Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«2025 թվականին ինտենսիվորեն շարունակված երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ ներգրավմամբ ձեռք բերված Վաշինգտոնյան հռչակագրի և «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրման արդյունքում զգալիորեն նվազել է ռազմական էսկալացիայի և բարձրացել խաղաղ կարգավորման հավանականությունը։
Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված»,-սա հատված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցից։
Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը արդեն քանի օր է՝ բառացի տեղեկատվական և հոգեբանական տեռորի են ենթարկում հայ հանրությանը՝ ասելով, որ եթե իրենք չլինեն իշխանության, լինելու է աղետաբեր պատերազմ սեպտեմբերին։ Ընդ որում, ամեն բառ ընտրել են թիրախային՝ «պատերազմ», «սեպտեմբեր»՝ շատ լավ իմանալով, որ իրենց իշխանության ժամանակ մենք 2020-ի սեպտեմբերին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին ունեցել ենք երեք պատերազմ։ Բոլոր աղետաբեր պատերազմները՝ սեպտեմբերների հետ միասին, իրականացել են իրենց իշխանության ժամանակ։
Կարդացեք նաև
Դա էլ դեռ մի կողմ, իրենք ուղղակի առ ոչինչ են դարձնում ԱՄՆ միջնորդությունը և անձամբ Թրամփի հեղինակությունը։ Իրենք նաև չեղածի հաշիվ են սարքում իրենց ենթակա բոլոր կառույցների թվացյալ աշխատանքը, որոնք վարձատրվում են ՀՀ հարկատուների փողերով։ Իրենք ուղղակի մեկ խնդիր են լուծում՝ դարձնել ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք․ Ալիևը պետք է որոշի, թե մենք ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս, ինչ եկեղեցի, ինչ կրոն, ինչ սահմանադրություն, ինչ արժեքներ, ինչպիսի պատմություն, ինչպիսի մտածելակերպ, ի վերջո թե մենք երբ շնչենք, երբ արտաշնչենք․ սա է «խաղաղության» ՔՊ-ական բանաձևը։


















































