Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում. ՄԻՊ զեկույց

Մարտ 27,2026 14:04 Share

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը զուգահեռ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

ℹ️ Այն ընդգրկում է Կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքում վերահանված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները։

➡️ Զեկույցն ամփոփում է՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական կազմակերպություններում, Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում և դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերում արձանագրված խնդիրները: 2025 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում իրականացրել է 59 մշտադիտարկման այց (20-ը պարբերական, իսկ 39-ը՝ ըստ անհրաժեշտության)՝ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։

➡️ Զեկույցի համաձայն՝ 2025 թվականին ներկայացված 487 առաջարկներից կատարված է գնահատվել 113-ը (23,2%), որից 49 առաջարկների մասով պետք է ապահովել դրանց շարունակական կատարումը։ Մասնակի կատարված է գնահատվել ներկայացված առաջարկներից 225-ի (46,2%) կատարողականը, իսկ 149 առաջարկները (30,6%) դեռևս չեն կատարվել։

➡️ Զեկույցը փաստում է, որ չնայած իրականացված աշխատանքներին, բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն ստացել բավարար լուծումներ։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերում պահման պայմանները՝ խցերի կահավորման, լուսավորության, սանիտարահիգիենիկ վիճակի, տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար չհարմարեցված միջավայրի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և իրավաբանական օգնության ապահովման հարցերը։

➡️ Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի աճն ու ինքնասպանությունների բարձր ցուցանիշը։ ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն։ Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է (2024 թվականի ընթացքում գրանցվել է մահվան 12 դեպք, որոնք բոլորն էլ եղել են կենսաբանական մահեր), իսկ ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 15 տարիների ընթացքում։

➡️ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու իր իրավասության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև ապահովելու մահվան յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվող քննությունների լիարժեք, բազմակողմանի և արդյունավետ իրականացումը։

➡️ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերին պատշաճ արձագանքելու, դրանց արդյունավետ քննության ապահովման անհրաժեշտությանը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ոչ հոժարակամ հոսպիտալացման ընթացքում օրենսդրության պահանջների պահպանման կարևորությանը։

➡️ Պաշտպանը կարևորում է նաև խոշտանգումից տուժած անձանց համար աջակցության կենտրոնի ստեղծումը, որը կներառի բժշկական, հոգեբանական, իրավաբանական և սոցիալական ծառայություններ՝ տուժածներին վերականգնման և հասարակություն վերաինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է իրավասու մարմինների հետ համագործակցությունը, որը թույլ է տվել մի շարք հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել՝ նպատակ ունենալով իրականացնելու բարեփոխումներ և շտկելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։

Զեկույցին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031