Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց դատախազը սուտ է ասել, մենք 9 ամիս նստել ենք, աստղերը չկան, երկնքում են. Արթուր Սարգսյան

Մարտ 26,2026 18:06 Share

«Ամեն հայի համար ամոթ է, որ մեր Բագրատ սրբազանը գտնվում է ճաղերի հետեւում: Կոչ եմ անում, միջնորդում եմ նախ Բագրատ սրբազանի ազատ արձակման հարցը քննեք, հետո մեր ցուցմունքների հարցը»,-Բագրատ սրբազանի գործով դատական նիստում այսօր հայտարարեց գործով մեղադրյալ Վահագն Չախալյանը:

Նիստի ընթացքում այսօր բողոքի ցույց էր անում նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:

Նա պահանջում էր ազատ արձակել 18 արդարներին՝ քննադատելով Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ Փաշինյանի հասցեին որակումներ տալով:

Միջամտեց Բագրատ սրբազանը, խնդրեց, որ հանդարտվի: Կարգադրիչները փորձում էին տիկին Լիդային դուրս հանել նիստերի դահլիճից: Դատարանը որոշեց ընդմիջել նիստը:

Բագրատ սրբազանն ու իր պաշտպանն էլ միջնորդեցին Քննչական կոմիտեի նախագահին, գլխավոր դատախազին որպես վկա ներգրավել, բերել դատարան հարցաքննության: Դատարանն էլ հայտնեց, որ ամեն պաշտոնյայի չեն կարող դատակոչել:

Արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը. «Հարգելի դատարան, որ նոր ասում էիք՝ ամեն պաշտոնյայի չենք կարող կանչել այստեղ, մենք չենք ասել՝ սփյուռքի նախարարին կանչեք, ասել ենք՝ քննչական կոմիտեի նախագահին ու գլխավոր դատախազին, որ վերահսկել են այս գործը…օրինակ, երբ իմ անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվեր, գլխավոր դատախազը եկել է, ԱԺ բարձր ամբիոնից ներկայացրել է, որ Արթուր Սարգսյանը ստեղծել է աստղիկներ, պետք է գցեր մեքենայի տակ: Մի հաստագլուխ էլ ասում էր, 160-ի տակ պիտի գային, «ավարիա» տային, երեխաները մահանային: Դա կեղծիք է, ես կալանքի մեջ եմ, դրա մասին չեմ խոսում, բայց դատախազը դրանով խաբել է 62 պատգամավորի, նրանք հավատացել են դատախազին: Բայց դատախազը սուտ է ասել, մենք 9 ամիս նստել ենք, աստղերը չկան, երկնքում են: Հիմա թող գա, դրա պատասխանը տա: Մեր խնդրանքն էր, որ հարգարժան դատախազը գար ու ասեր՝ այ էդ աստղիկները ուր են: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ 62 ՔՊ պատգամավորը ոչ թե պատգամավորներ են, այլ մեկ հոգու հրամանով հրաման կատարողներ»:

«Հայաստանում իրավաբանություն գոյություն չունի, եթե մեռած չէ, ապա սպանում են իրավաբանությունը: Մեր գործը քաղաքական գործ է, եթե քաղաքական գործ չէ, ապա երկրի ղեկավարն ինչ գործ ունի եվրոպական ամբիոններից այս գործի մասին խոսի»,- շարունակեց Բագրատ սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031