«Ես որեւէ դիսկոմֆորտ չեմ զգում։ Ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, բայց չեմ կիսում»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։
Թադեւոս Ավետիսյանը հավելեց՝ իր անցած ճանապարհը փաստում է, որ կաշկանդվածություններ չունի, եւ անցնելիք ճանապարհն էլ դա ցույց կտա։
Իշխանական պատգամավորի հարցը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին․ «Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, բազմաթիվ փաստեր, բողոքներ կան այդ մասին․ եթե այդ տարիներին առաջարկվեր ձեզ այս պաշտոնը, կհամաձայնեի՞ք, եւ դիսկոմֆորտ չե՞ք զգում այս փաստից»։
Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը։ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։ Պաշտոնավարումը հինգ տարի ժամկետով է։
Կարդացեք նաև
Թադեւոս Ավետիսյանն ասաց՝ հանձնաժողովի անդամը ապաքաղաքական եւ վերքաղաքական սկզբունքներով պետք է առաջնորդվի, ինքն այդպես էլ վարվելու է՝ բոլոր դեպքերում։ Բայց հավելեց․ «Ես չեմ կարող գնահատել մի բան, որի մասին լսում եմ ձեզանից, տարբեր աղբյուրներ էլ կարող են ասել, բայց ես չունեմ ուսումնասիրություն եւ ձեւավորված կարծիք»։
Ծովինար Վարդանյանը փորձեց հակադրվել՝ ասելով․ «Տարբերությունն այն է, որ անկաշկանդ եք հիմա, որ լինելով ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, հավակնում եք այս պաշտոնին, քանի որ միջավայրն է այդպիսինը»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Թեման շարունակեց Բաբկեն Թունյանը։ «Բոլորս էլ լսել ենք եւ գիտենք՝ եթե որեւէ մեկը 10 հատից ավելի հեռախոս ներկրեր, ձեռքից կվերցնեին։ Ասում եք՝ սուբյեկտիվ կարծիք չեք արտահայտում, բայց շատ հարցեր են եղել հանձնաժողովի նիստերի ժամանակ, որ սուբյեկտիվ կարծիք եք հայտնել»,- ասաց նա։
Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց՝ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստերի ժամանակ հանդես է եկել որպես պատգամավոր, իսկ հանձնաժողովի անդամի թեկնածուի կարգավիճակը պարտադրում է՝ սուբյեկտիվ չլինել։ Նաեւ հավելեց՝ հանձնաժողովի որոշումները պետք է լինեն իրավական եւ տնտեսական առումներով հիմնավորված․ «Այսօր էլ կան նման բազմաթիվ հրապարակումներ։ Այսինքն, նման խնդիրները մշտական են, եւ եթե նման հանձնաժողովներ կան, ուրեմն դրանք դեռ լուծված չեն»։ Կրկնեց՝ բարդ կլինի կարծիք հայտնել մի բանի մասին, ինչը չի ուսումնասիրել։
Թադեւոս Ավետիսյանն ասաց նաեւ, որ սառեցրել է իր անդամությունը ՀՅԴ-ում, ինչպես օրենքն է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































