«Եվրամիության հետ որպես համագործակցության նոր ոլորտ՝ ներառված են անվտանգությունը եւ պաշտպանությունը, որոնց նպատակը Հայաստանի դիմակայունությունը, անվտանգությունն եւ կայունությունը բարձրացնելն է։ Նախորդ տարվա հունվարի 30-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատը երկարաձգվել է եւս 2 տարով: Հունիսի 30-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Միրզոյանի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանն առաջին փաթեթով 10 մլն եվրո աջակցություն է ստացել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո։ «2026 թվականի սկզբին որոշում է կայացվել 20 մլն եվրո արժողությամբ երկրորդ փաթեթը տրամադրելու մասին։ Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ արդեն իսկ սկսել ենք քննարկումները երրորդ փաթեթի շուրջ»,- հավելեց Կոստանյանը։
Վահան Կոստանյանը նաեւ ասաց, որ Հայաստանը Բրյուսելում դեսպանատան նոր շենք է ձեռք բերել։ «Մենք Բրյուսելում ձեռք ենք բերել 4 հարկանի նոր շենք, որտեղ կկարողանանք թե կազմակերպել մեր աշխատանքը, թե հանդիպումներ իրականացնել, թե դիվանագիտությանը զարկ տալ։ Հաշվի առնելով, որ մեր համագործակցությունը մեծանում է, մենք նաեւ Բրյուսելում մեր դիվանագետների թիվն ենք մեծացնում։ Իսկ այն ֆիզիկական ենթակառուցվածքը, որը մենք ունենք Բրյուսելում, թույլ չի տալիս էլ ավելի ընդլայնվել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































