Լրահոս
Օրվա լրահոսը

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

Մարտ 27,2026 17:25 Share

2026 ԹՎԱԿԱՆԻՆ «ԱՐԶՆԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՁՎՈՒՄ «ՅՈԴԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԱՍ» ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արդեն տևական ժամանակ սկսվել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում:

Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:

Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:

«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:

Ավելին. տնտեսավարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:

Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026թ, 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով: Արդյունքները կհրապարակվեն:

 «ԱՐԶՆԻ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՁՎԵՐԸ ԹԱՐՄ ՉԵՆ ԵՂԵԼ

Ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):

Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031