Հայկի երազանքը կատարվեց․ իր մահից հինգ տարի անց նա հայտնի է գրքով։ Ցավոք, գիրքն ինքը չի գրել, ինչպես ուզում էր։ Գիրքն իր մասին է։ Այն քույրն է գրել՝ Արեւիկը՝ եղբոր երազանքը կատարելու եւ նրա անունն ու գործն անմահացնելու համար։
Հայկի (մտերիմներն էին այդպես դիմում)՝ Հայկազ Մկրտչյանի սիրտը դադարեց բաբախել 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ 12 օր կյանքի համար կռիվ տալուց հետո։ Ծնողները Հայկազին գտել էին իր ծննդյան՝ 20-ամյակի օրը՝ հոկտեմբերի 31-ին, Մուրացանի հոսպիտալում, կոմայի մեջ։ Վիրավորումը շատ ծանր էր, աննշան դրական սպասելիքները նոյեմբերի ութին ավարտվեցին՝ վիճակի կտրուկ վատթարացմամբ։
Կարդացեք նաև
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայկազ Մկրտչյանի մասին պատմող «Հայկը» գրքի շնորհանդեսն էր։ Գրքում Հայկազի հարազատների, ընկերների, զինակից ընկերների, հրամանատարների եւ նրան պարզապես ճանաչողների հիշողություններն են իր մասին՝ կյանքի տարբեր փուլերում։
«Զորամասից բերեցին Հայկի պայուսակը, նոթատետրի մեջ նախադասություն կար՝ գիրք եմ ուզում գրել, որ հայտնի դառնամ»,- Հայկազի մայրը՝ Աննան է պատմում։ Այդ նախադասությունը դառնում է Հայկազի քրոջ՝ Արեւիկի ապրելու եւ արարելու բանալին։
«Ես Հայկին ճանաչում էի որպես եղբայր, բայց գրքի պատմություններից հետո Հայկին ճանաչեցի որպես աշակերտ, որպես ընկեր, որպես կրտսեր հրամանատար եւ աննահանջ կռվող զինվոր, ով իր կյանքի վերջին շունչը նվիրեց հայրենիքին»,-ասում է Արեւիկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Իսկ տիկին Աննայի ականջներից դուրս չի գալիս 44-օրյա պատերազմի օրերին Հայկազի հետ խոսակցությունից մի պատառիկ․ «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ուզում ենք առաջ գնալ, չեն թողնում։ Մենք պետք է առաջ գնանք, ես չեմ ուզում Ղարաբաղն աչքիս առաջ կորցնեմ։ Լացս գալիս է»։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին փոքրիկ ֆիլմեր՝ Հայկազի մարտական ուղու մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հայկազ Մկրտչյանը ՀՀ ԶՈՒ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 23-ին։ 44-օրյա պատերազմում Հայկազը եղել է Ջրականի, Թաղավարդի, Դրախտիկի, Ազոխի, Կարմիր Շուկայի եւ պաշտպանական մարտերում: Վիրավորվել է Կարմիր Շուկայում։ Ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
























































