Կիրակի օրը արցախցի կնոջ՝ Արմինե Մոսիյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ պահվածքը շատերը դատապարտեցին։ Նույն օրը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝ բոլոր խմբակցությունների ստորագրությամբ, հայտարարություն տարածեց՝ դատապարտելով «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակահայկական, հակապետական հայտարարությունները»։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կազմվել այս հայտարարությունը, որին միացել են ԼՂՀ ԱԺ բոլոր խմբակցությունները: Նա մեզ հետ զրույցում նկատեց. «Այս հայտարարությունը տարածվել է համատեղ քննարկման արդյունքում: Քաղաքական առումով հայտարարությունը պետք է լինի զուսպ քաղաքական խոսույթով, ի տարբերություն օրվա իշխանությունների կողմից գեներացվող բառապաշարի, ինչը ոչ մի առնչություն ու աղերս չունի քաղաքական պրոցեսների հետ, այն հստակ բռնաճնշման տեսակ է: Նիկոլ Փաշինյանի խոսույթը, բառապաշարն ինքնին բռնաճնշման ձեւեր են: Մտնելով նախընտրական փուլ՝ նրանք գլխապտույտ ունեն: Ջարդուփշուր անելով, պառակտելով, նվաստացնելով ազգին՝ ցանկանում են հերթական անգամ զավթել իշխանությունը։
Այս ութ տարվա մեջ առաջին անգամ իշխանության ղեկավարն իր հերթական շոուն նկարահանելուց առաջ հաշվի չէր առել, չէր ճշտել, թե ում հետ է կոնտակտի մեջ մտնում: Ղեկավարի նման կեցվածքը ցանկացած իրավիճակում խիստ դատապարտելի է, բայց այն փաստը, որ դիմացդ կանգնած է մի մարդ, որի հայրն Արցախի հերոս է, եւ դու փորձում ես նրա նկատմամբ նույնպես ատելություն գեներացնել, խիստ անընդունելի է: Արցախում չկա մի ընտանիք, որ չճանաչի Արմինեի ընտանիքին, նրա հոր հերոսապատումը, նրա անցած ճանապարհը հայտնի է մեզ՝ բոլորիս: Այդ ընտանիքն Արցախում եղել է օրինակ, թե ինչպիսին պետք է լինի իրական հերոսի ու հայրենիք ազատագրողի ընտանիքը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































