Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը հիմա ձևավորում է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը. Նարեկ Կարապետյան

Մարտ 24,2026 21:55 Share

Եթե Իրանի դեմ պատերազմը շարունակվի, դա կբերի մեծ, մեծ գնաճ այս տարածաշրջանների համար: Ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

«Մենք կունենանք Պարսից ծոցի լոգիստիկ շղթայի ընդհատում: Սուեզի լոգիստիկ շղթայի Բաբ էլ-Մանդեբի հատվածը կընդհատվի, որովհետև այնտեղ Եմենն ու եմենական շիաներն են, և մենք կունենանք Եվրասիայով մեկ տարածված լոգիստիկայի երկարաժամկետ ճգնաժամ: Դա կազդի նավթի վրա: Դա կազդի չինական առևտրի վրա: Այն նույնիսկ կազդի չինական առևտրի վրա Հարավային Կովկասով, եթե մենք հիմա չլուծենք խնդիրը, մեծ գնաճ կունենանք տարածաշրջանում»,- ասել է Կարապետյանը:

Ըստ նրա՝ պատերազմը կհանգեցնի նաև համաշխարհային գնաճի. «Երբ զարգացող շուկաների տնտեսությունները տուժեն, գները կբարձրանան, աղքատությունը կաճի, նավթը կթանկանա, նավթի գինը կբարձրանա։ Դա համաշխարհային տնտեսության համար հսկայական դեպրեսիա կլինի։ Եվ դրա մեջ կներգրավվեն նաև նոր ուժեր։ Դա չի լինի ուղղակի, այլ կլինի անուղղակի։ Անուղղակի, այո: Եվ դա այն ավելի արյունալի կդարձնի:

Ահա թե ինչու, այս ամենից խուսափելու համար, այս հակամարտության բոլոր մասերը պետք է սկսեն հիմքից՝ անվտանգության երաշխիքներից: Եթե նրանք ունենան անվտանգության երաշխիքներ, եթե նրանք լուծեն խնդիրը անվտանգության երաշխիքներով, մենք կունենանք խաղաղություն: Այժմ մենք կբախվենք երկարաժամկետ մի գործընթացի, որը վտանգի տակ կդնի իրանական պետական կառույցը՝ Իրանի կառավարության ամբողջ կառուցվածքը։ Երկարաժամկետ հարձակումներ կլինեն Իրանի պետական բուրգի վրա։ Եթե դա հաջողվի, Իրանը կկանգնի պետական ամբողջականության, այսինքն՝ տարածքային ամբողջականության խնդրի առաջ»։

Կարապետյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ Իսրայելը մեծ դեր ունի՝ Ադրբեջանին զենք և տարբեր ռազմական սարքավորումներ մատակարարելու հարցում, այս տարածաշրջանում Իսրայելը նաև հանդես է գալիս որպես հիմնական ուժերից մեկը, որը հիմա ձևավորում է այս տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը։

«Իսկ թե ինչ կարող ենք անել ապագայում, ինչ կարող է անել Հարավային Կովկասը․ մեր տեսած խաղաղ ապագան Հարավային Կովկասի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Եվ այն, ինչ Իսրայելը կարող է տալ այս տարածաշրջանին, տեխնոլոգիաներն են, կրթությունն է, և պետք է փոխակերպվի Իսրայելի արտահանումը դեպի այս տարածաշրջան։ Այն չպետք է սահմանափակվի միայն ռազմական հարցերով, ոչ միայն հարձակման, կռվի կամ պատերազմի թեմաներով։ Դա պետք է փոխվի դեպի ավելի տնտեսական գործընկերային հարաբերություն՝ տեխնոլոգիական համագործակցության հիման վրա։ Այո՛, տեխնոլոգիական։

Այս տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի մեծ տեխնոլոգիական ներուժ, որը կարող է կիսել մեր բոլոր երկրների հետ և որը կարող է օգտագործվել աղքատության, տնտեսական խնդիրների լուծման համար, Իսրայելն է։ Եթե այս տարածաշրջանի խնդիրներին նայենք հնարավորությունների տեսանկյունից, ոչ թե հակամարտության, ապա կարող ենք շատ մեծ օգուտներ ստանալ։ Իսրայելի հետ մենք ունեցել ենք մի պատմություն՝ կապված Ադրբեջանին սարքավորումներ մատակարարելու հետ, բայց մենք զգում ենք, որ տեխնոլոգիան ու այն ձեռքբերումները, որոնց այդ փոքր երկիրը կարողացել է հասնել, կարող են օգնել տարածաշրջանային երկրներին լուծելու տնտեսական խնդիրներ, ինչպես նաև աղքատության մի շարք հարցեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031