«Պարոն Թունյան, հարցս նաեւ ձեր հարեւան Պողոսին էր առնչվում, որպես սպառող։ Պողոսի իրավունքները՝ որպես սպառող, այստեղ մենք պիտի քննարկենք, որովհետեւ սպառողների պաշտպանության ուղղակի խնդիր է։ Սպառողը վճարում է ջրի համար, վճարում է կանոնավոր, բայց չի ստանում էդ ջուրը ու էստեղ մենք խնդիր ունենք։ Այսինքն, կառավարման խնդիր կա, որ պետությունը չի կարողանում վերահսկել այնպես, որ քաղաքացին ունենա ջրամատակարարում, ունենա նորմալ կոյուղագծեր, եւ ամեն օր մենք չտեսնենք Երեւանի եւ հանրապետության տարբեր փողոցներում կոյուղաջրերն ինչպես են հորդում՝ իրենց բոլոր հնարավոր եւ զզվելի հետեւանքներով»,- խորհրդարանում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանին դիմեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը գործընկերոջից՝ Թադեւոս Ավետիսյանից, հետաքրքրվել էր «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված խնդրով։ Բաբկեն Թունյանը տեղից դիտողություն արեց, թե հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է։
Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության հարցը։ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը։ Պաշտոնավարումը հինգ տարի ժամկետով է։
Իսկ Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց՝ հիմա այս հարցի մասին չի ցանկանում տեսակետ հայտնել, քանի որ կաշկանդված է տվյալ պաշտոնում առաջադրմամբ եւ կարծիք հայտնելը կարող է դիտարկվել իբրեւ կողմնակալ։ Հումոր արեց՝ «Բա որ ընտրվեմ»։ Առհասարակ, ասաց այդ մասին նախկինում բազմաթիվ անգամներ խոսել է, մնում է նույն կարծիքին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































