Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ վիզա ստանալու պրոցեսը որեւէ ձեւով չի բարելավվել, ոնց վիճակը խնդրահարույց եղել է, այնպես էլ շարունակվում է՝ մերժումները շատացել են»

Մարտ 23,2026 17:33 Share

«Եվրամիությունը Հայաստանին օժանդակելու բավականին մեծ փաթեթ է հաստատել՝ 2,6 մլրդ եվրոյի մասին է խոսքը։ 2024 թվականին տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը, որտեղ նույնպես հայտարարվեց լրացուցիչ 270 մլն եվրո ծրագրերի մասին։ Այս վերջերս էլ ԵՄ ներկայացուցիչը Հայաստանում էր եւ հայտարարեց 140 մլն եվրո աջակցության մասին։ Այսինքն՝ եթե գումարում ենք, մոտավորապես 3 մլրդ-ի օժանդակության փաթեթ է քննարկվել ԵՄ հետ վերջին 5 տարվա ընթացքում։ Այս 5 տարիների ընթացքում այդ 3 մլրդ եվրոյից որքա՞ն գումար է ֆիզիկապես մտել ՀՀ եւ ի՞նչ տեսքով է դա արտահայտվել»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարարն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, մեծ կտորը վերաբերում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի ֆինանսավորմանը։ «Բազմաթիվ այլ ծրագրեր կան, օրինակ, Սյունիքի դիմակայունության մասին ծրագիրը։ Բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են»,- նշեց նախարարը։

Արմեն Գեւորգյան

Արմեն Գեւորգյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ ՀՀ քաղաքացիները դժվարությունների են հանդիպում ԵՄ անդամ երկրներ մեկնելու վիզա ստանալու հարցով։ «Մենք հիմա բանակցում ենք վիզաների ազատականացման հետ կապված, ԵՄ շենգենյան վիզա ստանալու պրոցեսը որեւէ ձեւով չի բարելավվել։ Ոնց վիճակը խնդրահարույց եղել է մեր քաղաքացիների համար, այնպես էլ շարունակվում է, այսինքն՝ մերժումները շատացել են, վիզաների տրամադրման ժամկետները կրճատվել են։ Եթե առաջ կարող էին ստանալ 2, 3, 5 տարով, ապա հիմա տալիս են կոնկրետ այցերով։ Այս զուգահեռ երկու պրոցեսը ո՞նց են իրար հետ խոսելու»,- ասաց Արմեն Գեւորգյանը։

Վահան Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ի պատասխան ասաց, որ վիզաների ազատականացման հստակ ժամկետ այս պահին հնարավոր չէ նշել։ «Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք նախորդ տարվա նոյեմբերին, եւ կարծում եմ՝ առաջին զեկույցը մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում արդեն կհրապարակվի։ ԵՄ գործընկերներն ունեցել են մի քանի այց Հայաստան՝ գնահատման առաքելություն իրականացնելու համար։ Մենք, ի համեմատ այլ պետությունների, բավականին արագ ենք անցնում այս գործընթացը։ Իմիջիայլոց նշեմ, որ հիմա ՀՀ-ն միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ընդհանրապես վիզաների ազատականացման գործընթացն է իրականացնում։ Եթե նայում ենք գործողությունների ծրագիրը, այնտեղ մի քանի խոշոր կտորներ կան՝ ռեֆորմներ, որոնք պետք է իրականացվեն։ Դրանք տարբեր ուղղություններ են ներառում՝ սկսած միգրացիոն քաղաքականությունից։ Նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի քանի ուղենիշներ կան։ Մյուս բարեփոխումը սահմանների համապարփակ վերահսկողության ներդրումն է, որի ռազմավարությունը մշակվել է եւ ավարտական փուլում է գտնվում»,- ասաց Կոստանյանը։

Նա նշեց, որ վիզաների հարցը վերջին տարիներին գտնվում է իրենց օրակարգում։ Ըստ Կոստանյանի՝ դեպի ԵՄ երկրներ մուտքի թույլտվություն ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է 400 տոկոսով։ «Կարող եմ ասել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում որոշակիորեն դրական տենդենց ենք տեսնում տարբեր եվրոպական երկրներից, որոնք մեծացրել են իրենց հյուպատոսական անձնակազմի թիվը Երեւանում։ Իսկ Ֆրանսիայի դեսպանատան գործընկերները վերջերս սկսել են առնվազն 3 ամսով մուտքի վիզաներ տրամադրել»,- հավելեց նա։

Վահան Կոստանյանը նաեւ նշեց, որ Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանությունները հյուպատոսական կետեր են բացում Հայաստանում․ «Վերջին նորությունն այն է, որ Բելգիայի դեսպանությունը որոշում է կայացրել, որ հյուպատոսական սեկցիաներ պետք է բացի, որը կթեթեւացնի հերթերը»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031