Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում կրթական համակարգը պետք է հիմնարար փոփոխությունների ենթարկվի». Մանե Թանդիլյան

Մարտ 20,2026 22:33 Share

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի դպրոցներում, ցավոք, կրթության որակը օրեցօր հետընթաց է ապրում։

Եվ կարևոր է հստակ արձանագրել՝ սա ոչ մի կապ չունի մեր հրաշալի մանկավարժների հետ, որոնք այսօր ստիպված են իրենց իրական գործից շատ ավելին անել․ ձևական թղթաբանություն, անիմաստ հաշվետվություններ, համակարգային թերությունների «փակում»։ Երբ ուսուցիչն իր ժամանակի և էներգիայի զգալի մասը ծախսում է ոչ թե դասապրոցեսը հետաքրքիր կազմակերպելու, այլ թղթեր լրացնելու վրա, արդեն պարզ է՝ համակարգը ճիշտ չի աշխատում։

Խնդիրը նաև երեխաների մեջ չէ։ Մենք ունենք մտածող, հետաքրքրասեր, ուժեղ սերունդ, որը կարող է շատ ավելիին հասնել։ Բայց այդ նույն երեխան ստիպված է կրթություն ստանալ բարդ, հաճախ անհասկանալի ու երբեմն նույնիսկ անտրամաբանական դասագրքերով ու կրթական ծրագրերով։ Դասագրքեր, որոնք ոչ թե բացատրում են, այլ խճճում են, ոչ թե հետաքրքրություն են առաջացնում, այլ հոգնեցնում են։

Այսինքն՝ խնդիրը համակարգային է։

Այսօր կրթական համակարգը ոչ թե օգնում է սովորել, այլ հաճախ խանգարում է այդ գործընթացին։ Փոխանակ պարզեցնելու, կառուցվածք տալու, մտածողություն զարգացնելու՝ այն բարդացնում է, ծանրաբեռնում ու դարձնում է ուսումը մեխանիկական գործընթաց։

Այս ամենի հետևանքով մենք հաճախ չենք ստանում մտածող անհատներ, որոնք կարող են վերլուծել, հարց տալ, ստեղծել։ Մենք ստանում ենք համակարգին հարմարվող աշակերտներ, որոնք սովորել են գտնել ճիշտ պատասխանները, բայց ոչ միշտ՝ հասկանալ հարցերը։

Մեր երկրում կրթական համակարգը պետք է հիմնարար փոփոխությունների ենթարկվի։ Կրթությունը չի կարող արդյունավետ լինել, եթե այն կառուցված է բարդության, ձևականությունների և չարդարացված ծանրաբեռնվածության վրա։ Դպրոցը պետք է դառնա այն միջավայրը, որը սովորեցնում է ոչ միայն գիտելիք ստանալ, այլև մտածել, զարգացնել մտածողությունը և ճիշտ օգտագործել ձեռք բերած գիտելիքի պաշարը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031