«Մեր իշխանության գալուց անմիջապես հետո հրապարակելու ենք 2 կարեւորագույն զեկույցներ՝ 2016թ. քառօրյա պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որն այդպես էլ չհրապարակվեց եւ 2020թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցը»,- ասուլիսում նշեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«Ակնհայտ է, որ հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմի զեկույցով այս իշխանությունը փորձում է թաքցնել իր ձախողումները: Մեր հասարակությունում կան բազմաթիվ հարցեր, եւ մեր հասարակությունն ունի իրավունք ստանալու այդ հարցերի պատասխանները, եւ մենք դա լիարժեք կապահովենք»,-խոստացավ գործիչը:
Արման Թաթոյանը նշեց, որ խաղաղության հասնելու ուղիների, անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6-րդ կետը վերաբերում է խելամիտ սահմաններին եւ թվային պաշտպանությանը: Ընդգծեց, որ զարկ են տալու ժամանակակից բանակի կառուցմանը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային ներուժի հնարավորինս նվազ ներգրավմամբ, բայց լիարժեք սարքավորումների արհեստական բանականության կիրառմամբ, կարեւորեց նաեւ հետախուզական կարողությունների զարգացումը:
Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ զինվորականի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքին, ասաց, որ սպան ու զինվորականը չպետք է դիտվեն որպես սոցիալական բեռ, մի բան, որ կա այս իշխանության օրոք, այլ ընկալվեն որպես մեր պետության կարեւորագույն հենասյուներից մեկը:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































