2026թ. մարտի 16-ից 25-ը Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբն իր առաջին այցը կատարեց Հայաստան։ Անկախ փորձագետները գնահատեցին գենդերային հավասարության ապահովման և խտրականության վերացման գործում գրանցված առաջընթացն ու մարտահրավերները, ինչպես նաև ուսումնասիրեցին կանանց և աղջիկների կյանքի տարբեր ոլորտներ, հատկապես այն խմբերին, որոնք բախվում են խտրականության բազմակի և փոխկապակցված ձևերի։
Ներկայացնում ենք աշխատանքային խմբի առաքելության ամփոփիչ հայտարարությունը և մամուլի հաղորդագրությունը։
Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի աշխատանքային խումբ
Առաքելության ամփոփիչ հայտարարություն
Պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն` 16-25 մարտի, 2026թ.
Երևան (25 մարտի, 2026թ.) – Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը, որը ներկայացված էր ի դեմս փոխնախագահ Իվանա Կրստիչի և անդամ Դորոթի Էստրադա-Թենքի, 10-օրյա առաքելություն իրականացրեց Հայաստանում: Նրանք հանդիպումներ ունեցան բազմազան շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ Երևանում, Շիրակում, Կապանում, Աբովյանում և Մասիսում՝ այցելելով ուսումնական հաստատություն, տեխնոլոգիական կենտրոն, ծննդատուն, առողջության պահպանման առաջնային օղակի հաստատություններ, ոստիկանական բաժանմունք, քրեակատարողական հիմնարկ և ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարան։ Նրանց նախնական եզրակացություններն ամփոփված են հետևյալ հայտարարության մեջ.
Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը այցի ընթացքում համագործակցության համար և իր խորը գնահատանքն է հղում բոլոր զրուցակիցներին, այդ թվում՝ պետական և տեղական իշխանություններին, դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, արհմիությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներին, դատախազներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), միջազգային գործընկերներին, ինչպես նաև կանանց և աղջիկներին, ովքեր առատաձեռնորեն տրամադրել են իրենց ժամանակը, փորձագիտական գիտելիքն ու բովանդակությունը, ինչպես նաև պատմել ունեցած փորձառությունները: Աշխատանքային խումբը հատկապես շնորհակալ է այցի ընթացքում տեղ գտած բաց և կառուցողական քննարկումների, այդ թվում՝ ձեռք բերված առաջընթացին, խոստումնալից աշխատակարգերին, ինչպես նաև երկրում կանանց և աղջիկների մարդու իրավունքների լիարժեք իրականացմանը շարունակաբար խոչընդոտող արգելքներին անդրադարձերի համար: Աշխատանքային խումբը գիտակցում է, որ վերջին տարիներին Հայաստանը կարևոր բարեփոխումներ է ձեռնարկել և տեսանելի առաջընթաց է գրանցել գենդերային հավասարությանը վերաբերող մի շարք ոլորտներում: Սրա վկայությունն են, օրինակ` Գենդերային անհավասարության ինդեքսում երկրի գրանցած առաջընթացը՝ 2010 թվականի 0.35-ից մինչև 2021 թվականի դրությամբ արձանագրված 0.22-ի, ինչպես նաև Գենդերային խզվածքի գլոբալ ինդեքսում դիրքերի բարելավումը, որտեղ 2016 թվականին 102-րդ տեղը զբաղեցնող Հայաստանը 2025 թվականին արդեն գտնվում էր 59-րդ հորիզոնականում:
Վերջին տարիներին Հայաստանը վավերացրել է հիմնական միջազգային փաստաթղթերը և զգալի իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ է ձեռնարկել՝ ամրապնդելու իր գենդերային հավասարության շրջանակը: 2024 թվականին «Ընտանեկան և կենցաղային բռնության մասին» օրենքը և պաշտպանական միջոցառումների բարելավումը վկայում են այն մասին, որ կարևոր տեղաշարժ կա պետության կողմից կանանց և աղջիկների նկատմամբ բռնության լրջությունը ճանաչելու առումով: Հաղորդումների թվի աճը ենթադրում է, որ բռնության ենթարկված անձինք այժմ կարող են ավելի մեծ վստահություն զգալ օգնություն հայցելիս, և այս ոլորտում ոստիկանների վերապատրաստումը կոնկրետ ներդրում է առաջնագծում արձագանքների բարելավման ուղղությամբ:
Ավելին, ոլորտային քաղաքականության շրջանակը նույնպես կենտրոնական դեր ունի գենդերային հավասարության առաջխաղացման գործում: Աշխատանքային խումբը ողջունում է գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը, որոնք առաջնահերթություն են տալիս գենդերարձագանքող պետական քաղաքականություններին և անվտանգ, բռնությունից զերծ միջավայրի ստեղծմանը և գործողությունների համար առաջահայաց շրջանակ են ապահովում: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և աշխույժ քաղաքացիական հասարակությունը նույնպես անփոխարինելի դեր են խաղում գենդերային հավասարության առաջխաղացման գործում, մինչդեռ միջազգային համագործակցությունը աջակցում է մարդու իրավունքների և գենդերային հավասարության բազմաթիվ ծրագրերի իրականացմանը և կարողությունների զարգացմանը:
Աշխատանքային խումբը Հայաստանի ողջ տարածքում նաև նկատում է մի շարք խոստումնալից, համայնքային մակարդակում գործող և կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնությունների առկայությունը, որոնք իմաստալից կերպով արձագանքում են կանանց և աղջիկների կարիքներին, մասնավորապես՝ անվտանգության, կրթության, իրավազորման և շարժունության ոլորտներում: Աշխատանքային խումբը նկատի է առել, թե ինչպես են Կանանց և երիտասարդների խորհուրդները արժեքավոր տարածքներ ձևավորում կանանց և աղջիկների` հասարակական կյանքին և համայնքի բարեկեցությանը մասնակցելու համար: Մասնագետները նաև հանդիպել են ոգեշնչող օրինակների առ այն, թե ինչպես կարող են տեղական մակարդակով մշակված լուծումները շոշափելի փոփոխություններ բերել և կարող են կրկնօրինակվել: Օրինակ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնավոր հատվածի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը նոր ուղիներ է ստեղծել կանանց և աղջիկների համար, որպեսզի վերջիններս կարողանան մուտք գործել այն ոլորտները, որտեղ պատմականորեն թերներկայացված են եղել, այդ թվում` թվանշային տեխնոլոգիաների, ճարտարագիտության և ձեռնարկատիրության ոլորտներ: Նմանապես, Safe YOU հավելվածն առանձնանում է որպես ազդեցիկ նորարարական լուծում գենդերային բռնության կանխարգելման և հաղթահարման գործում՝ բռնության ենթարկված անձանց առաջարկելով անվտանգության անհետաձգելի հնարավորություններ, տեղեկատվությանը հասանելիություն և մասնագիտական աջակցության ծառայությունների հետ անմիջական կապ, և, ըստ զեկույցների, նպաստել է հաղորդումների 200% աճին:
Աշխատանքային խումբը նաև իր գովեստն է հղում այնպիսի ընկերություններին` համայնքային ծառայություններում ներդրումներ կատարելու, կանանց տնտեսական հնարավորությունները ընդլայնելու և գենդերազգայուն տեղական նախաձեռնություններին աջակցելու համար: Այս գործնական, գործընկերային ջանքերը ցույց են տալիս Հայաստանում հավասարությունն ու դիմակայությունը խթանող մասշտաբայնացվող և կայուն մոդելների ներուժը:
Այնուամենայնիվ, դեռևս զգալի մարտահրավերներ կան, մասնավորապես՝ ձևական հավասարությունից և խտրականության դեմ պայքարի իրավական երաշխիքներից անդին անցնելու և էական գենդերային հավասարության հասնելու, իրավական և քաղաքականության բարեփոխումները գործնականում արդյունավետորեն իրականացնելու և բոլոր կանանց ու աղջիկներին, այդ թվում՝ փոխհատական խտրականության ենթարկվողներին անդրադառնալու հարցում։ Անհրաժեշտ են վճռական գործողություններ՝ ամրապնդելու գենդերային հավասարության իրականացումը, մշտադիտարկումը և բովանդակային գենդերային հավասարության նշանակության և հիմնարար կարևորության մասին իրազեկությունը:[1] Պահպանվում է իրավական բարեփոխումների և կյանքում ունեցած փորձառությունների միջև մեծ խզվածքը՝ անհետևողական ինստիտուցիոնալ արձագանքների, սահմանափակ ռեսուրսների և անբավարար գենդերազգայունությամբ բնորոշվող աշխատակարգերի պատճառով: Քաղաքականությունների մշակման համար հավելյալ սահմանափակող գործոն է համապարփակ, սեռով տարաբաշխված և փոխհատական տվյալների բացակայությունը, ինչն ազդում է խտրականության, բռնության, աշխատանքի, կրթության, առողջապահության և մարզային անհավասարության մասին որոշումների վրա: Առանցքային այնպիսի գործիքները, ինչպիսիք են գենդերային ազդեցության գնահատումները, գենդերարձագանքող բյուջետավորումը և գենդերային բաղադրիչի ներառումը (մեյնսթրիմինգը), շարունակում են թերզարգացած մնալ:
Կանանց և աղջիկների` մարդու իրավունքների և գենդերային հավասարության որպես խաղաղության, անվտանգության, կայուն ու ներառական տնտեսական բարգավաճման հիմք ապահովումը ոչ միայն ճիշտ, այլև միակ ուղին է դեպի արդար, դիմակայուն և առաջադեմ երկիր, ինչը հնարավորություն է ընձեռում բնակչության կեսին՝ յուրաքանչյուր կնոջ և աղջկա, իրացնել ողջ ներուժը՝ ի շահ ամբողջ հասարակության։
Իրավական և քաղաքական շրջանակ
Միջազգային պարտավորություններ
Հայաստանի Հանրապետությունն ունի մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի վավերացման և մարդու իրավունքների մեխանիզմների հետ համագործակցության լավ ցուցանիշներ, որոնք էլ ավելի կամրապնդվեն «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի և «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմամբ, որոնք Հայաստանն արդեն ստորագրել է: Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 97, 111, 143, 158, 183 և 189 կոնվենցիաների վավերացումը կբարձրացնի միգրանտ և այլ կանանց իրավունքների պաշտպանությունը նրանց զբաղվածության ոլորտում:
Իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ ներպետական շրջանակը
1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածները երաշխավորում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Արգելվում է խտրականությունը մի շարք, այդ թվում՝ սեռի, հաշմանդամության, տարիքի և այլ անձնական կամ սոցիալական հանգամանքների հիմքերով: Ավելին, 81-րդ հոդվածը ապահովում է միջազգային պայմանագրերի և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դատական պրակտիկայի անմիջական կիրառելիությունը ներպետական օրենսդրությունում:
Գենդերային հավասարության համար հիմք հանդիսացող հիմնական ներպետական օրենքների թվում են «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը (2013թ.), «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը (2021թ.), «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին» օրենքը (2024թ. փոփոխություններով), «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը (2022թ. փոփոխություններով) և Քրեական օրենսգիրքը (2022թ.), որը ընտանեկան բռնությունը համարում է ծանրացուցիչ հանգամանք բազմաթիվ հանցագործությունների համար: Այն նաև արգելում է խտրականությունը՝ տալով հանցագործության մանրամասն սահմանումը և ուրվագծելով ծանրացուցիչ հիմքերը: Սա լրացնում է սեռի, ռասայի, մաշկի գույնի կամ այլ անձնական հանգամանքների հիման վրա խտրականության սահմանադրական արգելքը (203-րդ հոդված):
Այնուամենայնիվ, Հայաստանում խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք դեռևս չկա: Նման օրենսդրության ընդունումը կնշանակի զգալի առաջընթաց երկրի կողմից հավասարության նկատմամբ վաղեմի հանձնառության կատարման գործում: Քանի որ 2025 թվականի հունիս թվագրված օրենքի նախագիծը դեռևս զարգացման փուլում է, մի քանի կառուցողական բարելավումներ կարող են էլ ավելի բարձրացնել դրա արդյունավետությունը և ապահովել համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին: Դրանք ենթադրում են խտրականության տարբեր ձևերի, ինչպիսիք են` ուղղակի և անուղղակի խտրականության, ոտնձգությունների և սեռական ոտնձգություններօ, խտրականության հրահրման և զոհականացման արգելքը, խտրականության կառուցվածքային և փոխհատվող ձևերի հասցեագրումը և պաշտպանված հիմքերի լայն շրջանակի, այդ թվում՝ գենդերի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության բացահայտ ընդգրկումը: Հարկ է նաև քննարկել խտրականության դեպքերում պաշտպանության մեխանիզմների շրջանակներում խտրականության բացակայության ապացուցման բեռը տեղափոխելու և դրա ենթադրյալ հեղինակի վրա դնելու հարցը: Աշխատանքային խումբը մշտապես հասանելի է` այս գործընթացում տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Հիմնական առաջնահերթությունն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներքո նախատեսված Հավասարության խորհրդին վերապահված լինեն դրա անկախության ու արդյունավետության ապահովելու համար անհրաժեշտ իրավասություններն և ռեսուրսները: Այս կառույցում քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների իմաստալից մասնակցությունը կամրապնդի թափանցիկությունը, վստահությունը և օրինականությունը:
ՔՀԿ-ներին պետք է ավելի մեծ դեր տրվի բռնության ենթարկված անձանց ցուցաբերվող իրավական պաշտպանությունն ապահովելու գործում: Ներկայիս նախագիծը չի նախատեսում actio popularis , դրանով իսկ սահմանափակելով ՔՀԿ-ների` հանրային շահերից ելնելով կամ տուժած անձանց անունից խտրականության հիմքով գործեր հարուցելու կարողությունը: Նման մեխանիզմի ներդրումը կամրապնդի հավասարության երաշխիքների կիրարկումը, կբարելավի ռազմավարական դատավարությունը և կօգնի հասցեագրել կառուցվածքային խտրականությունը, որը այլապես կարող է անվիճարկելի մնալ: Խտրականությունից տուժածները նույնպես պետք է հստակորեն ճանաչվեն որպես անվճար իրավաբանական օգնության շահառուներ այս շրջանակի ներքո:
Տարաբաշխված տվյալների հավաքումն ու օգտագործումը բարելավելը կարևոր է ապացուցահենք քաղաքականության մշակման համար: Այցի ընթացքում Աշխատանքային խումբը նկատել է, որ վերաբերելի, հստակ և/կամ համապարփակ վիճակագրությունն ու տվյալները միշտ չէ, որ հեշտությամբ հասանելի են, երբեմն դժվար է եղել դրանք ձեռք բերելը, և հաճախ դրանք չեն հավաքվում, ներդաշնակեցվում կամ ներկայացվում բավարար տարաբաշխվածությամբ: Սա թուլացնում է խտրականության օրինաչափությունները բացահայտելու, իրականացումն ու առաջընթացը մշտադիտարկելու, ինչպես նաև ավելի նպատակային իրավական և քաղաքական արձագանքներ մշակելու կարողությունը:
Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններից, այդ թվում՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության (ՍԿԳԻ) հիմքով կատարված հանցագործություններից պաշտպանության ամրապնդումը շարունակում է հրատապ անհրաժեշտություն լինել։ Գործող քրեական օրենսդրությունը ՍԿԳԻ հիմքով հանցագործությունները, օրինակ` ատելության շարժառիթով կատարված հանցագործությունները բացահայտ կերպով չի ճանաչում` այս կերպ բավարար պաշտպանություն չնախատեսելով տուժողների համար: Այս հիմքերի ներառումը և ոստիկանության, դատախազների և դատավորների համար նպատակային և շարունակական վերապատրաստման մեջ ներդրումներ կատարելը կնպաստի ավելի հետևողական և զգայուն ինստիտուցիոնալ արձագանքի ձևավորմանը։
Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության շրջանակներում, ընդունվել են 2025-2028 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը թե՛ միջազգային, թե՛ պետական հաստատությունների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչ ազգային փորձագետների աջակցությամբ: Ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը կենտրոնանում են սահմանված վեց առաջնահերթությունների վրա և համապատասխանում են «Պեկին+30» հանձնառություններին և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ շարունակական ջանքեր գործադրելով Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման և կանանց ու աղջիկների համար արդյունքների բարելավման ուղղությամբ:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ընդունել գենդերային հավասարության նկատմամբ համապարփակ և հեռանկարային մոտեցում՝ անցնելով ֆորմալ հավասարության և խտրականության դեմ պայքարի իրավական երաշխիքների վրա նեղ կենտրոնացումից անդին դեպի գենդերային հավասարության լիարժեք, բովանդակային շրջանակի, այդ թվում՝ CREATE շրջանակի կիրառման միջոցով: [2] Սրա համար պահանջվում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող և խտրականության դեմ պայքարի մասին կուռ օրենքի անհապաղ ընդունում, որը հստակ կերպով արգելում է խտրականության բոլոր ձևերն ու հիմքերը, այդ թվում՝ սեռի, տարիքի, էթնիկ պատկանելության, տեղահանության, միգրացիոն կամ փախստականի կարգավիճակի, հաշմանդամության, կրոնի, ազգային ծագման, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս գենդերային հավասարության վերաբերյալ հետագա վերապատրաստումներ անցկացնել և ուժեղացնել ջանքերը՝ մարդու իրավունքների միջազգային իրավական շրջանակը ու չափորոշիչները օրենքների մեկնաբանության և դատաիրավական պրակտիկայի մեջ համակարգված կերպով ինտեգրելու համար: Դատական համակարգի, Հանրային պաշտպանի գրասենյակի և իրավաբանների, այդ թվում՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրողների կողմից իրականացվող այս ջանքերը կարևոր են գենդերային հավասարությունն առաջ մղելու համար, քանի որ դրանք վերացական հանձնառությունները վերածում են կիրարկելի իրավունքների և ապահովում արդարադատության համակարգերի կողմից խտրականության ակտիվ կազմալուծումը, այլ ոչ թե դրա շարունակականությունը:
Որպեսզի գոյություն ունեցող իրավական հիմքերն իմաստալից առաջընթաց ապահովեն, Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ստեղծել համակարգված և բավարար լիազորություններով օժտված ազգային ինստիտուտ՝ համաձայն «Պեկին+30» հանձնառությունների, որը պատասխանատու կլինի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովման համար: Զուգահեռաբար, պետությունը պետք է մշակի և ինստիտուցիոնալացնի համապարփակ իրավական և ոլորտային քաղաքականությունների ճարտարապետություն, որը կմիավորի գենդերային ազդեցության գնահատումները, կկիրառի գենդերային բաղադրիչի ներառումը պետական քաղաքականություններում և ծրագրերում և կամրապնդի մշտադիտարկման և հաշվետվողականության մեխանիզմները, որոնք կարող են համակարգված կերպով հետևել իրականացմանը և արդյունքներին: Միասին, այս միջոցառումները կստեղծեն հետևողական, ապացույցների վրա հիմնված համակարգ՝ խթանելու բոլոր կանանց և աղջիկների իրավունքները և ապահովելու բովանդակային գենդերային հավասարության ուղղությամբ շարունակական, չափելի և կայուն առաջընթաց:
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտ
2024 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը վերահավաստագրվել է «A» կարգավիճակով։ Մարդու իրավունքների պաշտպանը կատարում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ հանդես գալով որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմ և վերահսկելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային (CRC) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային (CRPD) համապատասխանությունը։ Այնուամենայնիվ, առկա ֆինանսական և նյութական ռեսուրսները դեռևս բավարար չեն այս գործունեության արդյունավետ իրականացման համար։
Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների պաշտպանության առաջխաղացման գործում՝ ռազմավարական տեսանկյունից նշանակալի գործերը Սահմանադրական դատարան ներկայացնելով։ Արժանահիշատակ օրինակ էր Սահմանադրական դատարանի 2025 թվականի որոշումը, որը որոշակի հաշմանդամություն ունեցող անձանց դատավորի պաշտոնում ծառայելուն կամ պետական պաշտոն զբաղեցնելուն խոչընդոտող ընդհանուր արգելքները համարեց հակասահմանադրական՝ վերահաստատելով, որ հանրային ծառայությանը հավասար մուտքի հնարավորությունը պետք է հիմնված լինի անհատականացված գնահատման, ողջամիտ հարմարեցումների և արժանիքների, այլ ոչ թե ավտոմատ բացառման պահանջներ սահմանելու վրա։ Այն նաև ցույց տվեց Մարդու իրավունքների պաշտպանի` որպես հավասարության պահապանի առանցքային դերակատարումը, որը համագործակցում է քաղաքացիական հասարակության փորձագետների հետ և գործարկում սահմանադրական արդարադատությունը՝ առաջ մղելու համակարգային բարեփոխումները և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառություններին համապատասխանությունն ամրապնդելու համար։
Պաշտպանի գրասենյակը նաև կարևոր իրազեկման միջոցառումներ է իրականացնում, և նրա զեկույցները, առաջարկությունները և այլ միջամտությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և ծառայեն որպես պետական ծրագրերի և քաղաքականության հիմք։
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող ֆինանսական և նյութական աջակցությունը և ապահովել դրա առաջարկությունների համակարգված դիտարկումը իրավական և քաղաքականության մշակման գործընթացներում: Մարդու իրավունքների պաշտպանին անհրաժեշտ են բավարար ռեսուրսներ և իրական ինստիտուցիոնալ ներգրավվածություն՝ իր մանդատներն արդյունավետորեն կատարելու և ապացուցահենք, իրավունքակենտրոն պետական ծրագրերին նպաստելու համար:
Քաղաքական և հանրային կյանք
Կանանց մասնակցությունը Հայաստանի Ազգային ժողովում 2021 թվականի ընտրություններից հետո հասել է պատմականորեն առավելագույն ցուցանիշի, որտեղ կանայք զբաղեցնում են տեղերի մոտավորապես 39.3%-ը, ինչը զգալի աճ է 1995 թվականի 6.3%-ի համեմատ: Կառավարությունում 15 նախարարների շարքում չորս նախարարությունների՝ Ներքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության և Արդարադատության նախարարության ղեկավարները կանայք են: Սա կարևոր, բայց դեռևս սահմանափակ քայլ է, քանի որ կանայք ներկայումս ղեկավարում են նախարարությունների միայն 26%-ը: Աշխատանքային խումբը նաև ողջունում է առաջին կին Գլխավոր դատախազի նշանակումը 2022 թվականին, որն այդ ժամանակվանից ի վեր նպաստել է ընտանեկան բռնությունը ազգային խնդիր դարձնելու գործին:
Կանայք դատական համակարգում քաղաքացիական ծառայողների 70%-ն են կազմում։ Նրանք մասնակից են արդարադատության ոլորտի բոլոր օղակներում, այդ թվում՝ հանդես են գալիս որպես դատավորներ, դատախազներ և իրավաբանական անձնակազմի անդամներ, սակայն նրանք դեռևս թերներկայացված են բարձրագույն ատյաններում և ղեկավար պաշտոններում։ Չնայած Դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 5-րդ մասը դատավորների թեկնածուների ցուցակներում գենդերային հավասարակշռության պահանջ է սահմանում, դրա կիրառումը շարունակում է սահմանափակ լինել, իսկ կանայք դատավորների ընդհանուր թվի 31%-ն են կազմում միայն (321-ից 105-ը)։ Այս թերներկայացվածությունը հատկապես տեսանելի է ամենաբարձր մակարդակում, որտեղ Սահմանադրական դատարանի ինը դատավորներից միայն մեկն է կին, չնայած որ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահը կին է։
Աշխատանքային խումբը հիշեցնում է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW կոմիտե) թիվ 40 ընդհանուր հանձնարարականը, որը կոչ է անում բոլոր որոշումների կայացման համակարգերում ապահովել կանանց ու տղամարդկանց հավասարությունը և հավասար ներկայացվածությունը, և ընդգծում է 50:50 ներկայացվածությանն աստիճանաբար անցնելու կարևորությունը: Ավելին, կանանց մասնակցությունը չպետք է լինի միայն քանակական ցուցանիշ կամ խորհրդանշական: Ինչպես Աշխատանքային խմբին հայտնել է զրուցակիցներից մեկը, այն պետք է լինի «մեր կարծիքները լուրջ քննարկելու և ընդունելու մասին»: Կանանց ձայները պետք է վերածվեն իմաստալից ազդեցության, առաջնորդության և որոշումների կայացման համար անհրաժեշտ իշխանության:
Թեև աշխատանքային խումբը լսեց այն տեսակետը, որ արդարադատությունը գենդերային առումով չեզոք է, այն հիշեցնում է, որ անհավասարությունն ու խտրականությունը այդպիսին չեն։ Հետևաբար, մտահոգությունն այն չէ, որ դատավորները պետք է շեղվեն անաչառությունից, այլ այն, որ հավասարության համար պահանջվում է ավելին, քան իրավական կանոնների ֆորմալ և վերացական կիրառումը։ Բովանդակային հավասարության, գենդերային վերլուծության և փոխհատական խտրականության վերաբերյալ համակարգված ուսուցման բացակայության պայմաններում դատական պատճառաբանությունները երբեմն կարող են չափազանց նեղ կամ ֆորմալիստական լինել՝ այս կերպ բավարար ուշադրություն չդարձնելով այն կանանց և աղջիկների կյանքի իրականությանը, որոնք բախվում են անբարենպաստ վիճակների բազմաթիվ և համընկնող ձևերի։ Սա կարող է սահմանափակել դատարանների` խտրականության բնույթը լիովին արտացոլելու և այնպիսի միջոցներ ապահովելու կարողությունը, որոնք իսկապես արձագանքող են մարդու իրավունքների տեսանկյունից։
Կանանց կողմից ղեկավարվող ՔՀԿ-ները Հայաստանում կենսական դեր են խաղում կանանց և աղջիկների անվտանգության ապահովման, իրավազորման և գենդերային հավասարության խթանման գործում՝ թե՛ համայնքային, թե՛ ազգային մակարդակներում:
Նրանց ջանքերի տիրույթն ընդգրկուն է` որպես պետությանը կարևոր գործընկերներ փորձագիտական կարողություն և համայնքային վստահություն պահանջող ոլորտներում էական ծառայությունների մատուցումից մինչև իրազեկության բարձրացման միջոցառումներ և սոցիալական նորմերից ու կարծրատիպերից բխող խոչընդոտների հաղթահարում: Ավելին, ՔՀԿ-ներն ակտիվորեն ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով կանանց և աղջիկների տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամին արձագանքելու գործում:
Կին իրավապաշտպանները (ԿԻՊ) Հայաստանում բախվում են բազմաբարդ մարտահրավերների՝ չնայած իրենց կարևորագույն աշխատանքին: Աշխատելով շատ սահմանափակ ռեսուրսներով և քաղաքականապես բևեռացված միջավայրում՝ նրանք հաճախ մարգինալացվում են մարդու իրավունքների հիմնահոս քննարկումներում, մասնավորապես՝ քաղաքացիական և քաղաքական զգայուն հարցեր հասցեագրելիս կամ հզոր հանրային դերակատարներին մարտահրավեր նետելիս: ԿԻՊ-ները ենթարկվում են լրատվամիջոցների կողմից էլ ավելի խիստ հսկողության, հանրային ճնշման և սոցիալական խարանի, այդ թվում՝ ընտանեկան աջակցության բացակայության, ինչը հաճախ հանգեցնում է մասնագիտական այրման: Այս դժվարությունները հատկապես ցայտուն են հեռավոր շրջաններում, որտեղ կանանց կողմից ղեկավարվող կամ կանանց խնդիրներով զբաղվող ՔՀԿ-ները բախվում են սահմանափակ ռեսուրսների և կառուցվածքային խոչընդոտների խնդիրներին: Միջազգային մոնիթորինգային մարմինները մտահոգություն են հայտնել ԿԻՊ-ների դեմ սպառնալիքների, ահաբեկման, ոտնձգությունների և հարձակումների վերաբերյալ, այդ թվում՝ ոչ պետական գործիչների կողմից: Այս հարձակումները պետք է քննվեն, և աջակցություն պետք է տրամադրվի ԿԻՊ-ներին և նրանց կարևոր աշխատանքին:
Կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքին շարունակում է սահմանափակվել գենդերային կարծրատիպերով, հասարակական ակնկալիքներով և գենդերային թշնամանքով: Այցի ընթացքում մենք լսեցինք, որ «կանանց տեղը բանակցությունների սեղանի շուրջը չէ»: Կին իրավապաշտպանները, կին քաղաքական գործիչները և հանրային կյանքում ակտիվ այլ կանայք շարունակում են բախվել ատելության խոսքի, առցանց և անցանց բռնության, հետապնդման, անձնական տեղեկությունների հավաքման և տարածման և այլ տեսակի սպառնալիքների: Նման հարձակումներին հարկ է ավելի լուրջ վերաբերվել, և անհրաժեշտ են ավելի ուժեղ իրավական, ինստիտուցիոնալ և կանխարգելիչ արձագանքներ՝ կանանց համար հանրային և քաղաքական կյանքին անվտանգ և հավասար մասնակցության ապահովման համար: Կանանց և երիտասարդների խորհուրդներն արժեքավոր տարածք և հնարավորություն են ընձեռում տեղական մակարդակում գենդերային և երիտասարդությանը խնդիրներին արձագանքող հանրային քաղաքականությունների ընդունման ուղղությամբ ազդեցություն ունենալու համար:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին երաշխավորել կանանց և աղջիկների լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ ներդնելով և կիրառելով գենդերային հավասարությանն աստիճանաբար հասնելու միջոցառումներ, համաձայն Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին կոնվենցիայի կոմիտեի թիվ 40 ընդհանուր հանձնարարականի: Սա պետք է ներառի կանանց, մասնավորապես՝ կին իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և քաղաքական գործիչների պաշտպանության ուժեղացումը հանրային կյանքում, ապահովելով նրանց անվտանգությունը, ոտնձգություններից և ճնշումներից զերծ լինելը, ինչպես նաև ստեղծելով պայմաններ նրանց լիարժեք մասնակցության համար: ՔՀԿ-ները և ԿԻՊ-երը պետք է ճանաչվեն որպես կարևոր գործընկերներ, համակարգված կերպով ներգրավվեն քաղաքականությունների մշակման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում և ստանան աջակցություն` իրենց աշխատանքը կատարելու համար բավարար ռեսուրսների տեսքով: Հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երիտասարդ, գյուղաբնակ, տեղահանված և փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց ներկայացվածության և առաջնորդության ապահովմանը, ովքեր պետք է ներկա լինեն որոշումների կայացման սեղանի շուրջ, այլ ոչ թե պարզապես հանրային քննարկման ժամանակ խորհրդակցական մասնակցություն ունենան: Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս ստեղծել և ամրապնդել Մարդու իրավունքների և գենդերային հավասարության խորհուրդները կամ նմանատիպ մարմինները տեղական մակարդակում՝ որպես իրենց ողջ բազմազանությամբ կանանց և աղջիկների մասնակցությունը հանրային կյանքում և տեղական որոշումների կայացման գործընթացներում բարձրացնելու ուղիներ:
Տնտեսական և հասարակական կյանք
Կրթություն
Հայաստանն ունի բարձր գրագիտության մակարդակ՝ ավելի քան 99%, ինչը գովելի է, բացի այդ, մեծահասակների ավելի քան 60%-ն առնվազն միջնակարգ կրթություն ունի: Սահմանադրության 38-րդ հոդվածն ամրագրում է կրթության իրավունքը, որը ներառում է նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Պարտադիր կրթությունը սկսվում է վեց տարեկանից: Դպրոցական կրթության նվազագույն տևողությունը 12 տարի է, սովորաբար մինչև 18 տարեկանը, և այն անվճար է: 2024 թվականի տվյալների համաձայն՝ Հայաստանում աղջիկների 96.2%-ը և տղաների 99.4%-ը ավարտում է հիմնական դպրոցը:
2024 թվականին կանայք կազմում էին մագիստրոսի աստիճան ստացած շրջանավարտների 44%-ը, ասպիրանտուրա ավարտածների 34%-ը և գիտությունների դոկտորների 57%-ը։ Չնայած բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներում կանանց շրջանում առաջընթացին` կրթության, սոցիալական աշխատանքի, առողջապահության, արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտներում կանանց մասնաբաժինը շատ ավելի մեծ է, քան տղամարդկանց մասնաբաժինը, մինչդեռ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարապետության և շինարարության ոլորտներում ուսանողների մեծ մասը դեռ տղամարդիկ են։ Հայաստանը պետք է զարգացնի իր բարձր գրագիտության և ավարտական ցուցանիշները՝ լուծելով գենդերային սեգրեգացիայի խնդիրը ուսումնառության ոլորտներում, մասնավորապես ԲՏՃՄ-ում, և բոլոր մակարդակներում ինտեգրելով համապարփակ, իրավունքների վրա հիմնված և տարիքին համապատասխան սեռական կրթության, մարդու իրավունքների և վերարտադրողական առողջության ուսումնական ծրագրերը։ Կրթության մեջ ներդրումները, մարդու իրավունքների անհրաժեշտ պարուրաձև ուսումնական ծրագրերի, այդ թվում` համապարփակ սեռական կրթության և վերարտադրողական առողջության դասերի հետ զուգորդմամբ, կարող են և պետք է հիմք հանդիսանան ապագայում համապարփակ, իրավունքների վրա հիմնված և տարիքին համապատասխան ուսումնական ծրագրերի մշակման համար։
Զբաղվածություն
Թեև Հայաստանում կանայք հաճախ հասնում են կրթական բարձր մակարդակի, դա դեռ չի վերածվում զբաղվածությանը հավասար հասանելիության, աշխատաշուկայում մասնակցության, հավասար վարձատրության կամ ղեկավար պաշտոններ ստանձնելու հնարավորությունների: Գենդերային հավասարությունն առանցքային է Հայաստանի տնտեսական հեռանկարների համար: Կանայք դեռևս ունեն տնտեսական աճին մասնակցելու և նպաստելու զգալի չօգտագործված ներուժ:
Հայ կանայք միջինում մոտ 25-30%-ով պակաս են վաստակում, քան տղամարդիկ՝ հաշվի առնելով այնպիսի դիտարկելի բնութագրերը, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածության ոլորտները և մասնագիտությունները: 2024 թվականին 15-ից 74 տարեկան կանանց միայն 49%-ն էր աշխատուժի մաս կազմում , այսինքն՝ զբաղված էր կամ ակտիվորեն աշխատանք էր փնտրում: Նույն տարվա ընթացքում կանանց ընդհանուր զբաղվածությունը շարունակել է ցածր լինել՝ 42%, ընդ որում կանանց 7%-ը գործազուրկ է: Տնտեսական անհավասարությունը պահպանվում է նաև ավելի մեծ տարիքում. 2024 թվականին կանանց կենսաթոշակը միջինում կազմել է 48,790 ՀՀ դրամ՝ տղամարդկանց դեպքում 50,744 ՀՀ դրամի համեմատ, այնինչ կանայք կազմում են բոլոր թոշակառուների 60%-ը: Տարեց կանայք պետք է հասանելիություն ունենան անհատականացված աշխատանքային և վերապատրաստման ծրագրերին՝ ապահովելու նրանց արժանապատվությունը, ինքնավարությունը և տնտեսական անկախության հասանելիությունը:
Տնտեսական անհավասարությունները սրվում են` չվճարվող խնամքի և տնային աշխատանքների անհավասար բաշխմամբ: Կանայք շաբաթական 19.8 ժամ են ծախսում տնային գործերի վրա, այսինքն՝ տղամարդկանց ծախսած 7.5 ժամից կրկնակի ավելի, ինչը էլ ավելի է սահմանափակում նրանց տնտեսական մասնակցությունը և հնարավորությունները: Աշխատանքային պայմանագիր ունեցող կամ ինքնազբաղված աշխատող մայրերն իրավունք ունեն պետության կողմից ֆինանսավորվող 140 օրվա վճարովի մայրության արձակուրդի, որը հաշվարկվում է իրենց աշխատավարձի չափով:
Չաշխատող մայրերը ունեն նաև ծննդաբերության նպաստ ստանալու իրավունք՝ նվազագույն աշխատավարձի չափով հաշվարկված միանվագ վճարումների տեսքով: Նորածիններ ունեցող մայրերի մայրության դրամական նպաստ ստացող մայրերի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է 61%: Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ կրծքով կերակրման համար ընդմիջումները կերակրող մայրերի համար պետք է ապահովվեն մինչև երեխայի 18 ամսական դառնալը: Հայրության արձակուրդը ներդրվել է 2021 թվականին, և հայրերն իրավունք ունեն հնգօրյա լրիվ վճարվող արձակուրդի՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո ընտանիքին աջակցելու համար: Այս արձակուրդը պետք է օգտագործվի երեխայի ծնվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում և վճարվում է հոր միջին օրական աշխատավարձի 100%-ի չափով։
Աշխատանքային խումբը նշում է, որ Աշխատանքային օրենսգրքի համար շահեկան կլինի խտրականությունն արգելող ավելի հստակ և համապարփակ դրույթների ընդգրկումը, այդ թվում՝ աշխատանքի ընդունման, աշխատանքային պայմանների, առաջխաղացման, աշխատանքից ազատման և մայրության արձակուրդից հետո վերաինտեգրման հարցերում՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի: Աշխատավայրում խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ամրապնդումը շարունակում է կարևոր լինել: Սա ներառում է աշխատանքի տեսչությունների լիազորությունների և կարողությունների ընդլայնումը, դատական և արտադատական պաշտպանության միջոցների բարելավումը, ինչպես նաև մայրության արձակուրդից հետո կանանց աշխատանքի վերադարձին աջակցող թիրախային ծրագրերի ներդնումը:
Աշխատանքային խումբը մտահոգված է նրանով, որ խնամքի պարտականությունները դեռևս անհամաչափորեն դրված են կանանց վրա, ինչը սահմանափակում է նրանց տնտեսական անկախությունը և հասարակական մասնակցությունը: Մսուրների և մանկապարտեզների ընդլայնումը, հատկապես խոշոր քաղաքային կենտրոններից դուրս, և տղամարդկանց` ծնողական արձակուրդ վերցնելու խրախուսումը կարևոր են: Պետական քաղաքականությունը պետք է խթանի ընտանիքներում խնամքի ավելի հավասար բաշխումը: Անհրաժեշտ են նաև ավելի նպատակային և բավարար չափով ֆինանսավորվող միջոցառումներ՝ կանանց, մասնավորապես՝ խնամքի պարտականություններ ունեցողների, ինչպես նաև տարեց, գյուղաբնակ, ցածր եկամուտ ունեցող, տեղահանված, հաշմանդամ կանանց և բռնության ենթարկված անձանց համար աշխատաշուկա մուտքի և ընդմիջումից հետո վերստին մուտք գործելուն աջակցելու նպատակով:
Կանանց ավելի մեծ տնտեսական մասնակցությունը կարող է ամրապնդել անկախությունը, ավելացնել ՀՆԱ-ն և օգնել կանխել ընտանեկան բռնությունը: Աշխատանքային խումբը կոչ է անում ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել մարզային անհավասարությունները հաղթահարելու և քաղաքային տարածքներից դուրս աշխատատեղերի, ծառայությունների, բնակարանների, ապաստարանների, տրանսպորտի և խնամքի ենթակառուցվածքների հավասար հասանելիությունն ապահովելու համար: Գենդերարձագանքող բյուջետավորումը և գենդերային բաղադրիչի ներառումը պետք է համակարգված կերպով ինտեգրվեն կառավարության բոլոր մակարդակներում: Համաձայն Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICESCR) շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների` անհրաժեշտ հանրային և «կոշտ» ենթակառուցվածքների զարգացումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի այդ իրավունքների աստիճանական իրականացումը և արդար, մատչելի և գենդերարձագանքող սոցիալական պաշտպանության ծառայությունների որդեգրումը:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ամրապնդել կանանց տնտեսական հզորացումը և բովանդակային հավասարությունը՝ արգելելով զբաղվածության ոլորտում խտրականության բոլոր ձևերը, պահպանելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICESCR) չափորոշիչները, բարելավելով կիրարկման մեխանիզմները և ընդլայնելով կանանց աշխատաշուկա մուտք գործելու և ընդհատումից հետո վերստին մուտք գործելու նպատակային աջակցությունը: Սրա համար պահանջվում է տարեցների խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և աջակցության, ինչպես նաև երեխաների խնամքի ենթակառուցվածքների, մասնավորապես՝ նախադպրոցական և մանկապարտեզների ընդլայնում, խթանելով ընտանիքներում խնամքի պարտականությունների հավասար բաշխումը և ընդլայնելով խոցելի կամ անբարենպաստ պայմաններում գտնվող կանանց զբաղվածության նախաձեռնությունները: Բոլոր կանանց և աղջիկների համար հավասար հնարավորություններ ապահովելու համար պետությունը պետք է լուծի մարզային անհավասարության խնդիրը և ինստիտուցիոնալացնի գենդերային առումով պատասխանատու բյուջետավորումը և գենդերային հավասարության ներառումը կառավարության բոլոր մակարդակներում:
Ընտանեկան և մշակութային կյանքը
Աշխատանքային խումբը ողջունում է այցի ընթացքում դիտարկված սերնդափոխության հստակ նշանները: Մեզ խորապես ոգևորեցին աղջիկների և երիտասարդ կանանց ձայները, որոնք ներկայացրին ավելի մեծ հավասարության, ինքնավարության և հանրային կյանքում ակտիվ մասնակցության ազդեցիկ անցումն արտացոլող նրանց ձգտումները: Նրանց վստահությունը, տեսլականը և Հայաստանի ապագայի կառուցմանը նվիրվածությունը ներկայանում է որպես հաջորդ սերնդի փոխակերպման ներուժի վկայություն: Աշխատանքային խումբը գոհունակությամբ է նկատում այս զարգացումները և ընդգծում է այս դրական դինամիկան պահպանելու կարևորությունը կրթության, հանրային իրազեկման նախաձեռնությունների և նպատակային քաղաքականության մեջ կայուն ներդրումների միջոցով, որոնք խրախուսում և զորեղացնում են երիտասարդ կանանց և աղջիկներին՝ իրենց իրավունքներն ու առաջնորդական ներուժը լիարժեքորեն իրացնելու համար:
Միևնույն ժամանակ, Աշխատանքային խումբը մտահոգված է խորապես արմատացած հայրիշխանական կարծրատիպերով, որոնք շարունակում են ձևավորել Հայաստանում ընտանեկան և մշակութային կյանքը: Ընտանիքում կանանց դերերի, մասնագիտության ընտրության, վերարտադրության և խնամքի վերաբերյալ ակնկալիքները շարունակում են ամուր լինել և ազդում են կանանց և աղջիկների իրավունքների վրա բազմաթիվ ոլորտներում: Վնասակար գենդերային կարծրատիպերը նույնպես խոչընդոտներ են ստեղծում տղամարդկանց և տղաների ազատության և իրավունքների լիարժեք իրականացման համար:
Աշխատանքային խումբը գովեստով է նկատում եզդի ակտիվիստների հետ համագործակցությամբ Հայաստանի օրենսդրական ջանքերը՝ անչափահասների և/կամ հարկադիր ամուսնությունները, ինչպես նաև հարսնացուների առևանգումը քրեականացնելու ուղղությամբ, միջոցառումներ, որոնք նպաստել են այս վնասակար գործելակերպերի նկատելի նվազմանը: Միևնույն ժամանակ, Աշխատանքային խումբը շարունակում է մտահոգվել այն հանգամանքով, որ նման գործելակերպերը դեռևս կիրառվում են որոշակի համայնքներում, հատկապես՝ եզդիների մոտ, խաթարելով աղջիկների իրավունքները, այդ թվում՝ կրթության, մարմնական ամբողջականության և արժանապատվության իրավունքները, և, հետևաբար, պահանջում են ավելի նպատակային միջոցառումներ պետության կողմից՝ համագործակցելով ազդակիր համայնքների հետ:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ակտիվացնել կայուն հայրիշխանական նորմերի դեմ պայքարին և վերափոխմանը ուղղված ջանքերը՝ իրականացնելով կայուն, լավ ռեսուրսներով հագեցած հանրային իրազեկման արշավներ, որոնք ուղղված են հասարակության մեջ խտրական գենդերային կարծրատիպերի և այնպիսի վնասակար գործելակերպի դեմ պայքարին, ինչպիսին է անչափահասների ամուսնությունը: Այս ջանքերում պետք է ներգրավվեն լրատվամիջոցները, կրթական համակարգը, տղամարդ դաշնակիցները և համայնքային մակարդակի գործիչներին` կանանց և աղջիկների, այդ թվում՝ փոքրամասնությունների, օրինակ` եզդիական համայնքի ներկայացուցիչների դրական և իրավազորող ներկայացվածությունը խթանելու համար:
Միաժամանակ, նպատակային քաղաքականությունները պետք է աջակցեն աղջիկների և երիտասարդ կանանց շրջանում ավելի բարձր մակարդակի հավասարությանը, ինքնավարությանը և մասնակցությանը միտված աստիճանաբար ավելացող ձգտումներին` ապահովելով այս խոստումնալից միջսերնդային փոփոխությունների քաջալերումն ու պաշտպանությունը: Նման համապարփակ և համակարգված միջոցառումները կարևոր են ընտանիքում, հանրային կյանքում, կրթության, զբաղվածության և առաջնորդության մեջ կանանց և տղամարդկանց դերերի վերաբերյալ նախապաշարմունքները վերացնելու, ինչպես նաև բոլոր կանանց և աղջիկների համար իրենց իրավունքների, արժանապատվության և հնարավորությունների լիարժեք իրացումն ապահովելու համար:
Առողջապահություն
Առողջապահական ծառայությունների ընդհանուր հասանելիություն
1990-ական թվականներից ի վեր Հայաստանը խոշոր առողջապահական բարեփոխումներ է ձեռնարկել՝ կենտրոնանալով ապակենտրոնացման, մասնակի սեփականաշնորհման և Պետական առողջապահական գործակալության ստեղծման վրա: Աշխատանքային խումբը բարձր է գնահատում 2026 թվականի հունվարի 1-ից համընդհանուր առողջապահական ապահովագրության (ՀԱԱ) ներդրումը, որը բարելավել է բուժծառայություններիբ հասանելիությունը 18 տարեկանից փոքր աղջիկների և 65 տարեկանից բարձր կանանց, ինչպես նաև ֆինանսական սահմանափակումներ ունեցողների, հաշմանդամություն ունեցող կանանց, սոցիալապես խոցելի խմբերի և որոշակի շեմից բարձր աշխատավարձ ստացող աշխատողների համար:
Այնուամենայնիվ, Աշխատանքային խումբը նկատել է կառուցվածքային անհավասարություններ առողջապահության, այդ թվում՝ մայրական առողջապահության հասանելիության հարցում, հատկապես գյուղական և ցածր եկամուտ ունեցող տարածքներում: Ավելին պետք է արվի բժիշկների և ծառայությունների մարզային կենտրոնացվածության խնդիրը լուծելու և տարեց կանանց, անապահով կանանց և աղջիկների, եզդիների և փոքրամասնությունների այլ համայնքների, գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող և տեղահանված անձանց համար հավասար հասանելիություն ապահովելու համար, հատկապես հոգեկան առողջության խնամքի ծառայությունների, այդ թվում՝ հետծննդաբերական խնամքի առումով:
Սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներ
Աշխատանքային խումբը գովեստով է արձանագրում կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի և ՄՊՎ պարտադիր պատվաստման ուղղությամբ գործադրված ջանքերը ԱՀԱ-ի շրջանակներում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում նորածնային և մայրական մահացության ցուցանիշների զգալի բարելավումներ են գրանցվել: Հայաստանում մայրական մահացության հարաբերակցությունը 100,000 կենդանի ծնունդների հաշվով 2000 թվականի 40.3 ցուցանիշից նվազել է մինչև 2023 թվականին արձանագրված 25.6-ը:
Այնուամենայնիվ, Աշխատանքային խումբը մտահոգված է յուրաքանչյուր աղջկա հաշվով 1.10 տղա ծնելիության հարաբերակցությամբ, որը, ենթադրաբար, հիմնված է Հայաստանում տղաների նախընտրության պատճառով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վրա, որը արմատապես պայմանավորված է գենդերային անհավասարությունն արտացոլող սոցիալ-մշակութային և պատմական գործոնների բարդ համադրությամբ:
2024 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ կանայք կարող են օգտվել դեղորայքային միջոցներով հղիության արհեստական ընդհատումից հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում, իսկ մինչև ութ շաբաթ հղիության ընթացքում՝ նույնիսկ ամբուլատոր պայմաններում: Հղիության արհեստական ընդհատումը, այդ թվում՝ վիրաբուժական միջոցով, թույլատրվում է 12-ից 22 շաբաթական հղիությունների դեպքում՝ որոշակի պայմաններում:
Այնուամենայնիվ, հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում հղիության արհեստական ընդհատման համար սահմանվում է պարտադիր եռօրյա ժամկետ, և կանայք ենթարկվում են իրենց ֆիզիկական և հոգեբանական ամբողջականության, իրենց ինքնավարության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքի խախտման՝ որոշում կայացնելուց առաջ պտղի ուլտրաձայնային հետազոտություն անցնելու բժշկական պրակտիկայի միջոցով: Պտղի ուլտրաձայնային հետազոտության հետ կապված սոցիալ-մշակութային գործելակերպերը պաթոլոգիզացնում են հղիների մարմինները և հարատևացնում այն տրամաբանությունը, ըստ որի հղի կանայք ստորադասվում, վարկաբեկվում, արժեզրկվում և վերահսկվում են սոցիալական հարաբերություններում՝ որպես կանայք և ապագա մայրեր:
Հղիության արհեստական ընդհատման հաճախակի օգտագործման մասին հաղորդումները ցույց են տալիս, որ բեղմնականխիչ մեթոդների հասանելիության խոչընդոտները դեռ պահպանվում են: Սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներից օգտվելու շուրջ առկա խարանը դեռևս լայն տարածում ունի, որն ամրապնդվում է կանացիության և մայրության մասին ազգայնական և բարոյականացնող պատումներով: Շատ կանայք վախենում են մերժված լինելուց, բուժծառայություններ մատուցողների, ընտանիքի անդամների կամ իրենց համայնքների կողմից դատապարտումից և, հետևաբար, հետաձգում կամ խուսափում են խնամքի դիմելուց:
Հասարակական տաբուների և ակնկալիքների հետ կապված համակարգված և տարիքին համապատասխան համապարփակ և ներառական սեռական կրթության բացակայությունը դժվարացնում է աղջիկների և կանանց համար որակյալ ծառայություններից, հասանելի և ֆինանսապես մատչելի բեղմնականխիչ մեթոդներից օգտվելը և ստիպում նրանց ապավինել ոչ ֆորմալ ցանցերին և ՀԿ-ների կողմից մատուցվող ծառայություններին: Անհրաժեշտ է ավելի շատ հանրային տեղեկատվություն և իրազեկություն սեռական և վերարտադրողական առողջության իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև ճշգրիտ, իրավունքահենք և խարանից զերծ ծառայությունների ավելի մեծ հասանելիություն:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ուժեղացնել ԱՀԱ շրջանակը` բոլոր կանանց և աղջիկների, այդ թվում՝ գյուղական, հեռավոր և մարգինալացված համայնքներում բնակվողների համար որակյալ առողջապահական և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններին հավասար, ֆիզիկապես, բովանդակայնորեն և ֆինանսապես մատչելի և խարաններից զերծ հասանելիություն ապահովելու համար:
Այստեղ հարկ է ներառել մարզերում բուժաշխատողների սակավության խնդրի լուծումը, մայրական, հոգեկան առողջության և հետծննդյան խնամքի ընդլայնումը, ինչպես նաև կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի շարունակականությունը երկրի ողջ տարածքում: Հայաստանը պետք է վերացնի կնոջ մարմնական ինքնավարությունը խաթարող խոչընդոտները, ինչպիսիք են` պարտադիր սպասելաժամանակը և ուլտրաձայնային հետազոտության ներխուժող (ինտրուզիվ) գործելակերպերը՝ միաժամանակ երաշխավորելով ժամանակակից բեղմնականխիչների հասանելիությունը և վերացնելով խարանը ծառայությունների մատուցման ժամանակ: Համապարփակ, տարիքին համապատասխան սեռական կրթության ներդրումը և հանրային իրազեկման արշավների ընդլայնումը կարևոր են կարծրատիպերի դեմ պայքարի և վնասակար գործելակերպերի, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների կանխարգելման համար: Միասին, այս քայլերը կարևոր նշանակություն ունեն` ապահովելու բոլոր կանանց և աղջիկների առողջապահական իրավունքների լիարժեք իրացումը, այդ թվում՝ իրենց մարմինների և ապագայի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը:
Գենդերային բռնություն (ԳԲ)
Ընտանեկան և գենդերային բռնության նկատմամբ իրավական արձագանքների գործընթացում առաջընթաց է գրանցվել։ 2017 թվականի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը հիմնարար քայլ էր, որը լայն սահմանում էր տալիս ընտանեկան բռնությանը՝ դրանում ներառելով ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական բռնությունը։ 2024 թվականին ընդունված փոփոխություններն էլ ավելի ընդլայնեցին օրենքի շրջանակը՝ պաշտոնապես ճանաչելով զուգընկերներին, այդ թվում՝ ոչ ամուսնական և նույնասեռ հարաբերություններում գտնվողներին, և հեռացնելով «ընտանեկան համերաշխության» վերաբերյալ հնացած ձևակերպումը։
Բացահայտորեն ճանաչվեցին բռնության նոր ձևեր, ինչպիսիք են` հարկադիր հոգեբուժական և բժշկական միջամտությունները, կուսության ստուգումը, հարազատների հետ շփման վերահսկողությունը կամ սահմանափակումը և տնտեսական բռնի արարքը։ Փոփոխություններով նաև առաջին անգամ քրեականացվեց հետամտումը և ճանաչվեց ընտանիքի ներսում բռնությանը ականատես երեխաների կրած վնասը՝ նման փորձառությունը համարելով բռնության մի ձև։ Փոփոխություններով ամրապնդվեց բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը՝ անհետաձգելի միջամտության գործողությունների, երկարացված ժամկետով պաշտպանական որոշումների, կրկնահանցագործների համար խստացված պատիժների և անվճար բժշկական օգնությանն առաջնահերթություն տալու միջոցով։
Աշխատանքային խումբը ողջունում է այս բարեփոխումները և նշում, որ գենդերային բռնությունը (ԳԲ) գենդերային խտրականության ամենադաժան դրսևորումն է: Եթե նման խտրականությունը լիովին չհասցեագրվի, ԳԲ-ն, ինչպես նաև հասարակությունում առկա բռնության ավելի լայն ձևերը, չեն նվազի: [3] ԳԲ-ը շարունակում է դրսևորվել բազմաթիվ ձևերով, այդ թվում՝ ընտանեկան բռնություն, տնտեսական բռնություն, հարսնացուների առևանգում, անչափահասների ամուսնություններ, աշխատավայրում և այլ վայրերում բռնություն և ոտնձգություններ, ինչպես նաև ֆիզիկական և հոգեբանական բռնություն:
Աշխատանքային խումբը նկատել է, որ ԳԲ-ի դեպքերի և տարածվածության վերաբերյալ ամբողջական վիճակագրության պակաս կա, և որ կիրարկման բացերը, անհետևողական ինստիտուցիոնալ աշխատակարգերը և արմատացած հայրիշխանական հասարակական նորմերը շարունակում են խաթարել կանանց անվտանգությունը և արդարադատության հասանելիությունը: Հաղորդված դեպքերի աճը, ենթադրաբար, պայմանավորված է մի շարք, այդ թվում՝ դրական գործոններով, ինչպիսիք են՝ բռնության ենթարկված անձանց շրջանում իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և նրանց շրջանում հաստատությունների նկատմամբ վստահության աճը, Safe YOU հավելվածի նման գործիքների առկայությունը, ինչպես նաև պատերազմի և տեղահանության թաքնված ազդեցության պատճառով ընտանեկան բռնության իրական աճը:
Աշխատանքային խումբը մտահոգված է նրանով, որ ընտանեկան բռնությունը Քրեական օրենսգրքում դեռևս որպես ինքնուրույն հանցագործություն չի ճանաչվում: Փոխարենը, Քրեական օրենսգիրքը հիմնվում է ընդհանուր դրույթների և ծանրացուցիչ հանգամանքների համակցության վրա այն դեպքերում, երբ բռնարարը մերձավոր ազգական է: Սեռական բռնության հիմնական ձևերը քրեականացված են, սակայն ամուսնական բռնաբարությունը, չնայած օրենքով նախատեսված բացառություն չէ, գործնականում հազվադեպ է ճանաչվում կամ քրեորեն հետապնդվում: Բռնության ենթարկված անձինք շարունակում են բախվել արդարադատության մատչելիության խոչընդոտների: Քննությունները և դատական գործընթացները խաթարվում են գենդերային կարծրատիպերի, իրավապահ մարմինների աշխատակիցների անբավարար պատրաստության և բռնության ենթարկված անձանց մեղադրող կամ վարկաբեկող հասարակական նորմերի պատճառով: Գենդերային բռնության թվանշային և տեխնոլոգիական ձևերը դեռևս բավարար չափով հասցեագրված չեն՝ չնայած ընտրություններին ընդառաջ կիբեռհետամտման, առցանց ոտնձգությունների, նկարների տարածման սպառնալիքների և տեխնոլոգիական գործիքների միջամտությամբ այլ վնասների տարածվածության աճին։
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին օրենքի կիրարկման մեխանիզմները զգալի ամրապնդման կարիք ունեն: Ոստիկանության կողմից ապացույցների հավաքումը դեռևս անհետևողական է, միջգերատեսչական համակարգումը հարթ չէ, իսկ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների հետ կապված դատական պրակտիկան զուրկ է միատարրությունից: Վարչական դատարանների կողմից անհետաձգելի միջամտության միջոցառումների բեկանման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կանանց անվտանգության և ինստիտուցիոնալ հուսալիության վերաբերյալ: Անհապաղ անհրաժեշտ է ավելի հետևողական, բռնության ենթարկված անձանց վրա կենտրոնացող մոտեցում ոստիկանության, քննչական, իրավապահ և դատական բոլոր մակարդակներում: Բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները, ինչպիսիք են` թեժ գիծը, իրավաբանական օգնությունը, ապաստարանները կամ խորհրդատվությունը, սահմանափակ են և հիմնականում տրամադրվում են ՔՀԿ-ների կողմից:
Կարողությունների զարգացման անհրաժեշտությունը սուր է։ Ոստիկանների միայն 4%-ն է կին, ինչն ազդում է հաղորդումների և բռնության ենթարկված անձանց կողմից համակարգի նկատմամբ վստահության վրա, իսկ վերապատրաստում անցած ոստիկանները երբեմն նշանակվում են այլ պաշտոնների, ինչի արդյունքում փորձագիտական կարողությունը չի պահպանվում ինստիտուցիոնալ մակարդակում: Հանրային տարբեր ծառայություններում ստանդարտացված ուսումնական ծրագրերի բացակայությունը նշանակում է, որ մասնագետները, այդ թվում՝ քննիչները, սոցիալական աշխատողները, հանրային պաշտպանները, պրոբացիայի աշխատակիցները և հաշտարարները, հաճախ տարբեր մեթոդաբանություններ են կիրառում։ Այս հատվածականացումը խաթարում է մասնագիտացված հմտությունների զարգացումը և համակարգված արձագանքները։ Բռնարարներին ուղղված ծրագրերը, չնայած կարևոր և նոր ձևավորվող գործելակերպ լինելուն, պահանջում են լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, մոնիթորինգ և գնահատում։
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին ուժեղացնել գենդերային բռնության դեմ պայքարի իր միջոցները՝ ընտանեկան բռնությունը ճանաչելով որպես առանձին քրեական հանցագործություն և ապահովելով գենդերային բռնության բոլոր ձևերի, ներառյալ ամուսնական բռնաբարությունը և տեխնոլոգիաների միջոցով իրականացվող բռնության լիարժեք հասցեագրումը օրենքներում, քաղաքականությունում և պրակտիկայում:
Սրա համար պահանջվում է կանխարգելման և իրավապահ մեխանիզմների զգալի բարելավում՝ ոստիկանության կողմից ապացույցների հետևողական հավաքման ապահովման, միջգերատեսչական համակարգման ամրապնդման և անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների միատեսակ կիրարկման երաշխավորման միջոցով, որոնք չեն բեկանվի` վտանգելով բռնության ենթարկված անձանց: Հայաստանը պետք է նաև երաշխավորի բռնության ենթարկված անձանց համար արդյունավետ, գենդերազգայուն և անվճար իրավաբանական օգնության, հոգեբանական աջակցության և մատչելի ապաստարանների առկայությունը, մասնավորապես՝ գյուղական և սահմանամերձ շրջաններում, և ինստիտուցիոնալացնի տրավման հաշվի առնող, զոհակենտրոն արձանագրությունները ոստիկանությունում, դատախազությունում, դատարաններում և սոցիալական ծառայություններում: Բռնարարներին ուղղված ծրագրերը պետք է ընդլայնվեն, ապահովվեն բավարար ռեսուրսներով, գնահատվեն արդյունավետության որոշման նպատակով և ներառվեն համակարգված, բռնության ենթարկված անձանց անվտանգությունն առաջնային համարող շրջանակում:
Կանայք և աղջիկները բախվում են խտրականության բազմաթիվ և փոխհատվող ձևերի
Եզդի ( Ղուկասավան ) կանայք և աղջիկներ
Տարբեր էթնիկ պատկանելության կանայք և աղջիկները, մասնավորապես եզդիական համայնքներից, բախվում են խտրականության փոխհատվող ձևերի, որոնք արմատավորված են թե՛ նրանց էթնիկ ինքնության, թե՛ սեռի մեջ: Խորապես արմատավորված հայրիշխանական նորմերը պարտադրում են քարացած գենդերային դերեր, որոնք կանացիությունը կապում են համեստության, հնազանդության և կուսության հետ, ինչը հանգեցնում է աղջիկների վարքագծի և տեղաշարժերի նկատմամբ լայնատարած վերահսկողության: Այսպիսի ակնկալիքները նպաստում են անչափահասների և/կամ հարկադիր ամուսնությունների բարձր մակարդակին, դեռահասների հղիություններին, սահմանափակ կրթական և աշխատանքային հնարավորություններին և սոցիալական բացառմանը:
Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ
Իրավական շրջանակը գովեստի արժանի կերպով նախատեսում է հաշմանդամության` մարդու իրավունքների վրա հիմնված մոդելը և սահմանում է այնպիսի հիմնական հասկացություններ, ինչպիսիք են հաշմանդամության հիմքով խտրականությունը, խելամիտ հարմարեցումները, մատչելիությունը և անկախ կյանքը։ Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալներում դեռ լուրջ բացեր կան տվյալների առումով, կան նաև համակարգային թերություններ, այդ թվում՝ տարաբաշխված վիճակագրության բացակայությունը, հաշմանդամության հետ կապված կարիքների թերարձանագրումը և հարցումների միջոցով նրանց փորձառությունները բավարար կերպով արտացոլելու անկարողությունը:
Կան հաստատությունների և հանրային տարածքների ֆիզիկական մատչելիության մշտական խոչընդոտներ, անբավարար է ուշադրությունը մտավոր և զարգացման հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Խնդիր է նաև տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց համար (ֆիզիկական, զգայական, մտավոր և զարգացման հաշմանդամություն) ունեցող անձանց համար մատչելի ձևաչափերով տեղեկատվության սահմանափակ մատչելիությունը:
Ազատազրկված աղջիկներ և կանայք
Աշխատանքային խումբը գոհունակությամբ է նկատում Աբովյանի քրեակատարողական հիմնարկում վերջերս կատարված վերանորոգումը, որը զգալիորեն բարելավել է կենսապայմանները: Այնուամենայնիվ, կանանց, այդ թվում՝ երեխաների հետ կալանավորված մայրերի համար նախատեսված ռեժիմը չի ապահովում մարդու իրավունքների միջազգային չափորոշիչներին և ՄԱԿ-ի Բանգկոկի կանոններին լիարժեք համապատասխանությունը:
Սա պետք է ներառի բոլոր կին կալանավորներին՝ թե՛ նախնական կալանքի տակ գտնվողներին, թե՛ դատապարտյալներին, օրական առնվազն ութ ժամ իմաստալից, գենդերազգայուն և նպատակային գործունեության (օրինակ՝ կրթություն, աշխատանք, հանգիստ և վերականգնողական ծրագրեր) հնարավորություն ընձեռելը և սահմանափակող պայմանների վերացումը, օրինակ` բացօթյա սահմանափակ ֆիզիկական վարժությունները, նույնիսկ երեխաների հետ լինելու դեպքում: Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխումը պետք է առաջնահերթություն ստանա՝ այն իսկապես մատչելի և արդյունավետ դարձնելու համար: Կալանքի այլընտրանքները պետք է իրականացվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Աշխատանքային խումբը մտահոգված է երեխաների և ընտանիքների աջակցության կենտրոններում, ճգնաժամային կենտրոններում և գիշերօթիկ հաստատություններում բնակվող աղջիկների և կանանց նկատմամբ ենթադրաբար անբավարար վերահսկողության, մոնիթորինգի և խտրականությունից ու բռնությունից պաշտպանության վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանայք և աղջիկներ
Աշխատանքային խումբը գոհունակությամբ է նկատում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղից եկած կանանց և աղջիկներին ընդունումը և մարդասիրական օգնության տրամադրումը, սակայն նաև նշում է, որ նրանք Հայաստանում բախվում են տնտեսական խոցելիության, բնակարանային անապահովության և մի շարք առանձնահատուկ ու խտրական սոցիալ-տնտեսական մարտահրավերների: Նրանց անկայուն վիճակը ուղղակիորեն կապված է իրենց տներից հարկադիր տեղահանման և հողի, նյութական ունեցվածքի և նախկինում սերտորեն կապված համայնքների կորստի հետ:
ԼԲՏԻՔ+ կանայք և աղջիկներ
ԼԳԲՏԻՔ+ կանայք և աղջիկները Հայաստանում բախվում են խտրականության տարբեր ձևերի, որոնք ձևավորվում են արմատացած գենդերային կարծրատիպերի, հասարակական խարանի և իրավական պաշտպանության բացերի պատճառով: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զեկույցներում փաստաթղթավորված է խախտումների լայն շրջանակ, այդ թվում՝ ատելության շարժառիթով բռնություն, բնակարանային ապահովման, զբաղվածության և կրթության ոլորտում խտրականություն, ինչպես նաև ընտանեկան բռնություն և սեռական բռնություն: Այս բռնությունները սրվում են իրավապահ մարմինների նկատմամբ լայն տարածում ունեցող անվստահության, իրավախախտումների մասին թերհաղորդման և պետության կողմից արձագանքման անարդյունավետության պայմաններում:
Գյուղաբնակ կանայք
Հայաստանի գյուղաբնակ կանայք բախվում են բազմաբարդ խտրականության, որը պայմանավորված է էական ծառայություններին, այդ թվում՝ զբաղվածության հնարավորություններին սահմանափակ հասանելիությամբ և կառուցվածքային անհավասարություններով: Շատերը չունեն հասանելիություն պատշաճ սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, մասնավորապես՝ պրոֆիլակտիկ բուժծառայությունների կամ հանգստի հնարավորությունների՝ աշխարհագրական մեկուսացման, ծառայություն մատուցողների բացակայության և սահմանափակ տրանսպորտի պատճառով:
Տարեց գյուղաբնակ կանայք ավելի անբարենպաստ վիճակում են, քանի որ ավելի ցածր կենսաթոշակներ են ստանում, ունեն սակավ անկախ եկամուտ կամ այսպիսի եկամուտ ասհասարակ չունեն՝ ամբողջ կյանքի ընթացքում չվճարվող գյուղատնտեսական և տնային աշխատանքից հետո:
Այս խոցելիությունները սրվում են շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի փոփոխության պատճառով, որոնք անհամաչափորեն են ազդում գյուղատնտեսական գործունեությունից կախվածությամբ գյուղական կենսապահովման միջոցների վրա և մեծացնում են կանանց չվճարվող աշխատանքային պարտականությունների շրջանակը: Հետևաբար, այս կոնկրետ կարիքների բավարարման համար կարևոր է ապահովել կլիմայական, բնապահպանական և զարգացման քաղաքականությունների գենդերազգայունությունը և կայունությունը:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս Հայաստանին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու խտրականության բազմակի և փոխհատվող ձևերին բախվող կանանց և աղջիկների, այդ թվում՝ գյուղաբնակ, տեղահանված, տարեց, հաշմանդամություն ունեցող, փոքրամասնությունների համայնքների, անապահով կամ ազատազրկված կանանց համար լիարժեք իրավական պաշտպանությունը և արդարադատության մատչելիությունը, անհրաժեշտ ծառայություններին և միջոցներին հավասար հասանելիությունը։ Սրա համար անհրաժեշտ են պատշաճ կերպով տարաբաշխված տվյալներ, խտրականության դեմ օրենսդրության խստացում, թիրախային ծառայությունների ընդլայնում և բոլոր հաստատությունների կողմից քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման և դատական պրակտիկայի փոխհատական մոտեցման ապահովում, որպեսզի ոչ մի կին կամ աղջիկ անտեսված չմնա։
Եզրակացություն
Հայաստանը գտնվում է վճռորոշ կետում, քանի որ այսօր կայացրած որոշումները ձևավորելու են երկրի ապագա խաղաղությունը, բարգավաճումը և ժողովրդավարական դիմակայունությունը։ Մինչ Հայաստանը պատրաստվում է համապետական ընտրություններին և միջազգային տեսանելիություն է ձեռք բերում՝ հյուրընկալելով COP17-ը, հրամայականը հստակ է. գենդերային հավասարությունը և կանանց ու աղջիկների իրավունքները պետք է դառնան կայուն խաղաղության, սոցիալական համախմբվածության և ներառական տնտեսական զարգացման հիմքը։
Վերջին շրջանի բարեփոխումները, այդ թվում՝ ընտանեկան և կենցաղային բռնության մասին օրենքի խստացումը, գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության և 2025-2028 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների երրորդ ազգային ծրագիրը (2025 – 2027) և Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 190 կոնվենցիայի վավերացումը վկայում են գովեստի արժանի առաջընթացի մասին։
Երկրի ողջ տարածքում առկա խոստումնալից գործելակերպերը, այդ թվում՝ համայնքային ծրագրերը և թվային նորարարական գործիքները, ցույց են տալիս, թե ինչպես թիրախային գործընկերությունները կարող են իրավունքները վերածել կանանց և աղջիկների համար իմաստալից փոփոխությունների: Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության` միջազգային գործընկերների հետ հետ ակտիվ աշխատանքն էլ ավելի է ընդգծում այն, որ Հայաստանը, գենդերային արդարության ձգտելով, օգտվում է ուժեղ ինստիտուցիոնալ և համայնքային մակարդակի դաշնակիցների աջակցությունից:
Այնուամենայնիվ, առաջնային իրավունքներից դեպի խտրականության բացառում և օրենքի առջև ֆորմալ հավասարությունից դեպի բովանդակային գենդերային հավասարություն անցումը կարևորագույն գործոն է: Օրենքի և ապրված իրականության միջև բացը շարունակում է զգալի լինել: Կանանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտում են դեպքերի թերհաղորդումները, անբավարար ինստիտուցիոնալ կարողությունները, անհետևողական, գենդերային գործոնը հաշվի չառնող կամ ոչ գենդերազգայուն դատական պրակտիկան, սեռով չտարաբաշխված տվյալների սահմանափակությունը և խորապես արմատացած կարծրատիպերը:
Բովանդակային հավասարության հասնելը կպահանջի ոչ միայն խտրականության դեմ պայքարի իրավական երաշխիքներ, այլև ավելի ուժեղ կիրարկում, գենդերարձագանքող օրենքներ և ոլորտային քաղաքականություններ, բռնության ենթարկված անձանց վրա կենտրոնացած ծառայություններ, խնամքի ընդլայնված ենթակառուցվածքներ և որոշումների կայացման ոլորտներում իրական հավասարություն:
Սա հնարավորության և պատասխանատվության պահ է։ Ընդունելով բովանդակային գենդերային հավասարության տեսլականը և շրջանակներ, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք, ներդրումներ կատարելով գենդերարձագանքող բյուջետավորման մեջ, ամրապնդելով համայնքային ծառայությունները և սերտորեն համագործակցելով կին իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության հետ՝ Հայաստանը կարող է կառուցել կայուն և ներառական խաղաղությամբ, զարգացմամբ և տնտեսական աճով բնութագրվող իր ապագան։
Ապագա, որտեղ յուրաքանչյուր կին և աղջիկ լիովին իրացնում է իր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային մարդու իրավունքները, ապրում է խտրականությունից և բռնությունից զերծ, հասարակությունում հավասար մասնակից է և նպաստում է խաղաղ և բարգավաճ պետության կառուցմանը։ Գենդերային հավասարության ապահովումը ոչ միայն ճիշտ ուղին է, այլև միակ ուղին դեպի արդար, դիմակայուն և առաջադեմ Հայաստան։
[1] https://www.ohchr.org/en/documents/tools-and-resources/ahrcwg11421-substantive-gender-equality-guidance-document-working
[2] https://www.ohchr.org/sites/default/files/documents/issues/women/wgdawg/wgdawg-create-framework.pdf
[3] UN CEDAW Committee General Recommendations 19 and 35.


















































