«Նիկոլ Փաշինյանը որտեղի՞ց գիտի, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, միգուցե կան պայմանավորվածություննե՞ր, միգուցե իրենք որոշակի առումով կոմունիկացիա՞ ունեն Ադրբեջանի հետ եւ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ասաց, որ ուզում է հիշեցնել՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին որեւէ պատերազմ չի եղել։ «Եթե խոսում են զոհերից, ուրեմն գնացեք եւ վիճակագրությունը նայեք, թե ում իշխանության օրոք ինչքան պատերազմ է եղել, ինչքան զոհեր են եղել, ինչ արհավիրք է եղել։ Եվ այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահներն իրենք են Արցախը հանձնել… Ախր կա պատմություն, կա իրավիճակ։ Մարդը խրոնիկ ստախոս է, ինչի՞ մասին է խոսքը, առավոտյան մի բան է ասում, կեսօրին ասում է՝ ես չեմ։ Ինքը տենց էլ երկիր է կառավարում, տենց էլ գնում է բանակցությունների։ Փաստ գոյություն ունի՝ էս աղետը բերել է բացառապես գործող իշխանությունը, գործող իշխանության օրոք է մի քանի պատերազմ եղել, Արցախը դարձել Ադրբեջան։ Գործող իշխանության ներկայացուցիչներն են առաջին անգամ ասել՝ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Հիմա էլ բանը հասել է նրան, որ իրենք վախենում են Արցախ բառն ասել, կարող է Ալիեւն ու Էրդողանը ջղայնանան, եւ իրենք աթոռի ու պաշտոնի համար լավ չլինի»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչներն արցախցիներին արդեն ասում են՝ «փախածներ»։ «Գոնե մի երկու ամիս առաջ ասում էին՝ բռնի տեղահանվածներ, հիմա այդ բռնի տեղահանվածն էլ չեն ասում, ասում են՝ փախածներ։ Էն էլ փախած են ասում էն մարդուն, ում հայրն Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներից է եղել։ Հերոսների նկատմամբ նման վերաբերմունքը պատահակա՞ն է, հերոսների ընտանիքների անդամների նկատմամբ էս վերաբերմունքը նո՞ր է սկսվել։ Ամեն Աստծո օր թիրախավորվում են արցախցիները, նո՞ր է այդ թիրախավորումը։ Մի հատ տեսեք՝ իր հետ հանդիպումներին ովքեր են մասնակցում՝ որոնք ասում էին՝ թող բայրաքթար ուտեն, թող թուրքերն էդ մարդկանց կոտորեն, ջարդեն, մեկը Հայաստան չմտնի։ Մոռացե՞լ եք դա, այդ խոսույթը իրենց սատելիտներից է եկել, բերաններն ինչ գալիս է, ասում են, ներազգային պառակտում են մտցնում։ Էսօր Արցախն է, վաղն էլ ասելու են՝ Շիրակն է, մյուս օրը՝ Տավուշն է, ի՞նչ տարբերություն իրենց համար»,- ասաց Դանիելյանը։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը հավելեց. «Կոչ եմ անում երկրորդ նախագահին, որ շատ խոսի։ Ինչքան շատ խոսի, այնքան մեր ժողովուրդը կհասկանա, որ մեզ այս իրավիճակում պետք են հմուտ, փորձառու ղեկավարներ, լավ բանակցողներ»։
Նա նշեց, որ այսօր անգամ արցախցիների վերադարձի հարցը սեղանին դրված չէ։ «Մենք մեր համագումարի ժամանակ ասել ենք, որ Արցախի վերադարձի հարցը պետք է դրվի բանակցային սեղանին, դա այն իրավունքն է, որը պաշտպանվում է գրեթե բոլոր պետությունների կողմից։ Հիմա էլ կրկնում եմ, որ արցախահայերի վերադարձի իրավունքի հարցն այս փուլում շատ իրատեսական է, եւ մենք պետք է անընդհատ խոսենք այդ մասին։ Արցախի էջն ուզում են փակել էս իշխանությունները»,- ասաց Դանիելյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































