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում եւ 429 մանկապարտեզում ու նախակրթարանում, իսկ մինչեւ դեկտեմբեր՝ 301 դպրոցում եւ 500 մանկապարտեզում ու նախակրթարանում: 2024 թվականին այս ուղղությամբ կատարողականը կազմել էր շուրջ 53,8 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2025 թվականի ցուցանիշը շուրջ 121 մլրդ ՀՀ դրամ է, ինչը նախորդ տարվանից ավելի է 123 տոկոսով:

Գյուղական բնակավայրերում կառուցվում է 59 կրթահամալիր, որոնք գործելու են որպես համայնքային կենտրոններ: Ավարտված եւ շահագործված բոլոր հաստատություններն ապահովվում են նոր գույքով: Շարունակվել է դպրոցների ապահովումը ժամանակակից բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաներով:

Հաշվետու տարում աշխատանքներ են իրականացվել ինչ-ինչ պատճառներով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերադարձը դպրոց ապահովելու ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանի խոսքով հարցը նախարարության առաջնահերթությունների շարքում է, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Նախարարը ներկայացրել է նաեւ ոլորտային մյուս ծրագրերը, անելիքները, պատասխանել պատգամավորների հարցերին:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, ոլորտում իրականացված ծրագրերին անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նշվել է, որ «Gallup» կենտրոնի կողմից 2025 թվականին հրապարակված «Օրենք եւ կարգ» զեկույցում 140 երկրից/տարածքից «Օրենքի եւ կարգի» ցուցանիշը 2024 թվականի համար 84 տոկոս է, ինչը 2023 թվականի համեմատ բարձր է 1 միավորով, իսկ բնակիչների՝ իրենց անվտանգ զգալու տեսանկյունից Հայաստանը գնահատվել է 85 տոկոս:

«Freedom House» հետազոտական կազմակերպության «Ազատությունը համացանցում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 100 հնարավոր միավորից ստացել է 72 միավոր (2023 թվականի զեկույցի համեմատ 2 միավորով պակաս է)՝ շարունակելով մնալ համացանցի ազատության ցուցիչով «ազատ պետությունների» ցանկում:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մամուլի ազատության համաթվում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 9 հորիզոնականով: Այս համաթվով Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը հարավկովկասյան տարածաշրջանում:

Նախարարն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին, խոսել առաջիկա ծրագրերից:

Ըստ զեկույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը եւ համայնքներին պատճառված գույքային վնասի չափը կազմել է շուրջ 8,3 մլրդ ՀՀ դրամ:

Պետությանը եւ համայնքներին պատճառված գույքային վնասից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 2,2 մլրդ ՀՀ դրամ, որից շուրջ 1,5 մլրդ ՀՀ դրամ՝ ավարտված քրեական վարույթներով, շուրջ 720,7 մլն ՀՀ դրամ՝ անավարտ քրեական վարույթներով:

Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ: Ավարտված քրեական վարույթներով՝ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պետությանը եւ համայնքներին պատճառված վնասը կազմել է շուրջ 7,9 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 895 մլն ՀՀ դրամը, արգելանք է դրվել շուրջ 156 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա: Իրավաբանական անձանց պատճառված վնասը կազմել է շուրջ 18 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 79 հազար ՀՀ դրամը:

Քննչական կոմիտեի վարույթում քննվել է փողերի լվացման 182 քրեական վարույթ, որից 17-ն ուղարկվել է դատարան:

Սրբուհի Գալյանը հայտնել է, որ hartak.am ծառայությունների միասնական հարթակի միջոցով քաղաքացիներն առցանց կարող են գրանցել երեխայի ծնունդը, անվան մեջ կատարել փոփոխություն, գրանցել ամուսնություն, ճանաչել հայրություն եւ այլն:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031