Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը դարձել է «հարկային դրախտ», մինչդեռ Հայաստանում ամեն ինչ շատ ավելի բարդ է․ Կրիպտո տնտեսվարողների միություն

Մարտ 26,2026 14:02 Share

Կրիպտոարժույթների շուկան դարձել է գլոբալ մրցակցության դաշտ, որտեղ տարբեր երկրներ փորձում են գրավել ներդրողներին, տեխնոլոգիական ընկերություններին և նորարարներին։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ է հարևան Վրաստանի օրինակը, որը համեմատաբար կարճ ժամանակում կարողացել է ձևավորել գրավիչ և մրցունակ միջավայր, մինչդեռ Հայաստանում ոլորտը շարունակում է բախվել լուրջ սահմանափակումների և անորոշությունների։ Կրիպտո տնտեսվարողների միությունն, ուսումնասիրելով հարևան երկրի փորձը, մտահոգիչ է համարում մեր երկրի քաղաքականությունն ուղղված զարգացող ոլորտին։

Վրաստանը վաղուց որդեգրել է կրիպտոարժույթների նկատմամբ բաց և պրագմատիկ մոտեցում։ Երկիրը չի սահմանել արգելքներ թվային ակտիվների շրջանառության վրա, ինչը արդեն ինքնին մեծ առավելություն է ներդրողների համար։ Տարբեր քաղաքներում գործում են բազմաթիվ կրիպտո փոխանակման կետեր, տեղադրված են կրիպտոմատներ, և ոլորտը տեսանելիորեն ինտեգրված է առօրյա տնտեսական կյանքին։

2023 թվականից Վրաստանում գործում է եվրոպական մոտեցմանը մոտ համակարգ՝ VASP կարգավորման տեղական տարբերակը, ըստ որի՝ կրիպտո ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է լիցենզիա ստանան։ Սակայն կարևորն այն է, որ այս գործընթացը համեմատաբար պարզ է և չի ստեղծում ավելորդ բյուրոկրատիա, ինչը հատկապես կարևոր է ստարտափների և փոքր բիզնեսների համար։

Ֆիզիկական անձանց համար ստեղծված են գրեթե իդեալական պայմաններ՝ կրիպտոարժույթներից ստացված եկամուտը համարվում է արտասահմանյան եկամուտ, ամբողջությամբ ազատված է եկամտահարկից, բացակայում է ԱԱՀ կրիպտո գործարքների վրա։ Սա նշանակում է, որ Վրաստանը փաստացի դարձել է «հարկային դրախտ» կրիպտո թրեյդերների համար։

Բիզնեսի տեսանկյունից նույնպես պայմանները բավականին գրավիչ են՝ ընկերությունների համար գործում է 15% շահութահարկ, կան ազատ արդյունաբերական գոտիներ Թբիլիսիում, Քութայիսում և Փոթիում, այդ գոտիներում առաջարկվում են արտոնյալ պայմաններ մայնինգի և բորսաների գործունեության համար։

Բացի այդ, Վրաստանի ազգային բանկն ընտրել է ոչ թե սահմանափակող, այլ դիտորդական քաղաքականություն։ Այս մոտեցումը թույլ է տվել ձևավորել կանխատեսելի և ազատ միջավայր, որտեղ բիզնեսը կարող է զարգանալ առանց անընդհատ ռիսկերի։

Միևնույն ժամանակ, կարևոր տարբերություն կա նաև կանխիկի շրջանառության նկատմամբ մոտեցումների մեջ։ Վրաստանում կրիպտո գործարքների շրջանակում կանխիկ միջոցների օգտագործումը լայնորեն տարածված և գործնականում ազատ է, ինչը հեշտացնում է մուտքն ու ելքը շուկա, հատկապես փոքր և միջին ներդրողների համար։ Ի տարբերություն դրա, Հայաստանում կանխիկի միջոցով նման գործարքները զգալիորեն սահմանափակված են՝ թե՛ բանկային վերահսկողության, թե՛ իրավական և գործնական խոչընդոտների պատճառով։ Արդյունքում, շուկայում ձևավորվել է միտում, երբ Հայաստանից օգտվողները կամ զբոսաշրջիկները հաճախ նախընտրում են մեկնել Վրաստան՝ այնտեղ ավելի հեշտ և ազատ պայմաններում կրիպտո գործարքներ իրականացնելու համար։

Վրաստանը նաև ունի պարզ ռեզիդենտության համակարգ․ բնակության թույլտվություն ստանալը բարդ չէ, իսկ կյանքի արժեքը համեմատաբար ցածր է։ Թեև կա մի նրբություն՝ հարկային արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ է լինել երկրի հարկային ռեզիդենտ (ապրել տարեկան առնվազն 183 օր), այնուամենայնիվ սա հազվադեպ է ընկալվում որպես լուրջ խոչընդոտ։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում կրիպտո ոլորտը դեռևս չի ստացել այնպիսի ռազմավարական ուշադրություն, որը կկարողանար այն դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ։

Հայաստանում՝ չկա հստակ և մրցունակ հարկային ռեժիմ կրիպտո գործունեության համար, կարգավորումները ոչ բավարար կամ հակասական են,
լիցենզավորման և իրավական դաշտը լիարժեք ձևավորված չէ։

Բանկային համակարգը նույնպես հաճախ զգուշավոր է կրիպտո ընկերությունների նկատմամբ։ Շատ դեպքերում բիզնեսները բախվում են հաշիվների բացման կամ գործարքների իրականացման դժվարությունների, ինչը խոչընդոտում է ոլորտի զարգացմանը։

Ավելին, Հայաստանում գրեթե բացակայում են այնպիսի խթանող մեխանիզմներ, ինչպիսիք են ազատ տնտեսական գոտիները, որոնք հատուկ ուղղված կլինեն կրիպտո կամ բլոկչեյն ընկերություններին։ Սա նշանակում է, որ երկիրը չի օգտագործում իր պոտենցիալը տարածաշրջանային հաբ դառնալու համար։

«Կրիպտոարդյունաբերությունը ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև տնտեսական մեծ հնարավորություն է, որը կարող է ստեղծել աշխատատեղեր, ներգրավել ներդրումներ և զարգացնել նորարարությունը։ Վրաստանն արդեն օգտվում է այս հնարավորությունից՝ դառնալով տարածաշրջանային գրավիչ ուղղություն։ Մինչդեռ Հայաստանը, ունենալով բարձր տեխնոլոգիական ներուժ և ուժեղ IT համայնք, դեռևս չի կարողանում լիարժեք օգտագործել այս շանսը։ Եթե Հայաստանը չվերանայի իր մոտեցումը և չստեղծի ավելի բաց ու կանխատեսելի միջավայր, մեծ է հավանականությունը, որ կրիպտո բիզնեսները և տաղանդները կշարունակեն տեղափոխվել այնպիսի երկրներ, ինչպիսին է Վրաստանը՝ այնտեղ, որտեղ կան հստակ կանոններ, ցածր հարկեր և իրական հնարավորություններ զարգանալու համար»,-նշում են Կրիպտո տնտեսվարողների միությունից։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031