Ընտրական նվիրատվությունների շեմի բարձրացնելը, որպեսզի հնարավոր լինի խոշոր, երբեմն ստվերային գումարներ ներգրավվել ընտրական գործընթացներում, խնդրահարույց է դառնալու թե իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերի համար․ այս կարծիքին է հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը։
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած՝ «Ո՞վ է ֆինանսավորում քաղաքականությունը․ ռիսկեր՝ ընտրություններից առաջ» թեմայով, քննարկման ժամանակ իր կարծիքը նա այսպես հիմնավորեց․ «Խոշոր ֆինանսական ռեսուրսները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից եւ դառնում են անկառավարելի։ Ֆորմալ առումով հնարավոր է ձեւական փաստաթղթեր կազմել, բայց իրականությունն ավելի բարդ է դառնում»։
Հիշեցնենք, 2024 թվականի ԸՕ-ի փոփոխություններով բարձրացվել է նվիրատվությունների շեմը․ նախկին 2,5 միլիոն դրամի փոխարեն, մեկ ֆիզիկական անձն այժմ 10 միլիոն դրամ նվիրատվություն կարող է անել։ Ի դեպ, հաշվետվությամբ միայն անուն ազգանում է պահանջվում, այլ նույնականացնող տվյալներ պետք չեն։
Արտակ Քյուրումյանը տեխնիկապես հնարավոր է համարում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացահայտի պատճառահետեւանքային կապերը․ եթե հետաքննող լրագրողները կարողանում են դա անել, ապա պետական այդ մարմինը, որը առավել լայն լիազորություններ եւ հնարավորություններ ունի, կարող է։ Եթե չկան այդպիսի քայլեր, խնդիրը ցանկության բացակայությունն է կամ կարողությունների սակավությունը։
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, նման փոփոխությունները, ըստ նրա, կասկածներ են առաջացնում․ «Այնպես չէ, որ մարդիկ հերթ էին կանգնել այս կամ այն կուսակցությանը 8-9 միլիոն դրամ նվիրելու եւ օրենքը խանգարում էր»։
Բանախոսի համոզմամբ, անհրաժեշտ են նաեւ լրացուցիչ նույնականացման մեխանիզմներ․ «Նույնականացման կոնկրետ մեխանիզմներ կան, միայն անուն-ազգանունը բավարար չէ, դրանք երկուսն էլ մարդը կարող է փոխել»։
Քաղաքագետ Տիգրան Մուղնեցյանն էլ վիճելի պնդում է համարում այն, որ քաղաքական դաշտը ամբողջությամբ բիզնեսից է ֆինանսավորվում, բայց ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԸՕ-ի փոփոխությունների 1,5 տարի քննարկված նախագծում ֆինանսական շեմի բարձրացում նախատեսված չէր։ Այն հանկարծակի ի հայտ եկավ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։ Բարձրացվել են ոչ միայն ֆիզիկական անձանցից նվիրատվությունները, այլ նախկին 500 միլիոն դրամի փոխարեն, այժմ կուսակցությունը կարող է 1 միլիարդ դրամ նվիրատվություն ստանալ տարեկան եւ օրենքում հիմնավորումներ չկան։
«Բացի իշխանություններից այլ սուպերհարուստ ուժեր կան։ Կան ուժեր, որոնք ամբողջությամբ բիզնես-օլիգարխիկ պատմություն ունեն, ուստի շատ դժվար է ասել, որ միայն իշխանությունն է ակնկալիքներ ստեղծում։ Բայց որ սա դեպի մեծ փողեր եւ հարուստների համար ավելի լայն հնարավորությունների է տանում, միանշանակ է»,- ասաց նա։
Իր բնութագրմամբ, ֆինանսական շեմի բարձրացումը խնդիրներ է ստեղծում քաղաքացիների կողմից քաղաքականության վրա ազդեցությունների տեսանկյունից։ Այսինքն, երբ քաղաքական նվիրատվությունները նման մեծ շեմ են ունենում, ապա քաղաքականության վրա ազդեցությունը հարուստների դաշտում է հայտնվում, ինչը հետագայում նաեւ կարող է ազդեցություն ունենալ ընտրված մարմինների վրա․ եթե ոչ ուղղակիորեն շահեր են սպասարկվելու, ապա ոչ ֆորմալ, ոչ ինստիտուցիոնալացված լոբբինգի ազդեցություն կլինի։
Թափանցիկության առումով մեկ այլ խնդիր էլ է տեսնում բանախոսը․ «Նախընտրական հիմնադրամին նվիրատվություններ կարող են անել միայն կուսակցությունները։ Չի իմացվելու, թե ովքե՞ր են այդ գումարները կուսակցություններին փոխանցել եւ ինչպե՞ս են գոյացել դրանք»։ Ի դեպ, սահմանաչափը 800 միլիոն դրամ է։ Բացի այդ, համոզված է՝ վերահսկող մարմիններն էլ են խնդիր ունենալու։ Հիմնական վերահսկողական ֆունկցիան անցնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը ուսումնասիրություններ է կատարելու մեկ տարի անց։ Այսինքն, հանրությունը այդ գումարների մուտքերի, դրանց օրինականության կամ խնդրահարույց լինել-չլինելու մասին կիմանա 2027 թվականին։
Բանախոսները հարստությունն ինքնին խնդիր չեն համարում, հարուստ մարդիկ էլ կարող են քաղաքական հավակնություններ ունենալ, դա էլ նորմալ է։ Խնդիրները՝ գումարների մաքրության հետ են կապված, իսկ այժմեական հարուստների գումարների թափանցիկության հարցերը ոչ վաղ անցյալում են եւ խիստ կասկածելի։ Իսկ առհասարակ, Արտակ Քյուրումյանի բնութագրմամբ, ընտրությունները գաղափարների պայքարից վերածվել են ֆինանսական ռեսուրսների պայքարի։ Տիգրան Մուղնեցյանն էլ խնդիր է համարում այն, որ դեռ գրանցված քաղաքական ուժեր չկան, բայց այդ ուժերի անվանումներով բաներներ կան, քարոզարշավ է իրականացվում․ անուններ նա չցանկացավ տալ։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































