Հենց Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, Մակրոնի ու Շառլ Միշելի «քավորությամբ», Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպմանը ուրացել է Արցախը, կոնկրետ՝ Արցախը ճանաչել է ադրբեջանապատկան: Ու, որ ամենաահավորն է, Փաշինյանն այդպիսով լեգիտիմացրել է Արցախի հայության դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու գործողությունները: Եվ հենց Փաշինյանի այդ ուրացումից հետո սկսվեց Արցախի ամբողջական շրջափակումը Ադրբեջանի կողմից: Շուրջ 9 ամիս Ադրբեջանը տոտալ շրջափակման ենթարկեց Արցախը, շուրջ 140 հազար արցախահայությանը: Փաշինյանի իշխանությունը ոչ մի գործնական քայլ չկատարեց այդ շրջափակումը ճեղքելու համար:
Երկրորդ՝ ԱՀ Պաշտպանության բանակը Փաշինյանի կողմից Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելուց հետո կարգավիճակային առումով ինքնապաշտպանության ուժից, միջազգային իրավունքի տեսանկյունից, վերածվեց «զինված խմբավորման», ինչը ևս մեկ ձևական հիմք էր Ադրբեջանի համար՝ Արցախի հայության դեմ ագրեսիան «արդարացնելու» առումով:
Երրորդ՝ շրջափակումից զատ, Ադրբեջանը Արցախի շուրջ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացրեց ՊԲ ուժերը մոտ 10 անգամ գերազանցող զինուժ և ռազմական տեխնիկա: Իսկ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ալիևի կողմից Արցախի հայության դեմ սկսած ագրեսիայի հենց սկզբից, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի կերպ չի միջամտելու, իր խոսքերով՝ «չի ներքաշվելու պատերազմի մեջ»: Ասել կուզի՝ էն Ալիևը, էն՝ Արցախի հայերը, արեք նրանց հետ, ինչ ուզում եք:
Բայց, չնայած այդ ամենին, Արցախի ՊԲ-ն ցուցաբերել է զինված դիմադրություն:
Կարդացեք նաև
Փաստ 1. ՔԿ նախագահը պաշտոնապես հրապարակել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս:
Փաստ 2. Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, ինչպես նաև 511 վիրավոր: Հետագայում Ադրբեջանի իշխանությունները հայտնել են 198 զոհի մասին:
Հարց. Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, կամ, թող ներեն մեզ զոհված մեր եղբայրները, «ճողոպրել են», ինչպես Փաշինյանն է պնդում, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































