«Ոչ լեգիտիմ իշխանություններին չեմ հետևում։ Իրենց քարոզարշավներին՝ ևս», «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նշում է՝ շատերս աչքի առաջ ունենք փաստական տվյալները, որոնցից ելնելով՝ կարող ենք հստակ հասկանալ այժմ հնչող հայտարարությունների իրական նպատակը։ «Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ 99 տարով պայմանագիր են կնքել, որով ապահովել են Հայաստանի գոյատևումը։ Դրանից հետո ասում է՝ գիտեք ինչ, երբ ասել էի, որ 99 տարով ապահովել էի Հայաստանի գոյատևումը, խաբել էի, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Դուք խաբեբաներին ո՞նց եք վերաբերվում։ Բոլոր փաստական տվյալները կան բաց ռեսուրսներում։ Այսօրվա խոսույթը համեմատեք մի քանի ամիս առաջ ասված ցանկացած հայտարարության հետ, և ստացեք ցանկացած հարցի պատասխանը։ Օրինակ՝ սկսած նրանից, որ բոլորիս ասել են՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրվել է «Խաղաղության պայմանագիրը»։ Եթե դա ստորագրված է, ինձ մեկը կբացատրի՝ ինչպե՞ս է ստացվում, որ այս սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ո՞ւմ հետ են ստորագրել այդ փաստաթուղթը։ Թշնամու հետ։ Պատերազմը ո՞վ է սկսում։ Թշնամին։ Հայաստանի վրա ո՞վ պետք է հարձակվի, օրինակ՝ Նոր Զելանդիա՞ն»,-նկատում է Պողոսյանը։
«Թշնամիների շահերը սպասարկող իշխանություն ունենք այսօր։ Ցավոք, այսպես էլ շարունակվելու է։ 2020 թվականից հետո՝ 2021 թվականից բոլոր իմ հարցազրույցների ժամանակ, կանխատեսում անելով, ասում էի՝ «ծեծված» բանակցողին սեղանի շուրջ նորից «ծեծելու» են։ Բայց գնացին ու ընտրեցին «ծեծված» բանակցող և այսօր նոր «ծեծ են ուտում»։ Սահմանադրություն են փոխում, չգիտեմ, թե էլ ինչեր են անելու։ Մարդիկ պետք է հասկանան, որ 2021 թվականից մինչ օրս տեղի ունեցածն իրենց՝ 2021 թվականին կայացրած որոշման հետևանքներն են։ Արդյո՞ք ցանկանում են, որ իրենց երեխաները, թոռնիկները, ի վերջո, իրենք շարունակեն ապրել այս հետևանքներով։ Եթե ցանկանում են, ես անզոր եմ», – նշում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































