Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան․ «ՍԴ որոշումները պետք է կատարվեն առանց որեւէ «բայց»-ի եւ «եթե»-ի․ սա է իրավական պետության հիմքը»

Մարտ 24,2026 11:03 Share

ՍԴ դատավորի թեկնածու լինելու համար կուսակցական չլինելու օրենսդրական պահանջ չկա․ խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

Խորհրդարանը քննում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին անդամ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հաստատելու հարցը։ Առաջարկը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է արել։

Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր հետաքրքրվել՝ չկա՞ օրենսդրական պահանջ, որ ՍԴ դատավորի թեկնածուն չպետք է քաղաքական ուժ ներկայացնի, պատգամավորական մանդատ պետք է չունենա։

Ավելի ուշ՝ իր ելույթում, Վլադիմիր Վարդանյանն էլ հստակեցրեց՝ ՍԴ դատավորի թեկնածուի համար նման սահմանափակումներ չկան, սահմանափակումներ են լինում այն ժամանակ, երբ մարդն արդեն ընտրվել է այդ պաշտոնում։ Մանրամասնեց՝ ասելով, որ մեծահոգաբար դեռ թեկնածու լինելու փուլում է հրաժարվել կուսակցական եւ պատգամավորական մանդատներից, որպեսզի իր գործընկերները անաչառ ընտրություն կատարելու հնարավորություն ունենան։

Նաեւ ասաց՝ իր մոտեցումը եղել եւ մնում է՝ ՍԴ որոշումները պետք է կատարվեն առանց որեւէ «բայց»-ի եւ «եթե»-ի․ սա է իրավական պետության հիմքը։ Իր գնահատմամբ՝ ՍԴ-ն պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, անաչառ եւ անկախ։

Քաղաքական պաշտոնից ՍԴ տեղափոխվելով իր նշած սկզբունքները պահպանելու մասով էլ ասաց, որ միջազգային պրակտիկայում էլ նման փորձ կա։ Ավելին, կան երկրներ, որտեղ պարտադիր պայման է, որ խորհրդարանականները պետք է լինեն ՍԴ անդամ-դատավորներ։ Բայց չի ժխտում՝ քաղաքական գործչի ՍԴ տեղափոխվելը քաղաքական ռիսկեր է պարունակում։ Միաժամանակ ասում է՝ կա ՍԴ դատավորի երդման տեքստ, որը պարտադրում է գործել ՀՀ Սահմանադրության շրջանակներում, եւ այդ կանոնների շրջանակներում պետք է գործի անձը՝ անկախ նրանից, թե ո՞ր կառույցից է տեղափոխվել ՍԴ։

Նա շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին՝ ասելով՝ «ավել-պակաս կներեք», եթե իր գործողությունները չեն համընկել նրանց պատկերացումների հետ, դա չարամտորեն չի եղել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ Խաչատուր Պողոսյանից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս է թեկնածուների ընտրությունը նախագահի աշխատակազմը կազմակերպում։ Արծվիկ Մինասյանը որեւէ խնդիր չի տեսնում Վլադիմիր Վարդանյանի թեկնածության մասով, մասնագիտական առումով դրական է վերաբերվում, բայց կարծում է, որ կարող են լինել նաեւ այլ հեղինակավոր մասնագետներ, ովքեր հավակնություններ կունենան նման պաշտոնների համար եւ մրցույթը, դրա կարգը պետք է այնպիսինը լինի, որ մարդկանց համար հնարավորություններ ստեղծի։

Խաչատուր Պողոսյանը պարզաբանեց՝ Վահագն Խաչատուրյանի համար սա ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու երկրորդ ընտրությունն է, այն նախագահի սահմանադրական լիազորությունն է, աշխատակազմն էլ բավարար կարողություններ ունի թեկնածություններ ներկայացնելու համար։ Մի քանի թեկնածություն է ներկայացվել, նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել, Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն ընտրելով՝ առաջնորդվել է վերջինիս մասնագիտական եւ աշխատանքային որակներով։ Նա վստահեցրեց՝ ՍԴ դատավորի անդամի համար հստակ չափորոշիչներ են սահմանված եւ ընտրությունը կատարված է նախագահի սահմանադրաիրավական կարգին համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031