Լրահոս
Օրվա լրահոսը

Երգ՝ նվիրված Միքայել Սրբազանին․ ո՞վ է հեղինակը

Մարտ 26,2026 23:55 Share

Դեռ երկու ամիս առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մասին երգ գրվեց, որը էլ ավելի մեծ տարածում ստացավ նրա՝ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում կիրակնօրյա պատարագին մասնակցելուց հետո։

Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը թեև չվերացրեց նրա տնային կալանքը, սակայն թույլատրեց Միքայել Սրբազանին Շիրակի թեմի առաջնորդանիստ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում մասնակցել կիրակնօրյա պատարագներին։

Անցած կիրակի, երբ թեմի առաջնորդը մոտ 9-ամսյա կալանքից հետո մտավ եկեղեցի, ցնծություն էր Գյումրիում․ եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար, հավատացյալները կարծես իրենց աչքերին չէին հավատում, ոմանք ուրախությունից լաց էին լինում, շտապում էին մոտենալ, ողջագուրվել, ստանալ Միքայել Սրբազանի օրհնությունը։

«Դու Միքայելն ես Սրբազան, քաջ առաջնորդ Շիրակի» կրկներգով ձոնը մի շաբաթ է՝ համացանցում տարածվում է պատարագի հուզիչ կադրերի համադրմամբ։

Շիրակի թեմի «Յոթվերք» պաշտոնաթերթի լրագրող Ալվարդ Կաղզվանցյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երգի հեղինակը Շիրակի թեմի քահանա Տեր Նշան Պանֆյորովն է, իսկ երաժշտության հեղինակը՝ բանաստեղծ, գրող, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախքարյանը։

Ալվարդ Կաղզվանցյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել Սրբազանին նվիրված երկու երգ կա, որոնցից մեկը գրել է եկեղեցասեր երիտասարդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը։ Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ թեմի առաջնորդին նվիրած նոր երգի լուսանկարները ևս Աբրասիմ Աթոյանն է տրամադրել։

Երաժշտության հեղինակ Արա Նախքարյանն էլ Aravot.am-ին պատմեց, որ Տեր Նշան Պանֆյորովը երգի բառերը գրելուց հետո հանդիպել է իրեն, ինքն էլ իր հերթին մտածել երաժշտության մասին։

«Մի քանի տարբերակ է ունեցել երգը, ես առաջարկեցի երգի բառերի մեջ մտցնել Աջապահյան ազգանունը, Միքայել Սրբազանը Աջապահյան տոհմի զավակ է, կաթողիկոսական թևից է, որը պարտադիր պիտի հիշատակվի։ Այն գրվել է ոչ հեռու անցյալում՝ մոտ երկու ամիս առաջ, ու բավական մեծ տարածում է գտել, հատկապես մայրաքաղաքի բնակիչների մոտ։

Իհարկե, մի կողմից ուրախ եմ, որ մեծ դիտումներ է հավաքել, բայց և զարմացած չեմ, այդպես էլ պետք է լիներ Սրբազանի դեպքում»,- ասում է Արա Նախքարյանը։

Երգի բառերում նշվում է, որ Միքայել Սրբազանին՝ Շիրակի թեմի քաջ առաջնորդին, հայրենիքի քաջ զինվորին երբեք ոչ ոք չի հաղթի։

«Թեև բանտված ես դու այսօր, բայց ազատ ես շատերից»,- նշված է երգում։

Խոսվում է նաև հայրենիքի մեջքը շտկելու, ծաղկելու մասին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031