Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի՝ հաղորդակցության մշակույթի ձևավորման ճանապարհին

Մարտ 29,2026 11:26 Share

Երկու տասնամյակի պատմություն և մասնագիտական ուղի. տեղի ունեցավ Հայկական PR ասոցիացիայի հոբելյանական փակ հանդիպումը՝ նվիրված կառույցի 20-ամյա գործունեությանը։ Հայկական PR ասոցիացիան տարիներ շարունակ ջանքեր է գործադրել հաղորդակցության մշակույթը Հայաստանում էթիկական և պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու համար, այնպես որ այս հոբելյանը նաև որակի տոն է։

Հայկական PR ասոցիացիայի հիմնադիր-նախագահ, հաղորդակցության փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց՝ սա միայն տարիքի արձանագրում չէ, այլ 20 տարվա աշխատանք ու պայքար՝ մասնագիտությունը ճիշտ ներկայացնելու համար, հետևողականություն՝ հաղորդակցության մշակույթ ձևավորելու համար։

-2006-ին, երբ հիմնադրեցինք կազմակերպությունը, PR-ը Հայաստանում ընկալվում էր որպես «լավ խոսելու արվեստ»։ Այսօր PR-ը որոշում է ոչ միայն այն, թե ինչպես խոսել, այլ նաև՝ ինչպես մտածել։ Մենք ստեղծել ենք համայնք, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում են, այլ նաև կիսում են արժեքներ։ Եվ հենց դա է ամենամեծ ձեռքբերումը։ Հայկական PR ասոցիացիայի շուրջ 300 անդամներից  յուրաքանչյուրը այդ պատմության մի մասն է․ Հայկական PR դպրոց, Հայկական PR ակադեմիա, Հայկական PR մրցանակաբաշխություն, Practice ռազմավարական հաղորդակցության գործակալություն, Comm Talk, տեղական և միջազգային բազմաթիվ կրթական ծրագրեր և նախաձեռնություններ,-նշել է Աստղիկ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ հաղորդակցությունը դարձել է ուժ, որը կարող է կամ կառուցել վստահություն, կամ քանդել այն։

6 րոպե՝ ամենակարևորի մասին. փակ հանդիպման ընթացքում ասոցիացիայի  ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով՝ ուշադրության կենտրոնում պահելով հաղորդակցության ոլորտի ամենասուր և արդիական թեմաները։

Նանա Գնդոյանի ելույթը ճգնաժամային հաղորդակցության մասին էր՝ լի կարևոր շեշտադրումներով։ Նա փաստեց՝ ժամանակակից աշխարհում լռությունը հավասարազոր է պարտության։ Եթե բրենդը չի խոսում իր խնդիրների մասին, ապա տեղեկատվական վակուումը լցնում են սոցիալական մեդիաներն ու կողմնակի անձինք։ Սակայն ճիշտ կառուցված պատմությունը կարող է ճգնաժամը վերածել վստահության կամրջի և բրենդի զարգացման նոր հնարավորության։

Լուսինե Մխիթարյանն իր ելույթում անդրադարձավ հանրային հիշողության ձևավորման մեխանիզմներին՝ նշելով, որ այն զուտ անհատական երևույթ չէ, այլ սոցիալական միջավայրի արդյունք։ Հղում անելով սոցիոլոգիական դպրոցներին՝ նա ընդգծեց, որ հասարակությունն ու մեդիան են որոշում՝ ինչը հիշել և ինչը մոռացության մատնել։

Արմենուհի Մխոյանն էլ անդրադարձավ հետադարձ կապի մշակույթին։ Նա ընդգծեց, որ հաղորդակցությունը երբեք միակողմանի ճանապարհ չէ. առանց որակյալ հետադարձ կապի՝ ամենագեղեցիկ բրենդն անգամ դատապարտված է մեկուսացման։ Ըստ բանախոսի՝ հետադարձ կապը ոչ թե պարզապես պատասխան է, այլ հարգանքի և վստահության դրսևորում լսարանի հանդեպ, որը թույլ է տալիս կազմակերպությանը չկորցնել իրականության զգացողությունը և մշտապես կատարելագործվել։

Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Գրիգորյանն էլ անդրադառնալով այսօր հաղորդակցության դերին՝ նշեց, որ ամեն օր հազարավոր հաղորդագրություններ են պայքարում մեր ուշադրության համար՝ ծանուցումներ, գովազդներ, գրառումներ, նորություններ, կարծիքներ։

-Այստեղ իրականությունը շատ պարզ է՝ ուշադրությունը մահացել է։ Հաղթում է կարևորությունը։ Մարդիկ տեղեկության պակաս չունեն։ Նրանք պարզապես ֆիլտրում են։ Անցնում են, շրջանցում, անտեսում։ Մինչև այն պահը, երբ ինչ-որ բան դառնում է իրենց համար կարևոր։ Անձնական։ Իրական։ Մարդկային։ Եվ սա մեզ բերում է ավելի խորքային խնդրի։ Մենք ապրում ենք այն դարաշրջանում, որը հաճախ անվանում են պոստ-ճշմարտության դարաշրջան։ Այնտեղ, որտեղ փաստերը մրցում են կարծիքների հետ։ Որտեղ ընկալումը հաճախ ավելի ուժեղ է, քան իրականությունը։ Որտեղ պատմությունները տարածվում են ավելի արագ, քան ստուգվում են։ Այս պայմաններում հաղորդակցության դերը փոխվում է։ Այն այլևս պարզապես ինֆորմացիա փոխանցելը չէ։ Այն իրականության վերակառուցումն է։ Պարզություն ստեղծել աղմուկի մեջ։ Վստահություն ստեղծել կասկածի մեջ։ Իմաստ ստեղծել քաոսի մեջ,-նշել է Արման Գրիգորյանը։

Ասոցիացիայի մյուս անդամները նույնպես անդրադարձել են հաղորդակցության այսօրվա մարտահրավերներին՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները։

20-ամյա հոբելյանն այսպիսով դարձավ ոչ միայն անցած ուղու վերարժևորում, այլև նոր սկիզբ։ Հայկական PR ասոցիացիան հաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու իրականության վերակառուցումը՝ տեղեկատվական աղմուկի մեջ փնտրելով ու գտնելով ամենակարևորը՝ վստահությունն ու պրոֆեսիոնալիզմը։

 

Ա․ Վ․

Լուսանկարները՝ Մեսրոպ Սարիբեկյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031