Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ ինչ որ մի պահի Ադրբեջանում իշխանափոխությունը անխուսափելի կդառնա մինչև հայաստանյան սպասվող ընտրությունները

Մարտ 26,2026 11:48 Share

ՀՀ վարչապետն ու իր թիմը պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ թմբկահարում են այն թեզը, համաձայն որի, իբր, ընտրություններից հետո, եթե իրենց քաղաքական ուժը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա միանշանակորեն պատերազմ է լինելու։ Այդ խոսքերը, բացի անազնիվ լինելուց, նաև ենթատեքստ ունեն, որը նախապես գուժում է Հայաստանի պարտությունը։

Այդ խոսույթը նաև նրա մասին է, որ պատերազմ սկսելու դեպքում ներկայիս իշխանությունները պայքարելու մտադրություն չունեն, որովհետև իրենք վստահ են, որ Հայաստանը թույլ է, Հայաստանն անպայման կպարտվի և այդ միտքը նրանք ջանասիրաբար փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին՝ բնական պայքարը որպես անիմաստ կոնֆլիկտի աղբյուր ներկայացնելով։

ՀՀ վարչապետը փորձում է համոզել ժողովրդին, որ վերլուծությունների արդյունքում է նա եկել նման համոզման, որ պատերազմ կլինի իրենց չընտրվելու դեպքում, սակայն դա համոզիչ չէ, որովհետև իրենց իշխանության մոտ ութ տարիների ընթացքում այդպիսի ունակություններով ոչ ոք իրենց թիմից առանձնապես աչքի չի ընկել, եթե չխոսենք հակառակի մասին։ Ես ավելի հավանական եմ համարում, որ Ադրբեջանի նախագահն է հանդիպումներից մեկում ՀՀ վարչապետին պատերազմի վախ սրսկել կամ, գուցե, այդպիսի քաղաքական խաղ առաջարկել։

Գենադի Մնացականյան

Թերևս կան նաև այլ տարբերակներ, սակայն բոլորն էլ ի վերջո պետք է հանգեցնեն այն մտքին, որ իրենց ասած խաղաղության համար անհրաժեշտ է ո՛չ միայն, որ Նիկոլ Փաշինյանը լինի Հայաստանի վարչապետը և ժողովուրդը նրան Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու մանդատ տա, այլ անհրաժեշտ է նաև, որ Ադրբեջանում Ալիևը լինի նախագահը։ Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետը լինի, իսկ Ադրբեջանում նախագահը մեկ այլ քաղաքական գործիչ լինի, ապա Ադրբեջանի նոր նախագահը կարող է չեղյալ համարել Հայաստանի հետ կայացրած բանավոր և գրավոր բոլոր պայմանավորվածություններն ու պայմանագրերը և շարունակել սպառնալ պատերազմով, ինչը չի կարելի ասել, երբ Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն։ Այս դեպքում Ադրբեջանը, ով էլ լինի նրա ղեկավարը, պարզապես կդադարի իր անօրինական պահանջները Հայաստանին ներկայացնելուց, քանի որ գիտակցելու է, որ բանակցելու է ո՛չ թե «հարբեցող ծաղրածուի» հետ, այլ բանակցելու է արժանապատիվ ու հայրենատեր քաղաքական գործիչների հետ։

Իսկ այն, որ «հաղթանակած» Ադրբեջանի գլխին շատ խիտ ու սև ամպեր են կուտակվում, դա անզեն աչքով էլ տեսանելի է։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարող են ստեղծել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը ստիպված կլինի «վերադարձնել Իսրայելի պարտքը», որը վերցրել էր արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի «ընդդիմությունը» կարող է ոտքի կանգնել ու թույլ չտալ Ալիևին բացահայտ հակաիրանական քայլեր կատարել, սակայն Իսրայելը, ամենայն հավանականությամբ, հետևողական կլինի իր «պարտքը ստանալու» գործում։ Արդյունքում, հաշվի առնելով, որ տարածաշրջանում դեպքերը հրթիռային արագությամբ են զարգանում, ապա չի բացառվում, որ ինչ որ մի պահի Ադրբեջանում իշխանափոխությունը անխուսափելի կդառնա մինչև հայաստանյան սպասվող ընտրությունները։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031