-Մարդիկ Արցախի անունը տալով, զոհված տղերքի արյունով եկել են իշխանության, այսօր հրաժարվում են Արցախից, Արցախի ժողովրդի իրավունքից: Մենք ասում ենք՝ չեք կարողանալու, խոսք եք տվել, պատասխան պիտի տաք: Այս պատասխանի հետեւից ենք եկել: Եթե այդ հանձնաժողովը ձեւավորվել է պատերազմի պարտության պատճառները հանրայնացնելու, պարտավոր եք այդ ամենն անելու: Եթե չէ՝ ուրեմն առաջին մեղավորը եղել եք ու կրկնապատկելու եք ձեր մեղավորությունը,- այսօր ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ այսօր տասնյակ քաղաքացիներ, զոհված ու անհետ կորած զինվորների հարազատներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:
-Ներողություն խնդրելով չի անցնելու: Ներողություն խնդրելով՝ Արցախ հանձեք, ներողություն խնդրելով՝ 5000 զոհ տաք, ներողություն խնդրելով՝ տարածքներ կորցնեք, ներողություն խնդրեք, մեր իրավունքները մեզնից խլեք, վաճառեք ու թուրքի թեզն առաջ տանեք: Եթե ձեր մոտ ստացվում է ներողություն խնդրելով ձեր կարգավիճակը մի ձեւ փրկեք, հիմա ասում ենք՝ ներողություն խնդրեք, ռադներդ քաշեք,- շարունակեց Իսրայելյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները եւ զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած՝ սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































