«Whizz Air» ավիաընկերությունը Հայաստանից ևս 2 նոր ուղղություններով չվերթեր կիրականացնի, «Զվարթնոց» օդանավակայանում էլ բազավորված երկու օդանավին կավելացնի ևս մեկը։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Whizz Air» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Յան Մալինը։
Կարդացեք նաև
«Երկու նոր ուղղություն ենք բացում։ Դեպի Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաք չվերթերը կմեկնարկեն այս տարվա հոկտեմբերից՝ շաբաթական երեք անգամով։ Իսկ 2027 թվականից կմեկնարկեն չվերթեր դեպի Բելգիայի Շառլերուա քաղաք՝ շաբաթական երեք անգամով։ Սրանով չենք սահմանափակվում․ ավելացնում ենք նաև արդեն գործող ուղղությունների հաճախականությունը։
Մասնավորապես՝ դեպի Բուդապեշտ չվերթերը շաբաթական 2–ից կդառնան 4 անգամ, դեպի Փարիզ՝ 3-ից կդառնան 5 անգամ, դեպի Պրահա չվերթեր կիրականացվեն շաբաթական 4 անգամ, իսկ դեպի Ֆրանկֆուրտ չվերթերը շաբաթական 2 անգամից կդառնան 3 անգամ ողջ տարվա ընթացքում»,- ասաց Մալինը։
ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն էլ նկատեց, որ Հայաստանում կա հետաքրքրվածություն դեպի ավելի շատ ուղղություններ դեպի Եվրոպա․ «Դա նշանակում է, որ Եվրոպայում էլ կա հետաքրքրվածություն Հայաստանի նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ ուղղություններից մեկը Էյնդհովենն է, որը գտնվում է Նիդեռլանդների հարավում։ Այն ոչ միայն զբոսաշրջության համար է գրավիչ, այլև գիտության, ուսանողների փոխանակման համար։ Նիդեռլանդներում այս քաղաքը հայտնի է որպես վայր, որտեղ ուղեղային աշխատանք է կատարվում»։
«Whizz Air» ավիաընկերության տնօրենն անդրադարձավ նաև չվերթերի հաճախակի չեղարկումների վերաբերյալ դժգոհություններին․ «Այս աշխատանքում դա ինչ-որ տեղ անխուսափելի է։ Խաթարումներ տեղի են ունենում մի շարք պատճառներով՝ եղանակային պայմաններ, իրավիճակը Մերձավոր Արևելքում կամ այլ տեխնիկական պատճառներ։ Այդ իսկ պատճառով որոշեցինք, որ ընդամենը երկու նոր ուղղություն ավելացնենք։ Ինչ-որ բաներ կարող են և չստացվել, այդպես լինում է, դա փաստ է, որը, ցավոք սրտի, պետք է ընդունենք»։
Չվերթերի չեղարկումից տուժած քաղաքացիներին էլ Մալինն առաջարկեց իրենց պաշտոնական կայքի միջոցով դիմել և փոխհատուցում հայցել՝ լրացնելով համապատասխան հայտը կամ իրենց հետ կապ հաստատել կայքում նշված հեռախոսահամարներով․ «Միշտ էլ ավելի հեշտ է նկատել, երբ որևէ թռիչք չեղարկվում է կամ հետաձգվում, քան տեսնել կայացած թռիչքների քանակը։ Որ խոսքերս օդում չմնան, նշեմ, որ մենք ունենք թռիչքների 99,78 % կատարողական։ Այսինքն՝ այդքան տոկոս դեպքերում թռիչքները կատարվում են անխոչընդոտ»։
ՀՀ ԷՆ տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն էլ ասաց, որ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ շարունակվում են աշխատանքները․ «Ավելի լավ զբոսաշրջային ճանապարհներ, ավելի շատ հյուրանոցներ ու ավելի շատ զբոսաշրջային այցելավայրեր։ Այս տարվանից սկսած զբոսաշրջային 5 կլաստերներում 120 միլիոն դոլարանոց վարկային ու պետական միջոցներով կիրականացնենք ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ Այդ կլաստերներն են Գյումրին, Գորիսը, Դաշտադեմը, Ջերմուկն ու Եղեգիսը։ Ընդհանուր առմամբ կլաստերները 20 են լինելու, բայց առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում ենք բարելավել այս զբոսաշրջային կլաստերներում»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ































































