Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ զեկույց․ «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանից» մինչեւ Մուշեղ Սաղաթելյանի գործ ու զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանություն

Մարտ 25,2026 13:10 Share

2025 թվականին բազմաթիվ երկրներ զգալի առաջընթաց են արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների իրականացման հարցում, սակայն մի շարք կարևոր մարտահրավերներ շարունակում են մնալ. նշվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերջին տարեկան զեկույցում։

Զեկույցը ցույց է տալիս, որ Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է անդամ պետությունների կողմից Դատարանի վճիռների իրականացման վերահսկման համար, տարվա ընթացքում փակել է, ընդհանուր առմամբ 949 գործ՝ 2024 թվականի 894 գործի համեմատ:

«Սա պարզապես վիճակագրություն չէ. սա արդարադատության իրականացում է և համակարգի կենսունակության ու արդիականության հզոր ապացույց», – նշել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Ջանլուկա Էսպոզիտոն։

2025 թվականի տարեկան զեկույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերահսկման վերաբերյալ ներառում է մանրամասն ակնարկներ՝ յուրաքանչյուր 46 անդամ պետության համար, ներառյալ նոր գործերի, ընթացիկ (չիրականացված) գործերի և փակված գործերի մասին տեղեկություններ, ինչպես նաև տարվա հիմնական զարգացումների ընդհանուր նկարագրություն։

Ներկայացնում ենք զեկույցի որոշ հատվածները, որոնք առնչվում են Հայաստանին:

Փաստարկելով՝ այն հանգամանքը, որ գործը դեռ հսկողության տակ է, չի ենթադրում, թե պատասխանող պետությունն անգործ է կամ հրաժարվում է կատարել որոշումը, զեկույցում նշվում է. «Շատ դեպքերում բարդ բարեփոխման գործընթացներ են ընթանում, իսկ որոշ դեպքերում՝ արդեն զգալիորեն առաջ են ընկել»: Այս համատեքստում մասնավորապես հիշատակվում են Հայաստանում հավաքների ազատության ու զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն առնչվող օրենսդրական և բարեփոխումները (Մուշեղ Սաղաթելյան և Նանա Մուրադյան խմբեր):

Հիշեցնենք, 2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։

«Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել էր, որ զորամասերից մեկում պաշտոնական վարկածով ինքնասպան եղած Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը խախտվել է, պատշաճ քննություն չի իրականացվել գործի բացահայտման համար։

Մուշեղ Սաղաթելյանի գործի առնչությամբ ընդգծվում է. «Կոմիտեն հատուկ գոհունակություն հայտնեց իշխանությունների կողմից ներդրված օրենսդրական ու հաստատական բարեփոխումների, ինչպես նաև դատական պրակտիկայի, վերապատրաստման ու իրազեկման բնագավառում արձանագրված բարելավումների կապակցությամբ՝ ուղղված հավաքների ազատության իրավունքի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացման ապահովմանը։ Նմանապես, «Նանա Մուրադյան» գործերի խմբի շրջանակներում Կոմիտեն ընդունեց իշխանությունների կողմից ձեռնարկված բովանդակալից քայլերը, մասնավորապես՝ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության դրական պարտականությունը կատարելու նպատակով ընդունված համապարփակ օրենսդրական, հաստատական ու գործնական միջոցների ամբողջությունը»:

Զեկույցում հիշատակվում է «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործը, որը վերաբերում էր 2006 թվականին դիմողի հեռախոսային խոսակցությունների գաղտնի հսկողությամբ անձնական կյանքի հարգման իրավունքի ոտնահարմանը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ ներպետական օրենսդրությունը հստակ ու մանրամասն կանոններ չէր պարունակում և համարժեք երաշխիքներ չէր նախատեսում կամայական գործողություններից անձնական կյանքի ու նամակագրության հարգման իրավունքի պաշտպանության համար. «Ի պատասխան՝ 2021 թվականին ընդունվեց Քրեական դատավարության նոր օրենսգիրք, որն ուժի մեջ մտավ 2022 թվականին ու լրացրեց Դատարանի կողմից բացահայտված օրենսդրական բացերը, մասնավորապես՝ նախատեսելով հանցագործությունների տեսակներն ու անձանց կատեգորիաները, որոնց նկատմամբ կարող է թույլատրվել գաղտնի հսկողություն, սահմանելով դրա առավելագույն տևողությունը, ինչպես նաև ստացված տվյալների ուսումնասիրման, օգտագործման, պահպանման ու ոչնչացման կանոնները՝ Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան»:

2025 թվականին Նախարարների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ Եվրոպական դատարանից ստացել է կատարման հսկողության 25 գործ (2024-ին՝ 15, 2023-ին՝ 28)։ 2025 թվականին Դատարանի կողմից հայտնաբերված նոր խախտումները վերաբերում էին զանգվածային ցույցերի ընթացքում ոստիկանության գործողություններին ու ԼԳԲТ+ ակտիվիստների դեմ խտրականությանը։ Որոշ այլ գործեր վերաբերում էին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների ընթացքում վճիռ կայացնող մարմնի անկողմնակալությանը եւ իշխանությունների կողմից ընտանեկան բռնության լուրջ դեպքերին համարժեք արձագանքելու ձախողմանը։

Առանձնահատուկ ընդգծվում է մի գործ, որը վերաբերում է երեխաների սեռական բռնությունից պաշտպանելու օրենսդրական ու կանոնակարգային դաշտի բացակայությանը. ինչպես նաև գործախմբեր, որոնք վերաբերում են կալանքի ընթացքում ոչ համարժեք բժշկական օգնությանը, հոմոֆոբ հարձակումներից ու ատելության խոսքից պաշտպանության բացակայությանը, ոստիկանության ձերբակալումների ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ անարդյունավետ հետաքննություններին։

Ի դեպ, Նախարարների կոմիտեի կողմից 2025 թվականին ընդունված որոշումների եւ քննված հարցերի շարքում հիշատակվում է արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլի (1992-1994) ընթացքում բռնի տեղահանված անձանց կողմից տարածաշրջանում իրենց տներն ու գույքը հասու դարձնելու անհնարինությունը՝ «Չիրագով ու այլք» գործը: Վերջինիս կապակցությամբ 2025-ին երկու քննարկում է իրականացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031