Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Բանակում եւ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերը վկայում են առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին։
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրում է զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության վիճակը: Ցավոք սրտի, դիմող անձանց մեծ մասի պարագայում առողջական խնդիրներով, թերի հետազոտություններով պայմանավորված՝ անհամաձայնության խնդիրներն են զորակոչիկների կողմից: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ զորակոչիկները մի քանի անգամ տարկետում ստանալուց հետո առողջական վիճակի մեջ որեւէ փոփոխություն չգրանցվելուց հետո՝ հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար»,- Մեդիա կենտրոնում կայացած ՝ «Մարդու իրավունքները փակ հաստատություններում․ առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը:
Նա նաեւ թարմ օրինակ բերեց, երբ զորակոչիկը 3 անգամ տարկետում էր ստացել, հաջորդ զորակոչին նրա հետազոտությունները չէին իրականացրել, անգամ հորդորել էին սեփական միջոցներով իրականացված հետազոտության արդյունքները ներկայացնել, որի հիման վրա կքննարկեին՝ ենթակա՞ է զորակոչի, թե՞ ոչ: Եվ սա այն դեպքում, երբ զորակոչն արդեն ավարտի փուլում էր: Նազելի Մովսիսյանն ընդգծեց, որ միայն բողոքարկման արդյունքում է հնարավոր եղել հասնել լրացուցիչ հետազոտության իրականացման եւ արդյունքում՝ տարկետման տրամադրման:
Կարդացեք նաև
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների եւ նրանց ընտանիքիների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Ալբերտ Դանիելյանի խոսքով, իրենց գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությունների առավել թույլատրելի քանակ. «Պաշտպանի դիտարկմամբ, նման կարգավորումները, նման փորձաքննությունների հոսքը լուրջ ռիսկեր է ստեղծում փորձաքննությունների որակի, ինչպես նաեւ զորակոչվող անձանց առողջության համար:
Մյուս խնդիրն այն է, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ, խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում, մինչդեռ դա նույնպես կարող էր բարձրացնել փորձաքննությունների որակը, ինչպես նաեւ զորակոչիկների իրազեկվածությունը ու տեղում հնարավորություն տալ, որ անձն ավելի պատշաճ ձեւով բարձրաձայնի իր մտահոգությունները»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի



















































