Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային են հարվածել, իր անկանոն շարժումն է եղել, որը որպես հարված փորձեցին ներկայացնել. փաստաբան

Մարտ 30,2026 13:00 Share

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպով ձերբակալված անձանց նկատմամբ չկա քրեական հետապնդում, դեռեւս չկա առաջադրված մեղադրանք: Այս մասին Aravot.am-ին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Երեխեքը որեւէ քաղաքական պատկանելություն չունեն, որեւէ կուսակցության անդամ չեն: Ոչ միայն երեխեքը, այլեւ ընտանիքի անդամները: Նրանք դպրոցական երեխեք են, առաջին դասարանից բացարձակ գերազանցիկ, ու երկուսն էլ ունեն որոշակի առողջական խնդիրներ: Ուղղակի հավատացյալներ են ու շատ հայրենասեր երեխեք»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդուհի Էլբակյանը:

Ի դեպ՝ դեռ երեկ միջադեպից հետո հայտնի դարձան դպրոցահասակ այդ տղաների՝ երկվորյակ եղբայրների անունները՝ Դավիթ ու Միքայել Մինասյաններ:

Ըստ փաստաբանի՝ եղբայրներից մեկին է վերագրվում Փաշինյանին հարվածելու փորձը, սակայն իրականում, ըստ փաստաբանի՝ հարվածելու փորձ չի էլ եղել. «Երեխային են հարվածել, դա իր անկանոն շարժումն է եղել, իրեն խփելու արձագանքը, որը որպես հարված փորձեցին ներկայացնել»:

Փաստաբանը ենթադրում է, որ տղային ասել են այն կողմ գնա, հրմշտել են, ինչպես երեւում է տեսագրության կադրերում, նա էլ չի գնացել, դրա համար են հարվածել. «Երեխեքը ցուցմունք չեն տվել, այս ամենը ապօրինի ենք համարում, դրա համար այս պահին ձեռնպահ կմնանք հայտարարություն անելուց»:

Իսկ երրորդ ձերբակալվածը՝ Գեւորգ Գեւորգյանը, ըստ Վարդուհի Էլբակյանի, տղաներին մինչեւ միջադեպը չի էլ ճանաչել, պարզապես որպես պատարագի մասնակից դեպքի վայրում է եղել ու երբ նկատել է՝ դպրոցահասակ տղային խփում են, խփողի ձեռքը բռնել է ու հարցրել՝ ինչու եք խփում:

«Որեւէ առնչություն, որեւէ կապ, որեւէ հանգամանք իրենց իրար հետ չի կապում: Այս երեխեքին որեւէ կուսակցության կամ այլ մարդու հետ ոչինչ չի կապում»,- հավելեց Էլբակյանը:

Հիշեցնենք,  որ Փաշինյանը երեկ միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031