ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի կենտրոնական տարր է, եւ դրա իրականացման հետ կապված խնդիրները կարող են բացասական հետեւանքներ ունենալ երկու երկրների համար, զգուշացնում են փորձագետները: Այս պնդմամբ է սկսվում բրիտանական BBC ընկերության ռուսական ծառայության մարտյան մի հրապարակումը, որը վերնագրված է «Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ուղուն» եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին»:
Խնդիրն այն է, նկատում է կայքը, որ այս երթուղին պետք է անցնի Արաքս գետի երկայնքով, որով ձգվում է Հայաստանի եւ Իրանի սահմանը, մինչդեռ այս շրջանը Իրանի համար խիստ կարեւոր առեւտրային հանգույց է, այստեղով է անցնում նաեւ Իրան-Հայաստան գազատարը: «ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը ԹՐԻՓՓ նախագիծը Իրանի տեսանկյունից հավանաբար շատ ավելի վիճելի կդարձնի, չնայած դա ավտոմատ կերպով չի դադարեցնի նախաձեռնությունը»,- BBC-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոնուլ դե Մորը: «Եթե նախագծի իրականացումը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացը»:
Եթե ԹՐԻՓՓ-ի շինարարությունը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի համար, նշում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան: ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը Իրանի հետ միայն մեծացրել է Ադրբեջանի համար Հայաստանով ճանապարհի կարիքը, նշում է փորձագետը: Իրանի միջով առեւտուրը խափանվել է, իսկ Նախիջեւանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո:
Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, վկայակոչելով վարչապետ Փաշինյանի պնդումն առ այն, որ «Թրամփի ուղու» նախագիծը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մի մասն է, գրում է, թե իրականում այն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Պոլ Գոբլի դեռ 1992 թվականին առաջարկած հին ամերիկյան նախագիծն է: Միայն թե՝ լրջորեն շտկված ու մկրատված՝ ոչ Հայաստանի օգտին: Սկզբում ամերիկացիներն առաջարկում էին տարածքային փոխանակում. Բաքուն ստանալու էր «Զանգեզուրի միջանցք» (այժմ՝ ԹՐԻՓՓ)՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ գտնվող Լաչինի միջանցքի դիմաց: Այդ ժամանակ Հայաստանը մերժեց այդ ծրագիրը, քանի որ կկորցներ Իրանի հետ իր սահմանը: Մինչդեռ Բաքուն դժգոհ էր, որ ծրագիրը կամրագրեր Ղարաբաղի դուրս գալը իր իրավասությունից: Սակայն ԱՄՆ-ը համառորեն այս նախագիծը, տարբեր փոփոխություններով, դնում էր բանակցությունների սեղանին: Մինչեւ որ, «Փաշինյանի աղոթքների շնորհիվ» Լաչինի միջանցքի եւ հենց Ղարաբաղի հարցը հանվեց օրակարգից եւ Բաքվին հարկավոր, Հայաստանի տարածքով տրանսպորտային «միջանցքը» հանձնվեց երրորդ կողմի հսկողությանը:
Կարդացեք նաև
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































