Լրահոս
Օրվա լրահոսը

Իր՝ մանկաբույժ լինելու փաստով է պայմանավորված, որ չի հասկացել, չի հասկանում, որ այդտեղ սոսի ծառին աճելու տեղ չկա. Բեգոյանը՝ նախկին գործընկերոջ քննադատության մասին

Մարտ 20,2026 13:49 Share

-Ամիրյան փողոցում ամբողջ մայթերին իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Ամիրյան փողոցում ունեինք կենսունակության ավարտին մոտ գտնվող, փտած, խիստ դեֆորմացված ծառեր, որոնք նույնպես հեռացրին այդ կանաչ տարածքը վերաձեւավորելու ու գեղեցկացնելու համար: Փտած ծառերը հատվեցին: Ինչ վերաբերում է երկու նշված սոսիներին, այդ օգտատերն էլի խաբում է ինչպես միշտ: Նշված երկու սոսիները ոչ թե հատվել են, այլ արմատով հանվել են, տեղափոխվել տնկարան. հետագայում՝ ծառատունկը սկսելուն պես, այդ սոսիները կհայտնվեն Երեւանի այգիներում: Սոսիներն այդտեղ տեղ չունեին աճելու, շիվի նման ծառեր են եղել տնկած մի 4-5 տարի առաջ, ծուռմռտիկ սոսիներ են, որոնք նման փողոցին հարիր չեն: Սոսիների աճի համար լայն փողոցներ են պետք,- Aravot.am-ին ասաց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝անդրադառնալով իր ղեկավարած ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի ահազանգին՝ Ամիրյան փողոցում իր տնկած 2 սոսին արմատախիլ անելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Քրիստինա Վարդանյանն օրեր առաջ ահազանգել էր. «Չորս տարի առաջ տնկեցինք այս 2 սոսիները, մեծացան, դարձան ծառեր։ Երեկ հայ տղամարդիկ 8 հոգով հարձակվեցին եւ արմատախիլ արեցին։ Անունը դրել են «ոջլոտ և կենսունակությունը սպառած» ծառերի փոխարինման ծրագիր եւ դրա քողի տակ քաղաքը սաղարթից են զրկում։ Կանաչ կմախքն են ջարդում, ինչը չենք վերականգնելու տասնյակ տարիներ։ Բոլորիս զրկում են թթվածնից ու ստվերից, իսկ ինձ թիրախավորելը, ուշադրությունը շեղելու համար է, քանզի լսարանս մեծ է»։

Արմեն Բեգոյան

Բեգոյանը նախկին գործընկերոջ քննադատությանն այսպես արձագանքեց. «Այո՛, ոլորտից իր անգիտության, ոչ հեռատեսության, իր՝ մանկաբույժ լինելու փաստով է պայմանավորված, որ ինքը չի հասկացել, որ այդտեղ սոսի ծառին աճելու տեղ չկա: Ու փողոցները պետք է ունենան հնարավորինս միատարրություն, պետք չէ՝ օրինակ հացենիների կողքին խցկել սոսի ծառատեսակ, առավել եւս, որ սոսիները Մաշտոցի պողոտայի մեծ ծառերն են, դրանք նույնիսկ Մաշտոցի պողոտայում չեն տեղավորվում, էլ ուր մնաց Ամիրյանի նեղ մայթերին տեղավորվեին: Չի հասկացել, չի հասկանում, ինչ ընկել է ձեռքի տակ՝ բերել, տնկել է այդ երկու սոսիները»:

Անդրադառնալով ծառերի փոխարինման վերաբերյալ տարբեր քննադատություններին՝ Արմեն Բեգոյանը շարունակեց. «Սակուրաները իրենց բավականին լավ են զգում: Մեր պայմաններում վաղուց ադապտացված են, իհարկե, ծաղկեցին, շատ շքեղ ծաղկեցին: Սակուրայի հիմքում բալենին է, իսկ բալենին Երեւանում, կներեք, ամենապադոշ ծառերից մեկն է, էդ ո՞ւմ մոտ բալենին չի աճում, ո՞ր բակում մի հատ բալենի տնկես, չի աճի: Սակուրաներն ունեն բազմաթիվ տեսակներ, որոնք, որ տեղադրվել են Կասկադի դիմաց, եղած սակուրաներից ամենագեղեցիկ ու ամենաթանկարժեքն են աշխարհում: Հետեւաբար, այդ չակերտավոր մասնագետները, իսկ իրականում մանկաբույժը, եթե զբաղվի մանկաբուժությամբ, չի հայտնվի նման ծիծաղելի իրավիճակում: Բայց երբ որ մանկաբույժը զբաղվում է բուսաբանությամբ, ինքն անընդհատ հայտնվելու է ծիծաղելի իրավիճակում, անընդհատ մեղադրվելու է կեղծիքների մեջ, որովհետեւ այդ մարդը չի հասկանում ՝ ինչ է խոսում: Սիրողական մակարդակի՝ գուգլով կամ chat GBT-ով կանաչապատում չեն անում, ինչից օգտվում է մեր հարգարժան մանկաբույժ տիկինը» :

Արմեն Բեգոյանը վստահեցրեց, որ քաղաքի այն հատվածում, որտեղ հնարավոր է տնկել խոշոր ծառեր, իրենք տնկում են. «Կարո՞ղ է բերենք օպերայի 4 կողմն էլ շարենք մեծ ծառեր ու շինությունը փակենք: Չի արվում այդպես, նայեք զարգացած քաղաքներին: Կամ Թամանյանի արձանի դե՞մն էինք փակելու այդ սաղարթախիտ ծառերով, եթե այդտեղ դնեինք մեծ ծառեր. այդտեղ ավելի դեկորատիվ ու գեղազարդ ծառեր էր պետք դնել: Բոլորս էլ հասկանում ենք՝ ծառի սաղարթն ինչքան մեծ, այնքան նրա օգտակար գործողության գործակիցը մեծ… բայց կրկնում եմ՝ մեծ ծառերը տեղադրում ենք այնտեղ, որտեղ հնարավոր է, որտեղ պետք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031