Այս տարի գիտության ոլորտին հատկացվում է ընդամենը 34 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 40 մլրդ դրամի փոխարեն: Երբ խոսում ենք 2026 թվականի բյուջեի մասին և գիտությանը հատկացված միջոցների 14 տոկոսանոց կրճատման մասին, այն արտացոլում է մի ամբողջական համակարգի առանցքային ուղղությունների սնուցման դադարեցումը։ Սա հստակ ազդանշան է՝ ուղղված ամբողջ գիտական համայնքին՝ մասնագետներին, ասպիրանտներին, երիտասարդ հետազոտողներին, լաբորատորիաներին։ Իսկ այն իր մեջ ներառում է այնպիսի ուղերձ, որ գիտությունը չի դիտարկվում որպես ներդրում ապագայի մեջ, այլ որպես ծախս, որը կարելի է կրճատել, իսկ, օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող պարգևավճարներն՝ ավելացնել։
Այն փաստը, որ Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է համախառն ներքին արդյունքի ընդամենը շուրջ 0,36 %-ը, դրական լույսի տակ չի կարող դիտարկվել նույնիսկ ամենաօպտիմալ գնահատականներով։ Երբ այս թիվը համեմատում ենք միջազգային չափանիշների հետ, պատկերը դառնում է ավելի ցայտուն և մտահոգիչ։ Օրինակ՝ Իսրայելը, որը համարվում է մեծ մասամբ իր գիտատեխնոլոգիական հզորության շնորհիվ մեծացող տնտեսություն ունեցող երկիր, իր ՀՆԱ-ի 5,5 %-ից մինչև 6 %-ն է ուղղում հետազոտությունների և զարգացման վրա։ Հարավային Կորեան, որը վերջին հիսուն տարում իրականացրել է տնտեսական հրաշք՝ հասնելով աշխարհի առաջատար տնտեսությունների շարքին, այս ոլորտում ներդնում է 5 %։ Թայվանը, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Գերմանիան և նույնիսկ Չինաստանը, որը դեռ համարվում է զարգացող տնտեսություն, ունեն գիտության և հետազոտությունների 2,5-ից մինչև 3,5 % ֆինանսավորում։
Բայց հարցն այն չէ միայն, թե որքան փող է հատկացվում գիտությանը։ Խոսքը նաև վերաբերում է նրան, թե ինչպես է այդ փողը օգտագործվում, և արդյոք գոյություն ունի համակարգված տեսլական այն մասին, թե ինչպես պետք է զարգանա գիտական ենթակառուցվածքը երկրում։ Երբ տեսնում ենք, որ նույնիսկ հատկացված միջոցները չեն օգտագործվում ամբողջ ծավալով և դրանց զգալի մասը վերադառնում է պետական բյուջե, ակնհայտ է դառնում, որ խնդիրը ավելի խորն է, քան պարզապես ֆինանսավորման բացակայությունը։ Այստեղ արտահայտվում է համակարգային խնդիր, որն առնչվում է կառավարման արդյունավետությանը, կառույցների համակարգման կարողությանը, ժամանակացույցերի պլանավորմանը և ծրագրերի իրականացման մեխանիզմներին։
Մյուս կողմից՝ մարդկային ռեսուրսների հարցը, որը բացահայտվում է գիտնականների թվի անկման միջոցով, ամենավտանգավոր ինդիկատորներից մեկն է այն մասին, որ համակարգը շատ շուտով ուղղակի ճգնաժամի մեջ կարող է հայտնվել։ Ըստ վիճակագրական կոմիտեի, եթե 2011 թվականին ունեինք 5718 գիտնական, ապա 2022 թվականին արդեն աշխատում էր 4864 գիտնական։ Այնինչ, պետք է հակառակ պատկերը լիներ։
Կարդացեք նաև
Հայաստանում գիտության վիճակը հատկապես մտահոգիչ է դառնում, երբ մենք նայում ենք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական մրցակցության համատեքստում։ Ժամանակակից աշխարհը գնալով ավելի է հենվում գիտելիքի վրա հիմնված տնտեսության վրա, որտեղ ազգային մրցունակությունը որոշվում է ոչ թե բնական ռեսուրսներով կամ աշխատուժի էժան արժեքով, այլ նորարարական կարողություններով, տեխնոլոգիական առաջատարությամբ, հետազոտական արդյունավետությամբ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































