Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունների ճակատագրերը որոշվում են ոչ միայն պատերազմներով և դաշինքներով, այլ շատ ավելի «աննկատ» տեղերում՝ դատարանների դահլիճներում, վարչական որոշումներում. «Փաստ»

Մարտ 24,2026 10:29 Share

Փորձերը՝ մեզ «մաքուր» դասակարգել որպես Արևելք կամ Արևմուտք, ոչ միայն սխալ են, այլ նաև վտանգավոր, որովհետև բերում են սխալ քաղաքական ընտրությունների։

Այսօր աշխարհը ինքնին անցում է ապրում դեպի նոր կառուցվածք։ Այն, ինչ երկար ժամանակ ներկայացվում էր որպես մեկ գերիշխող մոդել, աստիճանաբար վերափոխվում է բազմաբևեռ համակարգի։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ ձևավորված լիբերալ-դեմոկրատական աշխարհն է՝ իր ինստիտուտներով, իրավական պետության գաղափարով և անհատի ազատության առաջնայնությամբ։ Եվ կա նաև Ռուսաստանը, որը շեշտադրում է անվտանգությունը, ինքնիշխանությունը և ուժային հավասարակշռությունը։ Մյուս կողմից՝ Չինաստանը՝ իր պետականակենտրոն, տեխնոկրատական և երկարաժամկետ պլանավորման վրա հիմնված մոդելով։ Այս երեք միջազգայի բևեռները և ուղղությունները ոչ միայն մրցում են, այլ նաև առաջարկում են տարբեր արժեհամակարգեր և տնտեսական կազմակերպման ձևեր։

Այս համատեքստում փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող իրենց թույլ տալ շքեղություն՝ ամբողջությամբ նույնականանալ միայն մեկ բևեռի հետ։ Դրանք ստիպված են ընտրել ավելի բարդ, բայց ավելի կենսունակ ճանապարհ՝ համադրության, հավասարակշռման և ճկունության։ Սա ոչ թե թուլության նշան է, այլ հակառակը՝ պետական մտածողության բարձր մակարդակի դրսևորում։

Արժեհամակարգի հարցը այստեղ առանցքային է, որովհետև այն անմիջականորեն կապված է տնտեսական զարգացման մոդելի հետ։ Արևմտյան համակարգը հիմնված է մրցակցության, ինստիտուցիոնալ վստահության, օրենքի գերակայության և նորարարության վրա։ Այս միջավայրում ֆինանսական համակարգերը, այդ թվում՝ կենտրոնական բանկերը, գործում են անկախ և ապահովում են կանխատեսելիություն։ Սա այն միջավայրն է, որտեղ ներդրումները, տեխնոլոգիաները և երկարաժամկետ աճը դառնում են հնարավոր։ Մյուս կողմից՝ արևել յան մոդելները հաճախ առաջարկում են ավելի կենտրոնացված կառավարում, որտեղ պետությունը ուղղորդում է տնտեսական զարգացումը, պաշտպանում ռազմավարական ճյուղերը և կարողանում է արագ հավաքագրել ռեսուրսները։ Այս մոդելը կարող է ապահովել արագ աճ, բայց հաճախ՝ ինստիտուցիոնալ թափանցիկության և մրցակցության սահմանափակման հաշվին։

Եվ հենց այստեղ է, որ հարցը՝ «Արևե՞լք, թե՞ Արևմուտք», աննկատ տեղափոխվում է շատ ավելի կոնկրետ և որոշիչ՝ ինստիտուտների որակի հարթություն։ Որովհետև իրական ընտրությունը սկսվում է ոչ թե արտաքին քաղաքականությունից, այլ ներսից՝ պետական համակարգի խորքից։ Այն սկսվում է դատարանի դահլիճից, որտեղ որոշվում է՝ օրենքը իրական ուժ ունի, թե այն ընդամենը ձևականություն է։ Այսօր հաճախ կարելի է լսել հասարակության մեջ մի ձևակերպում, որը առաջին հայացքից կարող է չափազանցված թվալ, բայց իրականում արտացոլում է խորքային հիասթափություն. «Անօրինականը մտնում է դատարան և դուրս է գալիս օրինականացած»։ Այս միտքը վտանգավոր է ոչ միայն իր կոշտության պատճառով, այլ որովհետև այն աստիճանաբար վերածվում է հանրային համոզմունքի։ Իսկ երբ նման համոզմունքը արմատավորվում է, պետության հիմքերը սկսում են ճաքել և խարխլվել։

Իհարկե, դատարանը չի կարող անօրինականը դարձնել օրինական բառի բուն իմաստով։ Դատարանը չի ստեղծում օրենք, այլ կոչված է կիրառելու այն։ Սակայն երբ օրենքի կիրառումը դառնում է ձևական, երբ իրավական հիմնավորումը փոխարինում է արդարությանը, առաջանում է մի իրավիճակ, որտեղ ստեղծվում է օրինականության պատրանք։ Որոշումները գրվում են օրենքի լեզվով, պարունակում են հոդվածներ, հղումներ և ձևակերպումներ, բայց իրենց էությամբ կարող են հակասել արդարության բուն գաղափարին։ Եվ հենց այստեղ է, որ քաղաքացին սկսում է զգալ խզում իրականության և իրավական ձևակերպման միջև։ Այս խզումը պատահական չէ։ Այն ունի ինստիտուցիոնալ և արժեհամակարգային պատճառներ։ Եթե դատարանը լիովին անկախ չէ կամ գտնվում է տարբեր տեսակի ճնշումների ներքո, ապա այն սկսում է գործել ոչ թե որպես հակակշիռ, այլ որպես համակարգի ներսում հավասարակշռություն պահպանող մեխանիզմ։ Այդ դեպքում դատարանը այլևս չի հարցադրում, այլ հաստատում է։ Իսկ երբ դատարանը դադարում է հարցադրում անելուց, այն աստիճանաբար կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ պաշտպանել իրավունքը։

Սակայն խնդիրը միայն ինստիտուցիոնալ չէ։ Ավելի խոր մակարդակում սա արժեհամակարգի խնդիր է։ Եթե համակարգում գերակայում է ոչ թե արդարության գաղափարը, այլ ենթակայությունը, վախը կամ կարճաժամկետ շահը, ապա նույնիսկ լավագույն օրենքները չեն կարող աշխատել։ Օրենքը մնում է թղթի վրա, իսկ իրական որոշումները ձևավորվում են այլ տրամաբանությամբ։ Այդ դեպքում դատարանը դառնում է ոչ թե արդարության վայր, այլ ձևական գործընթաց, որի միջոցով արդեն իսկ ընդունված որոշումները ստանում են իրավական տեսք։

Ամենավտանգավորը նույնիսկ անարդար որոշումը չէ, այլ այն պահը, երբ անարդարությունը դադարում է ընկալվել որպես շեղում և սկսում է ընկալվել որպես նորմ։ Այդ պահին հասարակությունը հարմարվում է, սպասումները չեն արդարանում և դառնում են իռացիոնալ, և արդարության պահանջը փոխարինվում է հարմարվողականությամբ։ Սա այն կետն է, որտեղ պետությունն սկսում է կորցնել ոչ թե իր արտաքին դիրքերը, այլ իր ներքին իմաստը։ Որովհետև պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին հավատում է, որ արդարությունը հնարավոր է։

Այս երևույթը ունի շատ կոնկրետ հետևանքներ, որոնք դուրս են գալիս միայն իրավական ոլորտից։ Երբ քաղաքացին կորցնում է վստահությունը դատարանի նկատմամբ, նա կորցնում է վստահությունը պետության նկատմամբ։ Երբ ներդրողը տեսնում է, որ վեճերը կարող են լուծվել ոչ կանխատեսելի ձևով, նա սկսում է խուսափել այդ միջավայրից։ Երբ բիզնեսը վստահ չէ, որ իր իրավունքները պաշտպանված են, այն դադարում է երկարաժամկետ պլանավորումից։ Արդյունքում տնտեսությունը դառնում է ավելի փակ, ավելի ռիսկային և ավելի կախված արտաքին գործոններից։ Սա հենց այն կետն է, որտեղ իրավական համակարգը կապվում է այն մեծ հարցի հետ, թե Հայաստանը դեպի որ մոդելն է շարժվում։ Արևմտյան մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ դատարանը պետք է սահմանափակի իշխանությունը և պաշտպանի անհատի իրավունքը։ Արևելյան մի շարք մոդելներում դատարանը հաճախ ավելի շատ համակարգի մաս է, քան դրա հակակշիռը։ Այս տարբերությունը տեսական չէ.այն ունի անմիջական ազդեցություն տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և պետական կայունության վրա։

Հայաստանը չի կարող արդյունավետ զարգանալ առանց վստահելի ինստիտուտների՝ անկախ դատարանների, կանխատեսելի տնտեսական քաղաքականության և մրցակցային միջավայրի։ Սա Արևմտյան մոդելի այն մասն է, որը պարզապես այլընտրանք չունի, եթե երկիրը ցանկանում է ունենալ կայուն տնտեսական աճ և ինտեգրվել գլոբալ շուկաներին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լիովին հրաժարվել պետության ակտիվ դերից, որովհետև ունի անվտանգային լուրջ մարտահրավերներ, սահմանափակ շուկա և աշխարհաքաղաքական բարդ միջավայր։ Այստեղ անհրաժեշտ է պետական ռազմավարություն, որը կկարողանա ուղղորդել ռեսուրսները, խթանել առաջնահերթ ոլորտները և պաշտպանել ազգային շահերը։

Այս երկակիությունը իրականում խնդիր չէ, եթե այն ճիշտ է կառավարվում։ Աշխարհում կան օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ նման համադրությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև արդյունավետ։ Սինգապուրը և Հարավային Կորեան վաղուց իրենց զարգացման ճանապարհին կարողացել են համատեղել Արևմտյան ինստիտուցիոնալ համակարգերը և Արևելյան պետական ռազմավարությունը՝ ստեղծելով մրցունակ և դինամիկ տնտեսություններ։ Իհարկե, Հայաստանը չի կարող ուղղակի պատճենել այս մոդելները, բայց կարող է հասկանալ դրանց տրամաբանությունը։

Պետությունների ճակատագրերը որոշվում են ոչ միայն պատերազմներով և դաշինքներով, այլ շատ ավելի «աննկատ» տեղերում՝ դատարանների դահլիճներում, վարչական որոշումներում և այն պահերին, երբ անհատը մենակ կանգնած է համակարգի դիմաց։ Եթե այդ պահին նա տեսնում է արդարություն, պետությունը ուժեղանում է։ Եթե տեսնում է ձևականություն, պետությունը թուլանում է։ Եվ այս իմաստով Հայաստանի ամենամեծ ընտրությունը ոչ թե աշխարհաքաղաքական է, այլ բարոյաիրավական. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետություն, թե պարզապես դրա արտաքին տեսքը։

Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031