Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունները մեկը մյուսի հետևից սպոնտան որոշումներ են կայացնում։ Մե՛կ թոշակներն ու նպաստներն են բարձրացնում, մե՛կ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, մյուս կողմից հայտարարում են, որ Երևանում և տարբեր համայնքներում մանկապարտեզներն անվճար են դառնալու, մեկ էլ հայտարարում են, որ 0 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրելու։ Չեն մոռանում ամենօրյա ռեժիմով հիշեցնել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին, որը, սակայն, կարծեք թե, կյանքի է կոչվել բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին։ Այն, որ սրանք նախընտրական շրջանով պայմանավորված քայլեր են, ակնհայտ է, բայց մեր բյուջեն պատրա՞ստ է այս բեռը կրելուն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրական ռիսկեր կան։ «Սոցիալական ընթացիկ ծախսերի կտրուկ ավելացումն իրական ռիսկեր է բերում, որոնք նախ և առաջ կարող են ունենալ իրական սոցիալական հետևանքներ՝ պայմանավորված գնաճով։ Այդ մասին խոսել է նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահը և իրավացիորեն նշել է, որ սա գնաճային ճնշումների կարող է հանգեցնել։ Դրա փոխարեն առաջարկում էինք, որ օբյեկտիվ կլիներ և տնտեսական առումով հիմնավորված, եթե այս սոցիալական բարձրացումները, որոնք խոստացել էին իրենց ծրագրերով, իրականացնեին փուլային՝ հինգ տարվա ընթացքում, ոչ թե կտրուկ կերպով՝ պաշտոնավարման ժամկետի վերջում։ Պարզ է, որ հետապնդում են զուտ նեղ քաղաքական նպատակ։ Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը, բնականաբար, կրելու է մեր տնտեսությունը։ Երկրորդը՝ բյուջեի եկամուտների մասով. այո՛, պետական բյուջեի եկամուտների աճը համարժեք չէ ընթացիկ ծախսերի աճին, և ընթացիկ ծախսերի այս կտրուկ բարձրացումը կարող է բերել մակրոտնտեսական որոշակի անկայունության։ Բյուջեն պլանավորել ես կոնկրետ եկամուտների պարագայում, բայց ընթացքում ընթացիկ ծախսերը կտրուկ ավելացնում ես։ Այսպես, եկամուտները չեն աճում, ուրեմն պետք է ավելացնես պետական բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին պարտքը, կա՛մ արտաքին պարտքը։ Պետք է արձանագրենք, որ այս գնաճը և պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը կարող են հանգեցնել նաև ազգային արժույթի որոշակի արժեզրկման, այդ արժեզրկման ռիսկն իրապես կա, և դա իր հերթին նորից շղթայաբար բերելու է գնաճի և այլ բացասական հետևանքների։ Կարճ ասած՝ ակնհայտ է, որ նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր՝ մակրոտնտեսական իմաստով, ընդհանուր տնտեսության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































