ՔՊ կուսակցության էթիկայի 4-րդ գլխի համաձայն՝ «ՔՊ կուսակցության անդամները պարտավոր են հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում, մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ ՝ առցանց հաղորդակցության ընթացքում»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկ ԱԺ-ի մոտ քաղաքացուն հայհոյելը այդ 4-րդ կետի խախտում չէ՞, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Իսկ դուք ՔՊ-ակա՞ն եք։ ՔՊ-ն կորոշի: Դուք ի՞նչ գործ ունեք դրա հետ»։ Այնուհետեւ կարծիք հայտնեց, որ դա կազմակերպված էր։ «Ես գիտեմ՝ դա ում կողմից է կազմակերպված, ես վստահ եմ, որ նման դեպքեր ընտրություններին ինչքան մոտենանք, էնքան շատ է լինելու։ Գիտեմ որտեղից է ուղղորդված»։
Կարդացեք նաև
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ պաշտոնյա Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացուն հայհոյելը դատապարտելու մասին հարցին պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ դատապարտում, բայց հայհոյանքը արքայությունից եկավ։ Մեծերն են ասել»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը քաղաքացու եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ միջադեպի մասին հարցին պատասխանեց. «Սովորական քաղաքացի՞ էր։ Ինչ-որ քաղաքական գործիչ էր։ Ասեք՝ երկու քաղաքացիների, ինչո՞ւ եք ասում ԱԺ նախագահի եւ քաղաքացու։ Ուրեմն, քաղաքացու եւ քաղաքացու»։ Սակայն վայրկյաններ անց պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց. «Եկեք մեզ միամիտի տեղ չդնենք։ Մարդը եկել, հայհոյել է ԱԺ նախագահին»։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, ինքն այսօր առաջին անգամ լրագրողներից է լսում, որ երեկ ԱԺ նախագահը քաղաքացու է հայհոյել։
«Անկեղծ եմ ասում, կատակ չեմ անում։ Այո, ես էդքան շատ ֆեյսբուքում չեմ լինում։ Էսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք ձեւավորել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. ԱԺ նախագահի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել վարչական տույժից հետո՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:


















































