Կառավարության այսօրվա նիստից հետո «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են Փաշինյանն ու ՔՊ-ականները հայտարարում, թե արցախցիները «փախել» են։ Արցախում 2023 թվականի սեպտեմբերի վերջին տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ, ինչի մասին փաստել են նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետները, մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Դրա հետեւանքով արցախցները բռնի տեղահանվել են իրենց պատմական հայրենիքից։
Մեր հարցին` բոլոր արցախցիները պետք է ցեղասպանվեին կամ գերեվարվեին, որ ՔՊ-ականներն իրենց լավ զգայի՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու եւ այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։ Մեր հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ դա կարող է լինել 80 տոկոս կամ 90 տոկոս, մնացել է ձեռք չտված։
Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենար քաղաքական գործընթաց, եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլեւ իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում։ Հայաստանի Ազգային ժողովում շնորհավորում էին իրար, եւ այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։
Եվ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն, ինչ արել են Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Եվ էդ մարդիկ, որոնց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից՝ ընդ որում, ինձ մեղադրելով, որ մենք սահմանները փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գար։ Ես Ղարաբաղի ներկայացուցիչներին այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք, այլեւս վերադարձի հնարավորություն չի լինի»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Էդ միֆերը՝ կռվել են մինչեւ վերջ․․․ Ես համոզված եմ, որ էս խմորը ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, որ ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի, երբ որոշում կայացնեմ՝ էդ ամեն ինչը կհրապարակեմ։ Սուտ է, չի եղել տենց բան, փախել են, ճողոպրել են՝ էն պլանի ներքո, որ էդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն, եւ դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու։ Չկարողացան անել, որովհետեւ իրենք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Էդ մարդիկ երբեք չեն ներկայացրել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին, թե Ալիեւը մեղավո՞ր չէ արցախցիների բռնի տեղահանության համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ո՞ւր ենք գնում այդ ճանապարհով՝ էթնիկ զտում-էթնիկ զտում, ցեղասպանություն-ցեղասպանություն։ Ես չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Ղարաբաղի ժողովուրդը պատանդի կարգավիճակում էր»
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանն այդպես էլ խուսափեց հստակ գնահատական տալ Արցախում Ադրբեջանի գործողություններին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Եղբայրական գերեզմանները Ստեփանակերտում. սեպտեմբեր 25 2023 թթ.


















































