Թուրքիան նախատեսում է մինչև 2030թ. ավարտել Արաքս գետի վրա մեծածավալ ջրամբարաշինության նախագիծը, ինչի արդյունքում կկարողանա վերահսկել Արաքս գետի տարեկան հոսքի 80-85 տոկոսը: Այս մասին ընդգծեց Անվտանգային վերլուծությունների ինստիտուտի հետազոտող Ալվարդ Զաքարյանը (լուսանկարում) ու շեշտեց, որ սա Հայաստանի համար մեծ վտանգ է ստեղծելու՝ կզրկվենք ոչ միայն Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրից, այլև հողերը կսկսեն աղակալել, քանի որ Արաքս գետը նաև ստորերկրյա ջրերի լիցքավորման համար կենսական նշանակություն ունի:
«Արարատյան դաշտավայրն ապահովում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրության մոտ 60-70 տոկոսը: Իսկ Թուրքիան Արաքս գետի համար վերին հոսքի երկիր է. Արաքսի վրա կառուցել է 9 ջրամբար և պատրաստվում է կառուցել ավելի քան 14-ը, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին: Ջրային համակարգի խոցելիությունը շղթայական հետևանք կարող է հանդիսանալ Հայաստանի տնտեսության համար՝ կախվածության մեջ դնելով Թուրքիայից»,-հավելեց Ալվարդ Զաքարյանը:
Նա հիշատակեց, որ Խորհրդային տարիներին Հայաստանը Արաքսի ջրերն օգտագործելու մասին ջրային պայմանագրեր կնքեց միայն Իրանի հետ, իսկ Թուրքիայի հետ մինչ այժմ չունենք կնքված պայմանագրեր. «Սակայն պետք է նշեմ, որ Թուրքիան լինելով ջրային հեգեմոն պետություն անգամ ջրային պայմանագրերի առկայության դեպքում կարողանում է կախվածության մեջ պահել երկրներին: Թուրքիայից կախված են Իրաքը, Սիրիան, շուտով նաև Հայաստանը կկանգնի այդ վտանգի առաջ»:
Հետազոտողի կարծիքով` սխալ մոտեցում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների սահմանների բացումը. «Հայաստանը ոչ մի գործընթացում չի ներառում ջրային դիվանագիտությունը: Եթե այս պահին չենք բանակցում ջրի համար, ապա հետագայում լուրջ խնդիրների առաջ կկանգնենք»,-ասաց Ալվարդ Զաքարյանն ու հավելեց, որ մի կողմից Թուրքիան է վերահսկելու Արաքսի հոսքը, մյուս կողմից՝ Ադրբեջանը կարող է ինքնուրույն ջրային քաղաքականությունը վարել Քարվաճառի շրջանում, որտեղից սկիզբ են առնում մեր տարածաշրջանի համար կենսական նշանակություն ունեցող ջրային ակունքները. «Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փոխել գետերի հունը՝ մեզ զրկելով Քարվաճառի ջրային ռեսուրսներից: Այսպիսով՝ Հայաստանը կհայտնվի ջրային անվտանգության լուրջ խնդիրների առաջ»:
Կարդացեք նաև
Ալվարդ Զաքարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունը պետք է հենց այս պահից սկսած որդեգրի այնպիսի քաղաքականություն, որն ուղղված կլինի հարևանների հետ ջրի շուրջ բանակցություններ սկսելուն, ինչպես նաև ստորագրի միջազգային կոնվենցիաներ. «Չնայած ներկայում միջազգային ամենախիստ պայմանագրերն անգամ չեն գործում, բայց դա կարող է հարթակ հանդիսանալ տարածաշրջանի ջրային պաշարների օգտագործման վերաբերյալ հարևանների հետ բանակցություններ սկսելու: Մեր տարածաշրջանում այնպես չէ, որ ջուր չկա, սակայն ջրի ոչ համաչափ օգտագործումը հանգեցնում է խնդիրների, որոնք կարող են հետագայում հակամարտության խթան հանդիսանալ»:
Ջրային կոմիտեից արձագանքելով խնդրին, նշել են, որ Կապսի և Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցմամբ կմեղմվի ջրի դեֆիցիտը. «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ջրամբարաշինության ծրագրի շրջանակներում հանրապետության տարբեր մարզերում, ի թիվս այլ ջրամբարների նախատեսվում է կառուցել Կապսի և Սելավ-Մաստարայի ջրամբարները, որի արդյունքում հնարավոր կլինի խնդրո առարկա գետավազանում կուտակել տարածքի մակերևույթային ջրերը և որոշ չափով մեղմել հնարավոր ջրի դեֆիցիտը»,-ասված է իրավասու մարմնի տրամադրած գրության մեջ:
Նշենք, որ Կապսի ջրամբարի շինարարությունը կասեցվել է դեռևս 2025թ. դեկտեմբերին և միջազգային մրցույթը շահած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ»-ի հետ լուծվել է պայմանագիրը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հայտնեցին, որ նոր մրցույթ դեռևս չի հայտարարվել:
Ըստ Ալվարդ Զաքարյանի՝ ջրային պաշարների սակավությունը կանխելու առաջնահերթ քայլերը դիվանագիտությունն են, ներքին ցանցերի բարելավումը ու բնակչության իրազեկումը՝ ջուրը խնայողաբար օգտագործելու նպատակով:
Հետազոտողը կարծում է, որ ջրային պայմանագրերով Հայաստանը կարող է նաև հնարավորություն ստանալ Թուրքիայից ջրային տվյալներ վերցնել Արաքս գետի վերաբերյալ: Նրա դիտարկմամբ՝ ջրի քանակի ու օգտագործման վերաբերյալ ճիշտ տվյալներ ունենալով կունենանք նաև կիրառելի ռազմավարական պլան՝ բոլոր ոլորտների համար:
Նարա Մարտիրոսյան


















































