Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ պաշտպանական պատերազմում իրականացնում է նախապես մշակված բազմափուլ ծրագիր։
Պաշտոնյան հայտարարել է, որ տարածաշրջանում ամերիկյան եւ իսրայելական ՀՕՊ համակարգերի ու ռադիոլոկացիոն ենթակառուցվածքների ոչնչացումից հետո Իրանն այժմ «լիակատար վերահսկողություն» է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ։ Ըստ պաշտոնյայի, քանի որ ամերիկա-իսրայելական ուժերը հարձակվել են ենթակառուցվածքների, սպասարկման եւ ռազմավարական օբյեկտների վրա, Իրանը մոտ ապագայում հրադադար չի ակնկալում՝ հատկապես իր «աճող ռազմական առավելության» լույսի ներքո։ Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը մտադիր է շարունակել՝ «ագրեսորին պատժելու» իր գիծը մինչեւ «պատմական դաս» չտա ամերիկա-իսրայելական ագրեսիային եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լրատվամիջոցի զրուցակիցը հայտնել է, որ տարածաշրջանի մի քանի կողմեր եւ միջնորդներ Թեհրանին պատերազմը դադարեցնելու առաջարկներ են փոխանցել, սակայն Իրանը պայմաններ է ներկայացրել, որոնք պետք է կատարվեն եւ որոնց պետք է լուրջ վերաբերվել նախքան որեւէ համաձայնության հասնելը։
Կարդացեք նաև
Այսպիսով, Թեհրանը վեց հիմնական պայման է առաջադրել. պատերազմի վերսկսումը կանխելու երաշխիքներ, տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների փակում, Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում, պատերազմների դադարեցում տարածաշրջանային բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի համար նոր իրավական դաշտի ստեղծում, Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների դատական հետապնդում եւ արտահանձնում։
Բացի այդ, կիրակի օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Իրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահը իրանական էներգետիկ օբյեկտները թիրախավորելու սպառնալիքներն իրագործի։ Նաեւ նշել էին, որ ԱՄՆ բաժնետոմսեր ունեցող ընկերությունները «լիովին կոչնչացվեն», եթե Իրանի էներգետիկ օբյեկտները դառնան Վաշինգտոնի թիրախը, իսկ այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները՝ կդառնան «օրինական» թիրախներ։
«Ճշմարիտ խոստում-4» գործողության 73-րդ ալիքը
ԻՀՊԿ-ն օրերս հայտարարեց «Ճշմարիտ խոստում–4 գործողության 73-րդ ալիքի մեկնարկի» մասին։ Կորպուսի տվյալներով՝ Իսրայելի տարածքի, ինչպես նաեւ տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային նոր հարվածների հետեւանքով ավելի քան 200 մարդ զոհվել եւ վիրավորվել է։
Ընդգծվել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի մի շարք քաղաքների, ներառյալ՝ Դիմոնան եւ Բեեր-Շեւան, կիրառվել են «Ֆաթթահ», «Գադր» եւ «Էմադ» հրթիռներ եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Հատկանշական է նաեւ ամերիկյան ռազմաբազաների ընդգրկումը թիրախների շարքում։
Այսպիսով, հակամարտության ինտենսիվ եւ համակարգային բնույթ է ստանում, որտեղ գործողությունները չեն սահմանափակվում մեկանգամյա պատասխաններով, այլ երկարաժամկետ ռազմական արշավ են հիշեցնում։ Ակնհայտ է, որ Իրանը որդեգրել է փուլային մաշեցման ռազմավարություն՝ փորձելով ճնշում գործադրել հակառակորդի ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Իրանը «հիբրիդային զսպումից» անցել է դեպի բաց ռազմական էսկալացիա՝ մեծ ինտենսիվության հարվածներով։ Ռազմական գործողությունների աշխարհագրական ծավալը վկայում է, որ Թեհրանը փորձում է խաթարել Իսրայելի պաշտպանական համակարգերի արդյունավետությունը՝ միաժամանակ ազդելով բնակչության հոգեբանական վիճակի վրա։ Հարվածների բազմաշերտությունը՝ հրթիռներ+ԱԹՍ-ներ, փաստում է տեխնոլոգիական ինտեգրված մոտեցման մասին։ Այս փուլում հակամարտությունը վերածվում է «մաշեցման պատերազմի», որտեղ կողմերը փորձում են երկարաժամկետ ռեսուրսային եւ հոգեբանական առավելություն ձեռք բերել միմյանց նկատմամբ։
Իրանի գործողությունները միաժամանակ ուղղված են ներքին համախմբմանը եւ արտաքին ուժերին զսպելուն, ինչը նաեւ բարձրացնում է լայնամասշտաբ տարածաշրջանային տեւական պատերազմի հավանականությունը։ Ընդհանուր առմամբ, այս ճգնաժամը կարելի է դիտարկել որպես հակամարտության որակական նոր փուլ։
Դիեգո Գարսիայի ռազմաբազայի ուղղությամբ հարվածը
Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան եւ բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդեց Mehr լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցել այն։ Մինչդեռ, իրանական Mehr-ը նշել է, որ բազայի վրա հարձակումը «նշանակալի քայլ էր, որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացումներին»։
Դիեգո Գարսիան ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կարեւոր ռազմավարական հենակետ է, եւ դրա թիրախավորումը ունի ոչ միայն ռազմական, այլեւ խորհրդանշական նշանակություն։ Նույնիսկ անհաջող հարվածը փոխում է ռազմավարական ընկալումները։ Այդ քայլը վկայում է այն մասին, որ Իրանը ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը՝ դուրս գալով Մերձավոր Արեւելքի սահմաններից։ Թիրախի ընտրությունը կարեւոր է՝ այն ուղղված է ԱՄՆ-ի գլոբալ ռազմական ներկայության խորհրդանշական կենտրոններից մեկին։ Նույնիսկ անհաջող հարվածը կարող է ազդեցություն ունենալ ռազմավարական հաշվարկների վրա՝ ստիպելով ԱՄՆ-ին վերանայել իր պաշտպանական դոկտրինները։ Սա նաեւ հոգեբանական ազդեցության միջոց է՝ ցույց տալու, որ Իրանը կարող է հասնել հեռավոր թիրախների։ Այդուհանդերձ, նման փորձերը մեծացնում են սխալ հաշվարկների եւ էսկալացիայի վտանգը։ ԱՄՆ-ը կարող է պատասխանել առավել կոշտ հակազդեցությամբ։ Իսկ այս ամենի արդյունքում՝ տարածաշրջանային պատերազմը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում գրառմամբ հայտնեց, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Մոդին դատապարտել է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի կարեւորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց եւ անվտանգ մնալու կարեւորությունը։ «Գնահատում եմ Իրանում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված Իրանի շարունակական աջակցությունը», հավելել է Մոդին։ Իրանական կողմը հայտնում է, որ Իրանի նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ զրույցում ասել է, որ պետք է լինեն երաշխիքներ՝ ապագայում նման «ագրեսիայի» կրկնությունը կանխելու համար։
ԱՄԷ եւ Սաուդյան Արաբիա. հակաօդային պաշտպանության ակտիվացում
ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան հայտնել են իրանական բալիստիկ հրթիռների որսման մասին։ Այս փաստը եւս վկայում է այն մասին, որ հակամարտությունը դուրս է եկել երկկողմ ձեւաչափից եւ ներառում է տարածաշրջանային այլ դերակատարների։ Պարսից ծոցի երկրները հայտնվել են բարդ ռազմավարական երկընտրանքի առաջ։ Մի կողմից նրանք ԱՄՆ-ի դաշնակիցներ են, մյուս կողմից՝ ունեն զգայուն հարաբերություններ Իրանի հետ։ Հրթիռների որսումը ցույց է տալիս, որ նրանք արդեն ներգրավված են հակամարտության մեջ՝ թեկուզ պաշտպանական մակարդակում։ Իսկ սա, իր հերթին, կարող է հանգեցնել հակաիրանական կոալիցիայի ձեւավորմանը։ Միաժամանակ, այս երկրները փորձում են խուսափել բաց ռազմական բախումից։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունը մեծանում է, ինչը կարող է ազդել համաշխարհային նավթային շուկաների վրա։ Իսկ նման զարգացումները մեծացնում են անվտանգության դիլեման տարածաշրջանում, եւ այս իրավիճակը կարող է հանգեցնել նոր դաշինքների վերաձեւավորման։
ԻՀՊԿ 72-րդ ալիքի սպառնալիքային հռետորաբանությունը
Ուշագրավ էր ԻՀՊԿ-ի տարածած նշյալ հայտարարությունը. «Մենք ձեզ հանգիստ չենք թողնի… դուք փորձանքի մեջ կհայտնվեք»։ Այս հռետորաբանությունն ընդգծում է պատերազմի հոգեբանական բաղադրիչը։ Սպառնալիքների նման ձեւակերպումները նպատակ ունեն բարձրացնել հակառակորդի վրա հոգեբանական ճնշումը։ Սա նաեւ ներքին լսարանին ուղղված ուղերձ է։ Իրանը փորձում է ներկայացնել հակամարտությունը որպես գոյաբանական պայքար։ Իսկ նման հռետորաբանությունը կարող է սահմանափակել դիվանագիտական հնարավորությունները, եւ այն կարող է մեծացնել էսկալացիայի ռիսկը։ Թեեւ «հոգեբանական պատերազմը» դառնում է ռազմական ռազմավարության անբաժանելի մաս, սակայն Թեհրանը հազիվ թե հրաժարվի բանակցելու հնարավորությունից։
«Եթե Իսրայելին չի հաջողվում հրթիռները որսալ Դիմոնայի լավ պահպանվող շրջանում, ապա Իսրայելի երկինքն անպաշտպան է»
Եթե Իսրայելին չի հաջողվում հրթիռները որսալ Դիմոնայի լավ պահպանվող շրջանում, ապա Իսրայելի երկինքը անպաշտպան է, X սոցիալական ցանցում գրել էր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Դիմոնայի թիրախավորումը ունի բարձր ռազմավարական եւ խորհրդանշական նշանակություն։ Այն ուղղված է Իսրայելի հակաօդային պաշտպանության հեղինակազրկմանը։ Եթե այդ համակարգը չի գործում, ապա ամբողջ անվտանգության ճարտարապետությունը հարցականի տակ է։ Իրանը փորձում է ցույց տալ իր հարվածային կարողությունների արդյունավետությունը, իսկ սա կարող է ազդել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընկալումների վրա։ Նման հայտարարությունները նաեւ ազդում են միջազգային հանրության գնահատականների վրա։ Ընդհանուր առմամբ, սա տեղեկատվական եւ ռազմավարական ճնշման գործիք է։
Մոսկվան պնդում է, թե մնում է՝ «հուսալի գործընկեր»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Նովրուզի կապակցությամբ: «Վլադիմիր Պուտինը Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները եւ ընդգծել, որ այս դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը եւ հուսալի գործընկերը»,- ասվում էր Կրեմլի հաղորդագրությունում:
Ռուսաստանը փորձում է հակակշռել ԱՄՆ-ի ազդեցությանը։ Այս աջակցությունը կարող է ներառել քաղաքական, տնտեսական եւ իհարկե՝ ռազմական բաղադրիչներ։ Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արեւելքում իր դիրքերի ամրապնդմամբ։ Այս զարգացումը մեծացնում է բեւեռացման մակարդակը։ Արդյունքում ձեւավորվում է բազմաբեւեռ դիմակայություն. Իրան–Իսրայել պատերազմը վերածվում է համակարգային ճգնաժամի՝ ներառելով գլոբալ ուժային կենտրոններ։
Խամենեին կոչ է արել ապահովել անվտանգությունը «ներքին եւ արտաքին թշնամիների» դեմ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին օրերս հանդես եկավ ուղերձով, նշելով Նովրուզի սկիզբը, որը նա անվանեց՝ «տնտեսության դիմադրության տարի՝ ազգային միասնության եւ ազգային անվտանգության պայմաններում»։ Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պարտություն են կրում։ «Այս պահին ձեր՝ մեր հայրենակիցների միջեւ ստեղծված առանձնահատուկ միասնության շնորհիվ թշնամին պարտության է մատնվել», նշել է Խամենեին։ Նկատենք, որ նա դեռեւս հրապարակային ելույթ չի ունեցել եւ միայն գրավոր ուղերձներ է հղում։ Իրանի նոր գերագույն առաջնորդը նաեւ կոչ է արել երկրի հետախուզական ծառայություններին՝ ապահովել անվտանգությունը «ներքին եւ արտաքին թշնամիների» դեմ։
Այս հայտարարությունը հրապարակվել է նրա X սոցիալական ցանցի էջում՝ այն բանից հետո, երբ սպանվեց հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը։
Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում դիմել է իսլամական երկրներին եւ հարեւան պետություններին: Նրա խոսքով՝ այդ երկրները Իրանի եղբայրներն են. «Մենք ձեզ հետ ոչ մի վեճի մեջ չենք մտնում։ Մեր տարաձայնություններից միակ շահողը սիոնիստական կազմավորումն է։ Մենք Աստծուն խնդրում ենք Ուրազա-Բայրամի տոնին մեզ ուժ եւ միասնություն պարգեւել»։
Ի դեպ, Իրանից օրերս հաղորդեցին, թե ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա: Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, եւ տարածքի մոտակայքում գտնվող բնակիչները վտանգի տակ չեն եղել:
Իսրայելը հերքում է, որ հարվածներ է հասցրել միջուկային օբյեկտին եւ զգուշացնում է՝ հարվածները «զգալիորեն» կաճեն
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները: «Այս շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակի եւ ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական ահաբեկչական ռեժիմի եւ դրա վրա հիմնված ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կաճի», – ընդգծել է Կացը:
Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Իսրայելը, հաղորդել է Times of Israel-ը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ տարածքում որեւէ հարված չեն հասցրել եւ չեն կարող մեկնաբանել ԱՄՆ գործողությունները պատերազմի ընթացքում։ Ավելի վաղ Kan TV-ն, հղում կատարելով աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը օգտագործել է բունկերային ռումբեր՝ միջուկային օբյեկտը ոչնչացնելու համար։
Նեթանյահուն պնդում է՝ Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը, իսկ Թեհրանը հերքում է
Մինչ հաղորդվում է, թե ԱՄՆ-ն մտադիր է հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արեւելք, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ այս օրերին իրականացված ավիահարձակումների արդյունքում Իրանն այլեւս չունի ուրան հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն: Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Բենյամին Նեթանյահուն ասել է, որ այժմ աշխատում են ոչնչացնել ոչ միայն բալիստիկ հրթիռներն ու միջուկային ծրագրի մնացած մասը, այլ նաեւ օբյեկտները, որտեղ հրթիռներ են արտադրվում. «Եվ արդեն հիմա՝ 20 օր անց, կարող եմ ձեզ ասել՝ Իրանն այսօր չունի ուրան հարստացնելու եւ բալիստիկ հրթիռներ արտադրելու հնարավորություն։ Մենք շարունակում ենք ոչնչացնել այդ հնարավորությունները։ Մենք դրանք ամբողջությամբ կվերացնենք՝ փոշու վերածելով»։ Նեթանյահուն նշել է, թե համաձայնել է իրանական գազի հանքավայրերին չհարվածելու Թրամփի խնդրանքին: Նա նաեւ հերքել է մեղադրանքները, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմում: «Իսկապե՞ս որեւէ մեկը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է նախագահ Թրամփին ասել, թե ինչ անի։ Դե լավ, վերջացրեք»,- ասել է նա՝ հավելելով, որ պատերազմը կարող է ավարտվել ավելի արագ, քան ակնկալվում էր:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ալի Մոհամմադ Նաեյնին հերքել է Նեթանյահուին՝ պնդելով, որ հրթիռների արտադրությունը շարունակվում է նաեւ պատերազմի ընթացքում, եւ հրթիռների պակաս չունեն: Այս հայտարարությունից ժամեր անց կորպուսը հայտարարեց, որ Նաեյնին սպանվել է ավիահարվածից: Իսրայելից էլ հայտնել են, որ սպանել է նաեւ «Բասիջ» կիսառազմականացված ուժերի հետախուզության ղեկավար Էսմայիլ Ահմադին:
Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակումը, որտեղ գտնվում է միջուկային օբյեկտ, «պատասխան» էր Նաթանզում գտնվող Իրանի սեփական միջուկային օբյեկտի վրա ավելի վաղ հասցված հարվածին։ Իսրայելի վարչապետն իր հերթին խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Իրանին եւ նրա դաշնակիցներին:
Որքան մարդ է զոհվել եւ վիրավորվել
Կատարի Al Jazeera հեռուստաալիքն օրերս ներկայացրել էր Իրանի, Իսրայելի, ԱՄՆ եւ Պարսից ծոցի երկրների կրած կորուստները՝ թեժ պատերազմի հետեւանքով։ Իրանում զոհվել է առնվազն 1 444 մարդ, եւս 20 984-ը վիրավորվել են, Լիբանանում զոհվել է 1 024 մարդ, վիրավորվել՝ 2 740-ը, Իսրայելում զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու զինվոր Լիբանանում, ԱՄՆ-ը կորցրել է 13 զինծառայող, որոնցից յոթը զոհվել է Իրանի դեմ գործողությունների ժամանակ, իսկ վեցը՝ Իրաքի երկնքում լիցքավորվող ինքնաթիռի կործանման ժամանակ, ԱՄԷ-ում զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու զինվոր, Քուվեյթում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ ՆԳՆ երկու աշխատակից եւ բանակի երկու զինվոր։ Չորս մարդ զոհվել է Սիրիայում, չորսը՝ Արեւմտյան ափին, երեքը՝ Օմանում, երեքը՝ Սաուդյան Արաբիայում եւ երկուսը՝ Բահրեյնում։ Եվս մեկ ֆրանսիացի զինվոր զոհվել է Հյուսիսային Իրաքում, վեցը վիրավորվել են, 28 մարդ՝ Հորդանանում, 16-ը՝ Կատարում։ Իսկ մարտի 22-ին հաղորդվեց, որ Արադ քաղաքում վիրավորվել է 84 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են, իսկ Դիմոնայում վիրավորվել է 33 մարդ։
Շարունակությունը՝ այստեղ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2026


















































