Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէր ասվում՝ քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին․ եթե այդպես ասվեր, շատ մարդիկ հենց այն ժամանակ չէին ընտրի Նիկոլին»․ Հակոբ Ասլանյան

Մարտ 25,2026 12:38 Share

«Առաջինը, ես ինքս եմ հայտարարել, որ սառեցնում եմ իրենց հետ գործունեությունը։ Ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել ու ասել։ Հետո մի փոքրիկ բան ասեմ, որը մինչեւ հիմա ես չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաներ եւ աստրախաններ։ Իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի, անիմաստ բան է ասում, թե՝ ոչինչ, ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետեւ ապահովված մարդ եմ։ Ես 56 տարի աշխատել եմ իմ հայրենիքում եւ այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որեւէ էական դեր չի խաղալու ինձ համար»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նա նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին իշխանության չի բերել․ «Իրենք են ինձ հրավիրել իրենց մոտ։ Երբ ինձ խնդրեցին կամ առաջարկեցին, որ իրենց հետ գնամ, քանի որ իրավիճակն այն ժամանակահատվածում այնպիսին էր, որ եւ իմ, եւ շատերի մտքին մի բան կար՝ բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին։ Ես ասել եմ՝ դուք երբեւէ նկատե՞լ եք՝ ինչո՞ւ էր ամենասկզբում ասվում՝ «քայլ արա, մերժիր Սերժին»։ Չէր ասվում՝ քայլ արա, մերժիր Սերժին, ընտրիր Նիկոլին։ Եթե այդպես ասվեր, գիտե՞ք ինչ կլիներ՝ շատ ու շատ մարդիկ հենց այն ժամանակ չէին ընտրի Նիկոլին։ Հենց սկզբից էր խաբկանքը դրված։ Մենք միայն մեկ երազանք ունեինք՝ գնում էին ընդդեմ եւ ոչ թե հանուն։ Մենք գնացինք ընդդեմ Սերժի»։

Հարցին, թե չի փոշմանե՞լ, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Ես շատ ուրախ եմ իմ անցած ճանապարհով, նույնիսկ իմ սխալներով։ Փոշմանելս ո՞րն է։ Մեզանից յուրաքանչյուրն իրավունք ունի սխալվելու, մենք բոլորս մարդ ենք։ Եվ երբ այսօրվա բոլոր հարցերն առաջացել են, եւ մենք այսօր դրա համար պայքար ենք մղում, այն ժամանակ չէր ասվում։ Դուք չեք տեսնո՞ւմ, որ պարոն Աղազարյանին եւ ինձ հեռացնելուց հետո Նիկոլ Փաշինյանի գործողություններն ինչքան անվերահսկելի դարձան։ Մենք էինք զսպում, մեր գոյությունն այնտեղ որոշակի զսպողական բան էր»։

«Հավատն այն ժամանակ փլուզվեց, երբ ես կարդացի պարոն Աղազարյանի մասին այն նյութերը, որոնք վարչապետն ուղարկել էր։ Եվ ես պարոն Կոնջորյանին ասացի, որ շոկի մեջ եմ։ Պարոն Կոնջորյանն ինձ ասաց՝ ի՞նչ շոկի մասին է խոսքը, ասացի՝ ես այստեղ պետական դավաճանություն չեմ տեսնում։ Նա ասաց՝ վարչապետն է ասել, ես էլ ասացի՝ կներեք, եկեք ներսում 5-6 հոգանոց մի փոքրիկ խումբ կազմենք, մի հատ ուսումնասիրենք այդ ամենը, համոզված լինենք, որ պարոն Աղազարյանն իսկապես դավաճան է, հետո նոր դա հանրայնացնենք։ Ասացին՝ ոչ, վարչապետն է ուղարկել, վերջացավ գնաց։ Այդ դեպքում ասացի՝ ես առաջիկա մեկ ամիսը ոչ խմբակցության նիստերին, ոչ էլ նախաձեռնող նիստերին չեմ ուզում մասնակցել։ Ասացին՝ չէ, ես էլ հաջորդ օրը գնացի եւ ասացի, որ ինքս դադարեցնում եմ իրենց անդամությունը»,- հավելեց Հակոբ Ասլանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը թիրախավորել իրեն,  Հակոբ Ասլանյանն ասաց․ «Որովհետեւ երեկ ես շատ ցավալի բառով եմ ասել՝ 2 ամիս է մնացել ձեզ, պետք է ռադ անել։ Ես կարծում եմ, որ իսկապես այս անգամ պետք է ժողովուրդը ոտքի կանգնի եւ հանուն գնա, ոչ թե ընդդեմ»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031