«Հրապարակի» զրուցակիցը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն է։
– Պարոն Բալայան, ներքաղաքական պրոցեսներին հետեւո՞ւմ եք։ Երկիրը մտել է նախընտրական փուլ, իշխանությունը մարզեր է այցելում, շրջում Երեւանում, խոստումներ տալիս, հաճախ կոնֆլիկտի մեջ մտնում քաղաքացիների հետ, քանի որ անգամ տարրական հանդիմանություն չեն հանդուրժում․․․․
– Որեւիցե կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ, ով 8 տարի շարունակ բացառապես սուտ է խոսել։ Նա ապացուցել է, որ բացի սուտ խոսելուց ինքը ոչինչ անելու ունակ չէ։ Նրա 8 տարվա գործունեությունն ամեն ինչի մասին խոսում է, տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ Ես զարմանում եմ, որ դեռ նրա ով լինելու մասով կասկածներ կան։ Այդ մարդը խաբեբա է։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը նույնպես հասկացել է, թե ինչ տեսակ խաբեբայի հետ գործ ունի․․․․ վերջ։
– Դե, գուցե լինեն մարդիկ, ովքեր վախենում են այդ սպառնալիքից։
Կարդացեք նաև
– Դե, եթե սրան պետք է հավատան, այդ դեպքում թող վախենան, բայց նորմալ մարդը չի կարող սրա խոսքերից վախենալ, ցանկացած սթափ մարդ հասկանում է, որ Նիկոլին միայն իր անձնական շահն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։ Ի՞նչ ազգային շահի մասին կարող ենք խոսել, երբ պետությունը կառավարում է ապազգային տարրը։ Մեր երկրում թուրքական հրահանգների կատարումը շատ բարձր մակարդակի վրա է, ողջ իրականությունը սա է։
– Իսկ ընդդիմադիր ուժերի մասին ի՞նչ կարծիք ունեք։ Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, Թաթոյան, բավականին ակտիվ են։
– Ընդդիմադիր ուժերին պետք է գնահատել իրենց կատարած աշխատանքի չափով։ Ռոբերտ Քոչարյանի դեմ վերջին 18 տարվա մեջ այնքան հակաքարոզչություն է տարվել, որ այսօր ժողովրդի մի հստակ մասն ապակողմնորոշվել է եւ չի ցանկանում նրան ձայն տալ, բայց դա մի մասին է վերաբերում։ Նրանք, ովքեր գնահատում են մարդու ռեալ աշխատանքը, պատրաստ են վերջինիս ձայն տալ։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրա նման հայն արժանի է երկիր ղեկավարելու, ինչո՞ւ, որովհետեւ առանց Հայաստանի հանդեպ որեւէ պարտավորություն ունենալու, նա ամեն ինչ արել է Հայաստանի զարգացման համար։ Այսօր այդ մարդն ունի իրավունք՝ երկիր ղեկավարելու։ Ինչ վերաբերում է սահմանադրական արգելքին, որ նա չի կարող ղեկավարել երկիրը եւ այլն, ապա կարող են համապատասխան հոդվածը փոխել, ու վերջ` նա կարող է վարչապետ դառնալ։ Ես այդ թեզին միշտ դեմ եմ եղել, դեռ շատ տարիներ առաջ, որովհետեւ մենք ունենք մեծ սփյուռք եւ չենք կարող սահմանափակել, թե ում ենք ընտրում վարչապետ, երկրի ղեկավար։ Ցանկացած հայ էլ պետք է հնարավորություն ունենա, թող ժողովուրդը կատարի իր քվեարկությունը, բայց օրենքը չպետք է խանգարի․․․․ դա ամենաճիշտ մոտեցումը կլինի։ Ժամանակն է, որ այդ օրենքի հոդվածը փոխվի։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































