Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախկոտ տղամարդու պահվածքը միշտ արդարացումն է։ Տղավարի դրսևորի քեզ, որ տենց իրավիճակում չհայտնվես»․ Անաստաս Իսրայելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Մարտ 27,2026 18:40 Share

«Մենք այս պահանջն առաջին հերթին ներկայացրել ենք բարոյական առումով, և հանրության ներգրավվածությունն առաջին հերթին բարոյական իմաստով է»,- ԱԺ շենքի դիմաց անհետ կորածների հարազատների բողոքի ցույցի ժամանակ ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

Նշենք, որ Անաստաս Իսրայելյանը, Արսեն Ղուկասյանը, Գևորգ Գևորգյանը, Միքայել Մարգարյանը և Հարություն Բաղդասարյանը ներկայացրել են հանրագիր։ Իրենց պահանջն է բացահայտել՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել։

Ըստ Անաստաս Իսրայելյանի՝ եթե այս իշխանությունները Արցախյան 44-օրյա պատերազմում մեղավորություն չունեն, հետևաբար նրանք ամենաշատը պետք է շահագրգռված լինեն հրատապ բացահայտել մեղավորներին և գտնել պատասխանատուներին, հակառակ դեպքում ինքն իրավունք ունի այս իշխանություններին դավաճան կոչել․ «Եթե ներկա իշխանության օրոք է եղել այս պատերազմը, պարտությունը, դավաճանությունը, ներկա իշխանությունը պետք է ավելի շահագրգռված լինի՝ ավելի արագ այս հարցերի պատասխանները տալ, որովհետև ասում են՝ մեղավոր չեն։

Օրենքն էլ է ձեր ձեռքում, հնարավորությունն էլ, լծակներն էլ, արագ պիտի կարողանային այս հարցերի պատասխանները տալ։ Եթե չեն տալիս, ուրեմն Արցախը կորցրած մարդու կողմից կարող եմ իրենց դավաճան անվանել, որովհետև պարզաբանում չկա։ Ձեր իշխանության օրոք է եղել, ես իրավունք ունեմ ձեզ անվանել դավաճան, իրավունք ունեմ ձեզ անվանել հանցագործներ։ Եթե մնացած տեղերից արձագանքում են, կուսակցության ղեկավարներն արձագանքում են, պատրաստակամ են աջակցելու, հանրության կողմից կա աջակցություն, ուրեմն եկեք կանգնեք առաջնագծում, պարզաբանեք։ Ուզում ենք տեսնել այդ դավաճաններին, վաղը ընտրություններ գնալիս հանրությունն ուզում է իմանալ՝ ում հետ գնա, ում ընտրի, որ էլի մի փորձանք չստանա այդ սուտ խոստումների ու թեզերի վրա»։

Նա հայտնեց, որ նամակներն ուղղել են բոլոր կուսակցությունների խմբակցություններին, երկու խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան» խմբակցության կողմից է եղել արձագանք։ ՔՊ-ից չեն արձագանքել։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վիճաբանությանը, որի ընթացքում ակտիվիստը հայհոյել էր իր հետ խոսել չցանկացող Ալեն Սիմոնյանին, ի պատասխան նա էլ քաղաքացուն էր հայհոյել, Անաստաս Իսրայելյանն ասաց․ «Վախկոտ տղամարդու պահվածքը միշտ արդարացումն է։ Տղավարի դրսևորի քեզ, որ տենց իրավիճակում չհայտնվես, ոչ թե դու քեզ արդարացնես, այլ հանրությունն արդարացնի։ Նման հարցերի շուրջ իրավունք չունես գնալու նման պահվածքի։ Կրկնակի կասկածի տեղիք է տալիս»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031