Կաթողիկոսին «քարով սատկացնելու» բռնության կոչից երեք ամիս անցել է, բայց այս խոսքերի հեղինակ Էդվարդ Ստեփանյանին Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել: Կոմիտեից «Ազատությանը» հայտնում են՝ նա որևէ կարգավիճակ չունի:
«Ես ո՛չ բռնության կոչ եմ արել, ո՛չ էլ Վեհափառին դեմ եմ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էդվարդ Ստեփանյանը, ով Գառնու համայնքապետարանում է աշխատում: Կաթողիկոսի դեմ խոսել էր իշխանական կայքի տեսախցիկի առաջ՝ դեկտեմբերի 28-ին, երբ վարչապետ Փաշինյանն իրենց համայնքում պատարագի էր մասնակցում: Կայքից մոտեցել էին բնակիչներին ու հարցրել՝ ինչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա: Այս տղամարդն էլ գլուխը քարով ջարդելու տարբերակն էր առաջարկել ու իշխանական կայքը դա տարածել էր:
Հարուցված քրեական գործով 2 անգամ հարցաքննության են կանչել ու վերջ, «Ազատությանն» ասաց Էդվարդ Ստեփանյանը, ինքն էլ չհիշեց, թե վերջին անգամ երբ են կանչել: Իր խոսքերից հրաժարվել է, քննիչներին վստահեցրել, թե քարով գլխին խփելու մասին ոչինչ չի ասել։
«Ազատություն».- Չէի՞ք տեսել այդ տեսանյութը:
Կարդացեք նաև
Էդվարդ Ստեփանյան.- «Հա, տեսա, ասեցի՝ էս ինչ են անում իմ ձայնը, ես միայն մի պատասխան եմ տվել, էս ինչ բաներ են արել: Հետո, որ կանչեցին ոստիկանություն, ես ոնց պետք էր, նույն բանն ասեցի»:
Տեսանյութը պահպանված է, կա համացանցում: Քննիչները իրե՞ն են հավատացել, թե տեսանյութին, որ մեղադրանք չեն առաջադրում, էդվարդ Ստեփանյանը քննության թեմայով չցանկացավ խոսել:
Երկու անգամ քննչական ներկայացած տղամարդը հիմա էլ պահանջում է, որ Գարեգին Երկրորդը կաթողիկոսի գահից չհեռանա:
«Ես ի՞նչ գործ ունեմ, որ Կտրիճ… կամ Վեհափառի մասին ուրիշ խոսքեր ասեմ։ Վեհափառը մեր Վեհափառն է, թող մնա իրա տեղը, ի՞նչ գործ ունենք։ Ես 70-տարեկան մարդ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում»,- ասում է էդվարդ Ստեփանյանը:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































