Ես 30 տարվա կանաչապատման ոլորտի մասնագետ եմ, դասավանդում եմ, Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ եմ, վերջին անգամ մանկաբուժությամբ զբաղվել եմ 1998-ին, ունեմ կանաչապատման մասին հրատարակված գրքեր, ոլորտի միջազգային փորձագետ եմ…
Առհասարակ այդ մարդը «կանաչապատում» բառը առաջին անգամ լսել է ինձանից, երբ Հայկ Մարությանը ինձ առաջարկեց լինել ՀՈԱԿ-ի տնօրեն, ես մերժեցի, որովհետև դոկտորական աշխատանք էի անում։ Բեգոյանը այդ ժամանակ շների հիմնարկի տնօրենն էր, իրեն որպես մենեջեր առաջարկվեց ղեկավարել ՀՈԱԿ-ը,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանին։
Բեգոյանը, հիշեցնենք, որ արձագանքել էր ծառերի փոխարինման շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ Վարդանյանի քննադատությանը ու Վարդանյանի տնկած սոսիները արմատախիլ անելու ահազանգին՝ նրան համարելով մանկաբույժ, որը սիրողական մակարդակով զբաղվում է բուսաբանությամբ։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բեգոյանի հավաստիացմանը, թե իր տնկած երկու սոսիները արմատախիլ չեն արվել, այլ հանվել են, տարվել տնկարան, հետագայում կհայտնվեն Երևանի այգիներում՝ Վարդանյանը շարունակեց․
Տգիտության մակարդակը, երբ 8 հոգով շարժում են ծառը՝ կտրելով արմատները, ոչնչացնելով ծառը… Այդպես ծառերի փոխարինում չեն անում։ Մի ծառը հանել, շպրտել էին գետնին, մյուսն էլ 8 հոգով հասել էին ու բարբարոսաբար հանում էին։ Ես հազարավոր ծառեր եմ տնկել, ինչքան Բեգոյանի գլխին մազ կա։ Ես Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով ունեմ տնկված ծառեր, որոնք արդեն այգիներ են դարձել… Չեմ պատրաստվում իր մակարդակին իջնել ու ինչ-որ բան ասել,- արձագանքեց Վարդանյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































